Գառնիկ Իսագուլյանը բացում է փակագծերը
Երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց էր տվել, որում ևս մեկ անգամ նշել է, թե ինքը կապ չի ունեցել ԲՀԿ-ի հետ և միայն լավ հարաբերությունների մեջ է եղել Գագիկ Ծառուկյանի հետ:
«Ես լավ հարաբերություններ ու շփումներ ունեի Գագիկ Ծառուկյանի հետ, սակայն կուսակցության և նրա ղեկավարի հետ համագործակցության ապագա ձևաչափերի շուրջ ստվերային քաղաքական պայմանավորվածություններ չեմ ունեցել: Այդ մասին բազմաթիվ անգամ հայտարարել են ինչպես՝ ԲՀԿ, այնպես էլ՝ իմ գրասենյակի ներկայացուցիչները, և մեր մեղքը չէ, որ ոչ բոլորն են հավատացել նրանց անկեղծությանը»,- ասել է Ռ. Քոչարյանը:
Կարծիքներ կան, թե այս հարցազրույցով Ռոբերտ Քոչարյանը փորձում է «տարանջատվել ԲՀԿ-ից, քանի որ հիմա ԲՀԿ-ն պարտված ուժ է, իսկ ինքն ուզում է հեռու մնալ այդ պարտության պատասխանատվությունից»:
Այսօրվա ասուլիսի ժամանակ 168.am-ը «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանից հետաքրքրվեց՝ արդյոք ինքն է՞լ է մտածում, որ Ռ. Քոչարյանը փորձեց տարանջատվել ԲՀԿ-ից ու հեռու մնալ պարտության պատասխանատվությունից: Ի պատասխան՝ Գ. Իսագուլյանն ասաց, որ «Բարգավաճ Հայաստանի» ստեղծման մեջ Ռ. Քոչարյանը որևէ մասնակցություն չի ունեցել:
«Ես մի անգամ ևս կրկնեմ, որ ՀՀ-ում կուսակցություններ, որպես այդպիսին, ձևավորված չեն, և դա ոչ թե գալիս է ներկա փուլից, այլ գալիս է հենց 1988 թվականից, երբ շարժում սկսվեց, չէին ձևավորվում կուսակցությունները՝ բացի Հայ Հեղափոխական Դաշնակցությունից, որը դրսից եկավ Հայաստան և կարողացավ իր ավանդական ձևով որոշակի կառույցներ ստեղծել, որը, ցավոք սրտի, հետագայում նորից շատ մեծ կախման մեջ եղավ՝ ինքնաբավության առումով: Հարց կար, որ կուսակցություններ ձևավորվեին, շատերն էին գալիս-առաջարկում, որովհետև մեզ մոտ միշտ թվում է, թե երկրի նախագահը պետք է զբաղվի կուսակցությունների ձևավորմամբ:
Քոչարյանն ասում էր՝ ինչ ուզում եք՝ արեք: Գիտեք, որ աշխատակազմի ղեկավար պարոն Արտաշես Թումանյանն էլ նախաձեռնեց ինչ-որ բան: Նախագահը հստակ ցուցում էր տվել, թե՝ ինչ ուզում եք՝ արեք, բայց պետական ռեսուրս չօգտագործեք: Գիտեք, որ պարոն Թումանյանն աշխատակազմին փորձեց ներգրավվել, արդյունքն ինչ եղավ: Պարոն Ծառուկյանը ոչ ՀՀ նախագահի առաջարկությամբ, այլ միանգամայն ուրիշ մարդու առաջարկությամբ (ես ուղղակի այդ մարդու անուն-ազգանունը չեմ ասում, բավականին բարձրաստիճան պաշտոնյա է), միասին նախաձեռնեցին կուսակցության ստեղծում: Ուղղակի իրենց հաջողվեց, որովհետև պարոն Ծառուկյանը չէր խնայում անձնական միջոցները կուսակցություն ձևավորելու հարցում»,- ասաց նա:
Գ. Իսագուլյանը պատմեց, որ Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի հարաբերությունները նորմալ էին, և բոլորի մոտ տպավորություն էր, որ այդ կուսակցությունը ձևավորում է Ռ. Քոչարյանը. «Պարոն Քոչարյանի հարցազրույցում էլ է նշվում, որ, եթե ԲՀԿ-ն իրեն սատարեր, կամ ինքը լիներ ԲՀԿ-ի թիկունքում, որպես այդպիսին՝ եռյակ, այս ֆորմատով չէր ձևավորվի: Ավելի բացեմ փակագծերը (չնայած ես իրավունք չունեմ մեկնաբանելու ՀՀ երկրորդ նախագահի ասածը), սա նշանակում է, որ իր և պարոն Տեր-Պետրոսյանի հարաբերություններն այնպես էին, որ ինքն այդ եռյակում անելիք չէր ունենա, եթե այդ կուսակցությունն իրենը լիներ: Այսինքն՝ ինչքա՞ն կարելի է ասել, որ այդ մարդը դրա հետ կապ չունի: Նա ևս մեկ անգամ ասաց այն, ինչ բացարձակ ճշմարտություն է»: