«Հակագազ չունեմ, յոդ, բնականաբար, կա, սոդան՝ տնային տնետեսուհուն է պետք հարցնել». Հունան Պողոսյանը հեղափոխությա՞ն է պատրաստվում
ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցն ընդունում են որպես աշխատանքային փաստաթուղթ:
«Գիտեք, որ մենք սերտորեն համագործակցում ենք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ՝ կոնկրետ դեպքերով, կոնկրետ ահազանգերով: Շատ կարևորում ենք իրենց աշխատանքը, դրա համար էլ սերտորեն համագործակցում ենք, և իրենց կողմից հնչեցված ցանկացած հարցի մենք անպայման արձագանքում ենք: Ինչ վերաբերում է ընդհանուր ներկայացրած փաստաթղթին, իհարկե, փաստաթղթին ծանոթ ենք: Իհարկե, փաստաթուղթը մեզ համար շատ կարևոր նշանակություն ունի: Գիտենք, որ փասատթղթում ներառված են նաև դիտողություններ Ոստիկանության հասցեին: Ես ասեմ՝ Ոստիկանության ղեկավարության դիրքորոշումն այդ հարցով: Միշտ բարձրաձայնել ենք, որ երևի թե մեզ մոտ առկա պրոբլեմները մեզ ավելի տեսանելի են, քան ցանկացած այլ մարդու կամ այլ կազմակերպության: Ինչ վերաբերում է ընդհանուր փաստաթղթին, այն դիտում ենք որպես աշխատանքային փաստաթուղթ, և որ ամենակարևորն է՝ մեր հասարակության մտահոգություններն արտահայտող փաստաթուղթ: Եվ հետևապես, գիտակցելով, որ մեր աշխատանքում շատ դեպքեր կլինեն, որ տարընթերցումներ կլինեն, տարբեր ընկալումներ կլինեն՝ ելնելով նաև ոստիկանության աշխատանքների առանձնահատկություններից, մենք, միևնույնն է, շատ ենք կարևորում փաստաթուղթը»,- ասաց Հունան Պողոսյանը:
Անդրադառբնալով «Հիմնադիր խորհրդարանի» անդամների հետ կապված քրեական գործին՝ Հունան Պողոսյանն ասաց, որ քրեական գործի վերաբերյալ տեղեկատվություն կարող ենք ստանալ ՀՀ Քննչական կոմիտեից: Նրա խոսքով՝ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ոստիկանության աշխատակիցներն իրավապահներին օգնություն են ցուցաբերել խուզարկությունների կատարման ընթացքում: Հարցին՝ եթե Ձեր տունը խուզարկեն՝ սոդա, դանակներ, հանքային ջրի շիշ կհայտնաբերե՞ն և արդյոք կարելի՞ է դրանից ենթադրել, որ ինքն էլ է պատրաստվում հանրահավաքի, Հունան Պողոսյանը պատասխանեց. «Եթե ես կդառնամ որևէ քրեական գործի սուբյեկտ, խնդրեմ՝ թող խուզարկեն»:
Հարցին՝ ինչո՞ւ ոստիկանությունը քաղաքապետարանին չի տեղեկացրել, որ քրեական գործ կա հարուցված, և քաղաքապետարանն էլ արտոնել էր ապրիլի 24-ին կայանալիք հավաքը, Հունան Պողոսյանը պատասխանեց, որ քրեական գործի հարուցումը ոստիկանության կողմից չի եղել: Հարցին՝արդյոք «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին առաջադրված մեղադրանքը բավարար հիմքեր ունե՞ր, Հունան Պողոսյանը պատասխանեց. «Հարցերն ուղղեք Քննչական կոմիտե: Ըստ ինձ՝ այո»:
Հարցին՝ արդյոք տանը հակագազ, յոդ և սոդա կա՞, Հունան Պողոսյանը պատասխանեց. «Հակագազ չունեմ, յոդ, բնականաբար, կա, սոդան` տնային տնետեսուհուն է պետք հարցնել, տեղյակ չեմ»: Հաջորդ հարցին՝ հեղափոխությա՞ն եք պատրաստվում, Հունան Պողոսյանը պատասխանեց. «Իհարկե, ոչ»: