Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է  հանձնել  Իտալիայի Հանրապետության  նախագահ Սերջո Մատարելլային:

Այս մասին հայտնում է  Իտալիայում Հայաստանի դեսպանությունը:

«Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Իտալիայի նախագահը շնորհավորեց դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց նրան առաքելության իրականացման ընթացքում: Նախագահը հույս հայտնեց, որ դեսպան Կարապետյանն իր ակտիվ գործունեությամբ էլ ավելի կամրապնդի հայ-իտալական երկկողմ բարեկամական հարաբերությունները` միաժամանակ իր աջակցությունը հայտնելով դեսպանին իր առաքելության ընթացքում»,- հաղորդել է դեսպանությունը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Կարապետյանը նախագահ Սերջո Մատարելլային փոխանցել է  ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ջերմ ողջույնները` ընդգծելով, որ Հայաստանը մեծապես շահագրգիռ է Իտալիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում սերտ համագործակցության ամրապնդմամբ: Զրույցի ընթացքում դեսպանն Իտալիայի նախագահին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության և դրա ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը, Հայաստանի կառավարության կողմից ներդրվող ջանքերը՝ խաղաղ գործընթացն առաջ մղելու ուղղությամբ:

Երկուստեք կարևորվել է  երկկողմ տնտեսական հարաբերություններին նոր խթան հաղորդելու անհրաժեշտությունը։

Դեսպան Կարապետյանը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կներդնի՝ հայ-իտալական բարեկամական հարաբերությունները և առկա համագործակցությունը առավել խորացնելու ու ամրապնդելու  ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս