«Ներդրումների համար բարենպաստ միջավայր ու մթնոլորտ է պետք ձևավորել»

Վերջին շրջանում մամուլում ակտիվորեն լուրեր են շրջանառվում ՀՀԿ-ական պատգամավորներին պատկանող բիզնեսներում հարկային ստուգումների մասին: Աշոտ Աղաբաբյանի և Հակոբ Հակոբյանի հետ միասին, որոնք հարկայինի ակտերը բողոքարկել են դատարանում, նշվում էր նաև ՀՀԿ խմբակցության անդամ Գարեգին Նուշիկյանի անունը, որ ստուգվում է նրան պատկանող «Նուշիկյան ասոցիացիան», խախտումներ են հայտնաբերվել, բայց պատգամավորը դատարան չի դիմելու: Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք Գարեգին Նուշիկյանի հետ:

– Պարոն Նուշիկյան, ի՞նչ է կատարվում «Նուշիկյան ասոցիացիայում», ի՞նչ հարկային ստուգումներ են, խախտումների հարցը կպարզաբանե՞ք:

– Ես բազմիցս առիթ ունեցել եմ որոշ լրատվամիջոցների այդ հարցին պատասխանելու: Մամուլում շատ է շրջանառվում, որ մեր կազմակերպություններում ստուգումներ են իրականացվում, սակայն դա չի համապատասխանում իրականությանը, մեր կազմակերպություններում ստուգումներ չեն իրականացվում: Տեղեկությունը հնացած է, ստուգումներ անցած տարի են եղել: Ընդ որում` այն կոնտեքստում, որ հարկային մարմինները տարեկան մոտ 1000 կազմակերպություններում ստուգումներ են իրականացնում, որոնցից մեկն էլ մեր կազմակերպությունն է եղել: Եվ, ընդհանուր առմամբ, արտառոց ոչինչ չկա, որ կազմակերպությունում ստուգումներ են արվում:

Այլ հարց է, թե այդ բոլոր ստուգումներն օբյեկտի՞վ են իրականացվում, թե՞ սուբյեկտիվ: Մասնավորապես` խոսք գնաց երկու կազմակերպությունների մասին, որոնց գործերը գտնվում են դատարանում: Մարդիկ համաձայն չեն գրված ակտերի հետ, գտնում են, որ սուբյեկտիվ են գրվել, և բողոքարկել են դատարանում: Բայց երբ խոսքը գնում է հարկային ստուգումների արդյունքում գրված ակտերի կամ իրավախախտումների մասին, և եթե որևիցե կազմակերպության նկատմամբ ստուգումների արդյունքում կիրառվում են տույժեր ու տուգանքներ, դա բացարձակ չի նշանակում, որ այդ կազմակերպությունն օրինախախտ է, կամ կանխամտածված հարկեր է թաքցրել:

Այդ խախտումները բազմատեսակ են լինում` անուշադրության, օրենքների հաճախակի փոփոխությունների արդյունքում հաշվապահի չիմացության, բացթողումների հետևանքով և այլն: Եվ այդ ակտերը չեն նշանակում, որ կազմակերպությունը չարաշահել է: Հարկային մարմիների մոտեցումը չի կարելի գնահատել, թե միտումնավոր ստուգում են իրականացրել և միտումնավոր տույժ-տուգանքներ են գրվել:

– Հարկային ստուգումների շուրջ այս աղմուկը բարձրացավ նրանից հետո, երբ միլիոնավոր տուգանքների ենթարկվեցին հատկապես իշխանական թևի ներկայացուցիչների, մասնավորապես՝ ՀՀԿ-ական պատգամավորների կազմակերպությունները: Նաև հիշում ենք, որ շուտով մեկ տարին կլրանա, որ վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո Հովիկ Աբրահամյանը հրավիրեց գործարարներին ու ստվերից դուրս գալու անհրաժեշտության մասին խոսեց: Ըստ Ձեզ` Հարկայինի կողմից այս խստացումը վարչապետի հրավիրած հավաքի շրջանակներո՞ւմ է: Այսինքն, դաշտը խստացվել է բոլորի՞ համար, և ո՞չ թե` միայն ոչ իշխանականների:

– Կարծում եմ՝ այո: Ի՞նչ նշանակություն ունի` իշխանակա՞ն թևի գործարարներ են, թե՞ ոչ: Եթե այդպես մոտենանք հարցին, ապա բոլոր գործարարներն էլ իշխանական թևի գործարարներն են: Եթե այդպես լինի, ուրեմն ոչ մեկի մոտ պետք է ստուգումներ չիրականացվե՞ն: Ուղղակի մեկի մոտ ստուգման արդյունքում ինչ-որ խախտումներ հայտնաբերվում են, դա օրինաչափ է, մյուսի մոտ օրինաչափ չէ, համաձայն չեն լինում մարդիկ, կամ հայտնաբերվում է, մարդիկ ընդունում են, որ սխալ է տեղի ունեցել:

Օրինակ` 2-3 տարի առաջ մեր կազմակերպության հետ կապված անշարժ գույքի առքուվաճառքի ժամանակ կադաստրային արժեքից անհասկանալի պատճառով ցածր էր ձևակերպվել վաճառքը, Հարկայինը դա հայտնաբերեց, և մեր կազմակերպությունն ընդունեց, որ դրանով վնաս է պատճառվել պետությանը, ու բոլոր տույժ-տուգանքները վճարեց: Բայց լինում են դեպքեր, որ հարկային մարմիններն ինչ-ինչ թերացումների հետ կապված խնդիրներ են առաջացնում և դրա վրա ակտ են գրում այն պարագայում, երբ կազմակերպությունն իր գործողություններով պետությանը ոչ մի վնաս չի պատճառել:

Այդ առումով մաքսային ծառայությունների հետ կապված օրենք ընդունեցինք, որ եթե մաքսային ձևակերպումների ժամանակ սխալ է տեղի ունենում, բայց որը վնաս չի պատճառում պետությանը, դա չի համարվում օրինախախտում: Հարկայինի դեպքում դա, ցավոք, այդպես չէ:

Ինչ վերաբերում է մեկ տարի առաջ վարչապետի ու գործարարների հանդիպմանը, այո, բնականաբար, նշանակություն չունի, թե ով է, բոլորը պետք է նորմալ աշխատեն, նորմալ հարկեր վճարեն: Ուղղակի գործարարների մոտ էլ վստահություն պետք է լինի, որ այդ մոտեցումը հավասարաչափ բոլորի հանդեպ է: Անվստահության խնդիրն է երևի, որ շատ գործարարների մոտ դժգոհություններ է առաջացնում, նույնիսկ այն պարագայում, երբ օրինախախտումն իրականում տեղի է ունեցել: Այլ հարց է, որ մարդիկ համաձայն չեն լինում տույժ-տուգանքների հետ, դա դատարանն է որոշում: Այն դեպքերում, երբ նույնիսկ մոտեցումն օբյեկտիվ է, անվստահության պահն է, որ տնտեսվարողներին թվում է, թե մոտեցումը սուբյեկտիվ է: Ես կողմնակից եմ՝ բոլորը պետք է աշխատեն հարկային դաշտում և վճարեն հարկերը:

Ամեն դեպքում նշված հանդիպումից հետո փոփոխություն կա, որովհետև անգամ հարկային մուտքերի առումով ունենք բավականին աճ: Ուղղակի այս տարի, օբյեկտիվ պատճառներից ելնելով` դա մի քիչ չի երևում, բայց նախորդ տարի այդ աճն ակնհայտ էր: Հիմա գիտենք, որ ընդհանուր տնտեսական վիճակը ծանր է, և բյուջեի համալրման խնդիր ունենք:

Դրանից ելնելով` ինչ-որ տեղ` նաև սուբյեկտիվ կերպով, հարկային մարմիններն իրականացնում են գործողություններ, քանի որ իրենք էլ իրենց խնդիրն ունեն, որ պետք է բյուջեի մուտքային մասն ապահովեն, որպեսզի ծախսային մասն ապահովվի: Դրա համար տնտեսվարողների մոտ դժգոհությունը մի քիչ ավելի շատ է, քանի որ, երևի թե հարկային մարմինները մի քիչ չոր են մոտենում նմանատիպ հարցերին:

– Վարչապետի նշանակումից հետո տարին բավականին ծանր էր, առավել ևս` ԵՏՄ-ին անդամակցելուց հետո: Անցած ժամանակաշրջանում ի՞նչ գնահատական կտաք կառավարության գործունեությանը:

– Նախ` ասեմ, որ վարչապետը երբ ստանձնեց պաշտոնը, իրավիճակն արդեն բավականին ծանր էր, և կրկին այդ ծանրությունը կախված էր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից: Հիմա, բնականաբար, դեպի ավելի լավը չենք գնացել, տնտեսությունը, հայտնի պատճառներով, զարգացում չի ունեցել: Դրանցից ամենակարևորը կապված է Ռուսաստանի հետ և լեռնամետալուրգիական, հանքարդյունաբերության արտադրանքի գների կտրուկ անկման հետ, որի պատճառով Հայաստան շատ ավելի քիչ տարադրամ է մուտք գործում, ինչի հետևանքով էլ ծանրանում է մեր տնտեսության վիճակը:

Բացի այն, որ հանքարդյունաբերության ապրանքների գներն ընկել են, բարդ իրավիճակ է արտահանման ոլորտում: ՀՀ-ն հիմնականում արտահանում է վերամշակված գյուղմթերք, որի 85-90%-ն ուղարկվում է Ռուսաստան, որտեղ ռուբլու նկատմամբ դոլարը գրեթե 100% արժևորվեց, և մեր ապրանքներն այնտեղ դարձան անմրցունակ: Նաև ՌԴ տնտեսվարողներն ուզում են ապրանքը ձեռք բերել ռուբլով, իսկ քանի որ ռուբլին անկայուն է, մեր արտահանողների համար դա շատ մեծ ռիսկային պոտենցիալ է պարունակում: Այդ առումով արտահանումն էլ է մեզ մոտ շատ ու շատ ծանր վիճակում: Մյուս կողմից՝ մեր արտագնա աշխատողների եկամուտները նվազել են դոլարային արտահայտությամբ, որովհետև հիմնական մասը ՌԴ-ի շուկան է, որտեղ վարձատրվում են ռուբլով: Իսկ ի՞նչ է արվել: Համենայն դեպս, շատ փորձեր են արվում ինչ-որ բան անելու:

Օրինակ` շրջանառության հարկը, ճիշտ է, երկու փուլով կարգավորվեց, բայց, այնուամենայնիվ, կարգավորվեց, կառավարությունը գնաց ընդառաջ ՓՄՁ հարկով հարկվող ձեռնարկությունների պահանջ-խնդրանքին, որտեղ կային օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ, բայց կառավարությունը գնաց այդ քայլին, և ընդունվեց օրենք, որը բավարարեց մեծամասնությանը: Շահութահարկի մասին օրենք ընդունեցինք կառավարության հետ միասին, որը մեր հաշվարկներով` պետք է արտահանման ծավալներն ավելացներ, բայց մենք նորից գնում ու դեմ ենք առնում դրամ-դոլար փոխարժեքի խնդրին, որն այսօր համարժեք չէ մեր հարևան երկրներին: Օրինակ` Վրաստանում արժեզրկումն ավելի մեծ տոկոս կազմեց, քան մեզ մոտ, նույնը` Ռուսաստանում, Ղազախստանում, ԵՏՄ մյուս երկրներում է: Ընդհանրապես, եվրոն ևս արժեզրկվեց դոլարի համեմատ, և այդտեղ էլ մենք դեպի Եվրոպա արտահանվող արտադրանքի մեջ խնդիրներ ունեցանք:

Համենայն դեպս, քայլեր արվում են, շատ ծանր է իրավիճակը, շատ դժվար է գտնել երկարաժամկետ լուծումներ: Այսօր աշխարհում գլոբալ գործընթացներ են տեղի ունենում, նույն Ուկրաինայի դեպքերը, աֆրիկյան երկրներում շատ անհանգիստ վիճակ է, Սիրիայում դրությունը, այսինքն` շատ ծանր ժամանակներ ենք ապրում, և գտնել այնպիսի որոշումներ, որ երկարաժամկետ կտրվածքով կտան դրական արդյունքներ, շատ ծանր է: Վարչապետի նշանակումից կարճ ժամանակ է անցել, 1 տարին շատ քիչ է, առավել ևս` այդ մեկ տարում փորձում ենք բռնկվող կրակները հանգցնել: Շատ լուրջ խնդիր ունենք «Նաիրիտի» հարցում, որ վարչապետի վրա ծանրացել է և գլոբալ լուծումներ ու ներդրողներ է պահանջում: Աշխատանքներ արվում են, կարծում եմ, կկարողանանք դուրս գալ այս իրավիճակից:

– Վերջերս Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, թե ՀՀ տնտեսությունը դեֆոլտի առջև է հայտնվել: Հովիկ Աբրահամյանը ևս իր մտահոգությունները հայտնեց այդ թեմայով լրագրողների հետ զրույցում, բայց նաև ասաց, որ քայլեր արվում են, և այս տարվա ընթացքում արդյունքները կերևան: Դուք ի՞նչ եք կարծում:

– Կարծում եմ, որ ինչ-որ դրական տեղաշարժ կլինի, համենայնդեպս, հույս ունեմ, որ անկում չենք ունենա: Ինչ վերաբերում է դեֆոլտին, ապա դա պարզ հաշվարկների հետևանք է, որ պարտքերը որոշակի տոկոսից բարձրանում են, ՀՆԱ/պարտք հարաբերակցությունը փոխվում է, ռիսկայնությունն ավելանում է:
Մյուս կողմից, ի տարբերություն նախորդ տարիների, տարեկան մոտ 1-1.5 մլրդ դոլար ավելի քիչ գումար է գալիս Հայաստան: Այդ ճեղքվածքը պետք է ինչ-որ կերպ փակվի: Դրա համար կառավարությունը գնաց ոչ ցանկալի, բայց պարտադրված քայլի` եվրոբոնդերի լրացուցիչ թողարկման` բավականին բարձր տոկոսով:

Վիճակը, իհարկե, շատ ծանր է, պետք է փնտրենք, ներդրումներ գտնենք: Այստեղ Իրանի պատժամիջոցների վերացման հարցը կարող է շատ օգնել, որ երկաթգծի կառուցման և այլ ծրագրերն իրականացվեն, չինացիները բավականին հետաքրքրություն ունեն Մետաքսի ճանապարհի հետ կապված: Տեսեք, պետք է կարողանանք այնպիսի միջավայր ու մթնոլորտ ձևավորել, որ ներդրումների համար բարենպաստ լինի, մարդկանց մոտ վստահություն լինի, որ մարդիկ ներդրումներ անեն: Ուրիշ ճանապարհ ես չեմ տեսնում: Ինչքա՞ն կարող ենք պարտքով ապրել, ինչքա՞ն կարող ենք բարձր տոկոսներով պարտք վերցնել: Ներդրումների խնդիրը պետք է կարողանանք լուծել: Իսկ քանի որ շուկան փոքր է, մեծ ներդրումներ կարող ենք ակնկալել միայն այն պարագայում, եթե դրանք կատարվեն այնպիսի ոլորտներում, որ հետագայում հնարավորություն կտան արտահանումներ իրականացնել Ռուսաստան, Վրաստան, Իրան և այլուր:

Տեսանյութեր

Լրահոս