
Հունգարիան դեմ է Ուկրաինային նոր օգնության մատակարարմանը

Հունգարիան ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը հավանություն չի տա նոր տասնյակ միլիարդավոր եվրոյի տրամադրմանն Ուկրաինային զենքի մատակարարման համար։ Քյս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Բրյուսել մեկնելուց առաջ։
«Մենք համաձայն չենք ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցների ռեժիմի հապճեպ երկարացմանը, մենք համաձայն չենք տասնյակ միլիարդավոր եվրոյի վճարմանը զենքի մատակարարումների համար, իսկ երբ խոսքը վերաբերում է անվտանգության երաշխիքներին, մենք հարց ենք տալիս ոչ թե այն մասին, թե անվտանգության ինչ երաշխիքներ են անհրաժեշտ Ուկրաինային, այլ այն մասին, թե անվտանգության ինչ երաշխիքներ են անհրաժեշտ մեզ՝ հունգարացիներիս», – գրել է ԱԳՆ ղեկավարը Facebook-ում:
Սիյարտոն շեշտել է, որ Բուդապեշտի համոզմամբ՝ միայն ռուս-ամերիկյան համաձայնագիրը կարող է հանգեցնել պատերազմի ավարտի։
«Մեր հիմնական շահերից է բխում, որ այս բանակցությունները պսակվեն հաջողությամբ», – ասել է նա՝ մտահոգություն հայտնելով, որ եվրոպացի լիբերալները փորձում են խափանել համաձայնության ձեռք բերումը։
Ավելի վաղ Սիյարտոն նույնպես կոչ էր արել եվրոպական երկրներին հեռանալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների ճանապարհից և չխանգարել ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Սիյարտոն նաև զգուշացրել էր, որ Հունգարիան փետրվարի 24-ին ԱԳ նախարարների հանդիպմանը հավանություն չի տա Ռուսաստանի դեմ անհատական պատժամիջոցները կես տարով երկարաձգելու որոշմանը։ Ռուսական ֆիզիկական և իրավաբանական անձանց մի մեծ խմբի դեմ պատժամիջոցների ժամկետը լրանում է մարտի 15-ին, և ԵՄ կանոնների համաձայն՝ դրանց երկարաձգման որոշումը պետք է կայացվի մինչև մարտի 10-ը, սակայն Բրյուսելն առաջարկել է նման որոշում ընդունել արդեն փետրվարի 24-ին։ Հունգարիան դեմ է նման շտապողականությանը։