Եվրոպական խորհրդարանն այսօր քննարկելու է Հայոց ցեղասպանության հարցը
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանն այսօր քննարկելու է Հայոց ցեղասպանության հարցը: Ակնկալվում է, որ Եվրոպական խորհրդարանը կոչով կդիմի Թուրքիային ու Հայաստանին՝ կարգավորելու համար փոխհարաբերությունները:
ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինիի խոսնակ Մայա Կոչիյանչիչը հայտարարել է, որ իրենց դիրքորոշումն այդ հարցում հստակ է և որ հաշտեցումը եվրոպական արժեքների հիմքերից մեկն է. «Հնարավոր է կարճ ժամանակահատվածում կարգավորել Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունները, ինչը շատ կարևոր է:
Չնայած նրան, որ կյանքի չկոչվեցին մի քանի տարի առաջ ստորագրված արձանագրությունները՝ դրանց կարիքը դեռ կա և արձանագրությունները կյանքի կոչելու դեպքում կշարունակվի կարգավորման գործընթացը: Պատմական հարցերն անհրաժեշտ է քննարկել հաշտեցման ոգուն համապատասխան, բաց և հանգիստ ձևով և գտնել լուծման բանալին»
Ընդգծվում է, որ Եվրոպական խորհրդարանի քաղաքական տարբեր խմբերի միջև բանավեճեր են ծավալվելու Հայոց ցեղասպանության շուրջ, ինչից հետո կատարվելու է քվեարկություն: