Ինչո՞ւ է Ֆրանսիայի դեսպանը կրկնում Փաշինյանին

«Ռադիոլուրին» տված հարցազրույցում Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին աղմկահարույց հայտարարություններ է արել՝ կրկնելով փաշինյանական թեզը, թե Հայաստանը ԼՂ-ն Ադրբեջանի մաս է ճանաչել Ալմա Աթայի հռչակագրի ընդունման պահից։

«Այս դեբատի մեջ ես չեմ ուզում մտնել։ 30 տարուց ավելի բանակցություններ են տեղի ունեցել, որոնք, իսկապես, արդյունք չեն տվել։ Դրա ապացույցն այսօրվա իրավիճակն է։ Կարծում եմ, որ այսօր կարևոր հարցն այն է, որ խաղաղության բանակցությունները, ի վերջո, արդյունք տան, որպեսզի մարդիկ կարողանան ապրել խաղաղ և անվտանգ պայմաններում։ Կարծում եմ, որ ժողովուրդների ցանկությունը հենց սա է»,- ասել է դեսպանը։

Հարցին էլ, թե կարելի՞ է ասել, որ ինքնորոշման իրավունքը պարտվեց տարածքային ամբողջականության սկզբունքին, դեսպանը պատասխանել է՝ ասելով, որ եթե խոսվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին, ապա Լեռնային Ղարաբաղը որպես պետություն չի ճանաչվել ոչ միջազգային հանրության, ոչ էլ նույնիսկ Հայաստանի կողմից։

«Ի դեպ, Հայաստանն էլ ընդունել է, ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում Ալմա Աթայի հռչակագրի ընդունման պահից սկսած, քանի որ ԼՂ-ն Սովետական Ադրբեջանի մի շրջան էր։ Հետևաբար, նրանք, ովքեր պնդում են, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022 թվականին Պրահայում, ստում են, որովհետև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչվել Ալմա Աթայի հռչակագրի պահից սկսած։ Ի դեպ, Պրահան ընդամենը հղում է անում, հիշեցնում է Ալմա Աթայի հռչակագիրը։ Եվ այսօր հարցը հետևյալն է՝ ինչպե՞ս հասնել խաղաղության՝ արդար, կայուն, ամուր խաղաղության, որպեսզի վերացվեն Հայաստանի վրա կախված սպառնալիքները»,- ասել է դեսպանը:

Կարդացեք նաև

Ռուս կովկասագետ Ստանիսլավ Տարասովն անդրադառնալով ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի վերոնշյալ դիտարկումներին՝ 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Ֆրանսիայի դեսպանի նման պնդումն ունի երկու մոտիվացիա։

Առաջինը, ըստ նրա, տեղավորվում է Ֆրանսիայի հայաստանյան և ռեգիոնալ շահերի տիրույթում։ Նա գտնում է, որ ՀՀ ներկայիս իշխանությունների քաղաքականությունը համընկնում է Ֆրանսիայի ռեգիոնալ շահերին, ինչն էլ թերևս նշանակում է, որ Ֆրանսիան իր աջակցությունը պետք է հայտնի ներկայիս իշխանություններին։

«Գլխավորը, որը փորձել են անել ՀՀ իշխանությունները, դա ռուսական ազդեցության թուլացումն է Հայաստանում, հետևաբար՝ նաև ռեգիոնում, ինչը, բնականաբար, բխում է Ֆրանսիայի շահերից։ Այս ճանապարհին ծագած ամենախնդրահարույց հարցերում էլ Ֆրանսիան աջակցում է ՀՀ իշխանություններին։

Ֆրանսիայի համար կարևոր է այն ամենը, ինչ ռեգիոնում տեղի ունեցավ և դեռ տեղի կունենա Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքներից հետո, սակայն այնուամենայնիվ պատասխանատվություն ստանձնել նման նուրբ հարցում Ֆրանսիան չի ցանկանում։ Իսկ Պրահայի հանդիպման երրորդ և չորրորդ կողմերը Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն են։

Միշելին ներկայումս որևէ մեկն արդեն չի հիշում, թեև նա էր բանակցությունների միջնորդն այդ փուլում, իսկ Ֆրանսիան, ամենայն հավանականությամբ, չի ցանկանում, որպեսզի Պրահայի հանդիպումը դիտարկվի Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման առաջին հանգրվան, ուստի կրկնում է այն, ինչ ՀՀ իշխանություններն են պնդում, թե ճանաչումը եղել է շատ ավելի վաղուց»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։

Տարասովը չի բացառում նաև այն, որ դեսպանը պարզապես լավ ծանոթ չէ այն բանակցային պատմությունից, որը կա ԼՂ-ի շուրջ, և պարզապես կրկնում է իշխանության թեզերը։

«Թեև դա քիչ հավանական սցենար է, քանի որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրի դեսպանը նման բարդ փուլում այս առանցքային հարցերից պետք է տեղյակ լինի»,- նկատեց նա։

Տարասովը գտնում է, սակայն, որ Ֆրանսիան ճիշտ կանի՝ կենտրոնանա սեփական՝ եվրոպական խնդիրների և Եվրոպայում Ուկրաինայի հարցով կոնսենսուսի ձևավորման վրա։

«Գերմանիայում տեղի ունեցած ընտրություններով և դրանց արդյունքով ականատես ենք դառնում շատ լուրջ գործընթացի, որի մեկնարկը կարող ենք համարել Թրամփի նախագահությունը։ Մինչ ընտրություններն արդեն իսկ նման մտավախություններ կային ԵՄ երկրներում, որ իշխանություններ կփոխվեն, և դա ընդհանուր առմամբ կփոխի Արևմուտքի մեզ հայտնի աշխարհաքաղաքական կոնսենսուսն աշխարհակարգի հարցով»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս