Բաժիններ՝

Գալակտիկաների նորահայտ գանձարանը

Եվրոպական տիեզերական երկու առաքելությունների` Պլանկի (Planck) և Հերշելի (Herschel) անվան ուղեծրային աստղադիտակների տվյալների հիման վրա հեռավոր Տիեզերքում հայտնաբերվել են գալակտիկաների ամենածեր և հազվագյուտ կույտեր: Պլանկի համերկնային պատկերները բացահայտել են պայծառ գալակտիկաների փնջեր, մինչդեռ Հերշելի տվյալները գիտնականներին թույլ են տվել այդ գալակտիկական գոհարներն ավելի ուշադիր զննել և հաստատել այդ հայտնագործությունը:

ՆԱՍԱ-ն առանցքային դեր է խաղացել Պլանկի և Հերշելի առաքելություններում: Գիտական սարքավորումները և ստացված տվյալներն երկու առաքելությունների համար էլ մշակվել են Կալիֆորնիայի Փասադենա քաղաքում գտնվող ՆԱՍԱ-ի Ռեակտիվ շարժիչների լաբարատորիայում (NASA Jet Propulsion Laboratory): Ինչպես նախատեսվում էր այդ առաքելություններն ավարտվել են 2013թ.: Արդյունքները կհրապարակվեն  եվրոպական հեղինակավոր «Աստղագիտություն և աստղաֆիզիկա» ամսագրում:

«Նման կենտրոնացված խմբերում ինտենսիվ աստղառաջացում ունեցող և փոշով հարուստ այսքան շատ գալակտիկաներ գտնելը մեծ անակնկալ է»,-ասում է Էրվե Դոուլը` Ֆրանսիայի Տիեզերական աստղաֆիզիկայի ինստիտուտի զեկույցի առաջատար հեղինակը: «Կարծում ենք, որ հենց սա էր պակասում տիեզերաբանական կառուցվածքի ձևավորման պատկերը լիովին ըմբռնելու համար»:

Աստղերն ու գալակտիկաները զարկ են տվել վաղ Տիեզերքի կյանքին` միայն ավելի ուշ հավաքվելով մեծ կույտերում: Երբ կույտերը ձևավորվել են, նյութի ահռելի քանակները տրոհվել են գրավիտացիայի ազդեցության տակ` խթանելով նոր աստղերի և գալակտիկաների ձևավորումը: Թաքնված զանգվածը`տիեզերական «սովորական» նյութին իր զանգվածով զգալիորեն գերազանցող հանելուկային նյութը, խառնվել է աստղերին ու գալակտիկաներին` այսպիսով նպաստելով ուղղորդել աստղառաջացման գործընթացը: Սակայն դեռևս առեղծված է, թե ինչպես են այդ խոշոր կույտերն ի վերջո միավորվել և աճել:

Կարդացեք նաև

Այս նոր բացահայտումներն աստղագետների առջև նոր պատուհան են բացում դեպի Տիեզերքի վաղ փուլերը`մեզանից մոտ 10-11 միլիարդ տարի առաջ: Հայտնաբերվել է շուրջ 200 թեկնածու օբյեկտ, որոնցից շատերի պատկերներն ավելի մեծ են երևում շնորհիվ նրանց առջև ընկած այլ գալակտիկաների` գրավիտացիոն ոսպնյակ կոչվող երևույթի, միջոցով:

Galakt

Այս գալակտիկական գոհարները գտնելու համար աստղագետները սկզբում հետազոտեցին Պլանկի համերկնային քարտեզները` փնտրելով ենթամիլիմետրական ալիքային տիրույթում առավել լուսատու հեռավոր աղբյուրները: Հերշելը դիտում է ենթամիլիմետրական և հեռու ենթակարմիր տիրույթում, և համապատասխան տվյալները օգտագործվել են դիտված թիրախների ուսումնասիրության համար: Արդյունքները ցույց են տալիս, որ որոշ օբյեկտներ գրավիտացիոն ոսպնյակով պայծառ, երիտասարդ գալակտիկաներ են, իսկ մյուսները նոր աստղեր առաջացնող գալակտիկաների կույտեր են:

Ըստ հետազոտական խմբի, առջևում դեռևս հարուստ գիտական արդյունքներ են սպասվում:

«Նույնիսկ համակցելով Պլանկի և Հերշելի հզոր հնարավորությունները, մենք միայն մակերեսորեն ենք ուսումնասիրում Տիեզերքի պատմության այս վճռորոշ ժամանակաշրջանում տեղի ունեցող երևույթները, երբ աստղերը, գալակտիկաները և կույտերն ըստ երևույթին միաժամանակ էին ձևավորվում», – ասում է Ջորջ Հելոուն` Փասադենայում գտնվող Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի (Caltech) մշակման և վերլուծության ենթակարմիր կենտրոնի տնօրենը: «Ահա պատճառներից մեկը, որն այս հայտագործությունը դարձնում է գրավիչ: Այն ցույց է տալիս, թե դեռևս որքան բան կա բացահայտելու»:

Ուսումնասիրությունը նաև ընդգրկել է ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության և Նիդեռլանդների նախկին առաքելության` Ենթակարմիր աստղագիտական ​​արբանյակի (IRAS) տվյալները:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոնա Ֆարմանյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս