«Իրանը կարող է լավ միջնորդ լինել` կայունացնելով տարածաշրջանը»

Հարցազրույց թուրքական «Զաման» թերթի սյունակագիր, Թուրքիայի Ռազմավարական հեռանկար քաղաքական ինստիտուտի կովկասյան տարածաշրջանի փորձագետ Մեհմետ Ֆատիհ Օզթարզուի հետ

– Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի տարվա ընթացքում հայ-թուրքական հարաբերությունները մտան անհանդուրժողականության սրացման հերթական փուլ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը որոշեց ապրիլի 24-ին տոնել Գալիպոլիի մարտերում հաղթանակի հարյուրամյակը, որի հետևանքով ՀՀ նախագահը որոշում կայացրեց ետ կանչել ՀՀ ԱԺ-ից հայ-թուրքական արձանագրությունները։ Հաշվի առնելով այս օրերին հնչող հայտարարությունները, ըստ Ձեզ, ի՞նչ է խոստանում առաջիկա ապագան հայ-թուրքական հարաբերություններին։

– Ես չգիտեմ, թե ինչու է այս գործընթացը կախված միայն քաղաքական գործիչներից։ Մենք` որպես թուրքեր և հայեր, նրանց որոշումների արդյունքում շարժվում ենք խորդուբորդ ճանապարհներով։ Մի օր Էրդողանը որոշում է հավաքել մարդկանց ապրիլի 24-ին մեկ այլ թեմայի շրջանակում, բայց անդրադառնալով Ցեղասպանության թեմային։ Մեկ այլ օր Սարգսյանը որոշում է ետ կանչել արձանագրությունները։

Մենք պետք է մեզ հարց ուղղենք` մենք ցանկանո՞ւմ ենք խաղաղություն, թե՞ ոչ։ Եթե` այո, ապա մենք կարող ենք իրագործել դա քաղաքացիական հասարակության մակարդակում, իսկ եթե` ոչ, ապա մենք կարող ենք շարունակել մեր պատերազմը քաղաքական գործիչների «մեծ օգնության» վրա հիմնված դիսկուրսի մակարդակում։ Իմ կանխատեսումը Հայաստան և Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ լավատեսական չէ։ Կան մի քանի ագրեսիվ մոտեցումներ երկու կողմերից էլ, և ես տեսնում եմ նույնիսկ ազգայնական տրամադրությունների աճ։ Մենք պետք է ուսումնասիրենք` ինչո՞ւ է սոցիալական պահվածքը հաճախակի փոխվում։

– Այսինքն` կարգավորման հեռանկար չեք տեսնում։

– Թվում է, որ կողմերը պատրաստ չեն որևէ կարգավորման։ Երկու կողմերի համար էլ ստատուս-քվոն ընդունելի է` որպես միակ լավ ձևաչափ։

– Հայ-թուրքական արձանագրությունները, ըստ էության, դուրս են գալիս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օրակարգից, ինչը նշանակում է, որ նոր օրակա՞րգ պետք է ձևավորվի։

– Նոր օրակարգը պետք է ենթադրի երկխոսության գործընթաց ծավալելու համար քաղաքացիական ակտիվության ապահովում։ Բազում երկխոսության հանդիպումներ են կազմակերպվում Ստամբուլում և Երևանում։ Նույնիսկ հայերը կարող են կազմակերպել Ցեղասպանության մասին հանդիպումներ Բայեզիդ հրապարակում։ Սա է քաղաքացիական հասարակության հզորությունը։ Բայց հանկարծ քաղաքական գործիչը միջամտում է իր դիսկուրսով, և բոլոր կամուրջները տապալվում են։ Այո, խաղաղ գործընթացի համար կա երկու ճանապարհ` քաղաքացիական հասարակություն և քաղաքական օրակարգ։ Որոշումը մերն է։

– Նախորդ տարի էականորեն սերտացան ռուս-թուրքական հարաբերությունները` պայմանավորված Ռուսաստանի դեմ գործի դրված արևմտյան պատժամիջոցներով, էներգետիկ խոշոր ծրագրերի իրականացման համար պայմանավորվածություններ ձեռք բերվեցին։ Որոշ հայաստանցի վերլուծաբաններ պնդում են, որ այս համագործակցությունը, հաշվի առնելով նաև հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների կիսատությունը, կարող է օգտագործվել Հայաստանի դեմ` և՛ ԼՂ հակամարտության գոտում, և՛ հայ-թուրքական հարաբերություններում։ Որքանո՞վ են, ըստ Ձեզ, իրատեսական և հիմնավորված այս մտավախությունները։

– Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները հիմնականում վերաբերում են էներգետիկ և առևտրային հարցերին։ Թուրքիան ամբողջությամբ կախված է Ռուսաստանից բնական գազի ոլորտում, ինչպես գիտեք։ Չգիտեմ` արդյոք կարո՞ղ է օգտագործվել «ռազմավարական գործընկերություն» տերմինը, թե՞ ոչ, բայց այս խաղում միակ հաղթողը Ռուսաստանն է։ Թուրքիան չունի ինչ-ինչ հայտարարություններով հանդես գալու քաղաքական կամք, ոչ էլ Հայաստանը։ Թուրքիան Հայաստանի դեպքում ունի արևմտյան մոտեցում, և Անկարան դա չի քննարկում Մոսկվայի հետ։ Ղարաբաղյան խնդիրն առանձին է, և Անկարան բարձրաձայնում է Բաքվին աջակցություն ցուցաբերելու իր պատրաստակամության մասին, երբ թուրք-ադրբեջանական էներգետիկ և առևտրային բանակցություններ են ընթանում։

– Ըստ Ձեզ` ինչպե՞ս կանդրադառնա ատոմային գործարքը մեր տարածաշրջանի` հատկապես անվտանգության խնդիրների վրա։

– Ատոմային գործարքն ունի տարբեր հեռանկարներ մեր տարածաշրջանի համար։ Հատկապես Իրանի հարաբերություններն իր հարևանների հետ կարող է նոր տեսակի դրական միտումներ ունենալ։ Եթե մենք մտածենք թուրք-ադրբեջանա-հայկական հարաբերությունների մասին, ապա Իրանը կարող է լավ միջնորդ դառնալ կողմերի միջև` ստեղծելով կայուն համագործակցություններ, քանի որ Իրանը կարող է ստանալ ավելի մեծ արևմտյան աջակցություն, քան նախկինում։ Հույս ունեմ, որ Թեհրանը կօգտագործի այս հնարավորությունը տարածաշրջանային խաղաղության համար։ Սա մեծ թեմա է, և մենք այն կարող ենք քննարկել տարածաշրջանային խաղաղության տարբեր դիտանկյուններից։

– Վերջերս տեղեկություններ տարածվեցին, որ Դուք վեպ եք հեղինակել Հայաստանի մասին։ Ինչի՞ մասին է այն, և ո՞րն է դրա ուղերձը, նպատակը։

– Իմ վեպը` «Ֆիդայիի հեղափոխություն։ Հայաստանում կորած ժառանգությունը», առաջինն է թուրքական գրականությունում Հայաստանի մասին։ Թուրք գործակալ Ջևքեթ Սամին գաղտնի առաքելությամբ աշխատում է Երևանում` իր կորած ազգականներին գտնելու նպատակով։ Պատահական նա հանդիպում է հեղափոխական խմբի` Հայաստանում գործող «Ֆիդայի կոմիտեին», որն իր շարքերում ընդգրկում է տարբեր ընդդիմադիր քաղաքական դերակատարների` երկրում նոր իշխանություն ձևավորելու նպատակով։

Միևնույն ժամանակ` Ջևքեթ Սամին առերեսվում է Ցեղասպանության իրողություններին` իր սիրելի Ասիայի միջոցով։ Վեպը լի է ընդդիմադիր հանրահավաքների, Ադրբեջանի հետ բախումների և Ֆիդայի կոմիտեի տեղական գործողությունների տեսարաններով։ Գարեգին Նժդեհ, Լևոն Տեր-Պետրոսյան, Պարույր Հայրիկյան, հոգևոր առաջնորդ` Գարեգին II, Ալփարսլան Թուրքեշ, Ժիրայր Սէֆիլյան և մի շարք այլ թուրք և հայ դեմքեր են ներկայացված վեպում` որպես առանցքային դերակատարներ։

Ես խորհուրդ եմ տալիս իմ հայ ընկերներին, որոնք տիրապետում են թուրքերենին, կարդալ վեպը։

Տեսանյութեր

Լրահոս