Բաժիններ՝

«Գազպրոմն» արել է ինչ ուզել ու լավ է արել, որովհետև նրան զսպող ոչինչ չի եղել. Արամ Մանուկյան

Այսօր ԱԺ նիստում գազային հանձնաժողովի եզրակացության քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ գազի սակագինը կարելի է էժանացնել ու ներկայացրեց դրա համար հնարավոր տարբերակները:

Ա.Մանուկյանը նշեց, որ գազի մուտքային գինը 189 դոլար է, տեղափոխման և բաշխման հետ գազի միջին գինը սպառողի համար կազմել է 311 դոլար: Դրա մեջ 73% կազմում է գազի գինը սահմանի վրա, մնացած 122 դոլարը՝ մարժան է, որը բաշխվում է այսպես՝ 5% նախատեսված կորուստների համար՝ կազմում է 15 դոլար, 11% պահպանման և  շահագործման ծախսեր՝ 34 դոլար, 4% մաշվածության հատուցում՝ 12 դոլար, 7% շահույթ՝ 23 դոլար:

Ա.Մանուկյանի խոսքով՝ կորուստների չափը որոշվում է օրենքով, ՀԾԿՀ հանձնաժողովի որոշած մեթոդիկայով, որը մշակված է ԽՍՀՄ օրոք, թերի ու հնացած, անհեթեթ արտահայտություններ է պարունակում: Ա.Մանուկյանը նշեց, որ էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանը, շրջանցելով օրենքը, սահմանել է կորուստների հաշվարկման իր սկզբունքը՝ կախված մուտք գործող գազի քանակից, ինչը հակագիտական է. «Մեզ մոտ կորուստը հաշվում են տոկոսով, այլ երկրներում՝ խմ-ով: Այսինքն՝ ինչքան շատ մտնի գազ, այնքան շատ կկորի ու շահագրգռվածություն չկա կորուստները նվազեցնելու»: Ա.Մանուկյանը համեմատություն արեց Ուկրաինայի ու Վրաստանի իրադրության հետ, որտեղ կորուստները գնալով նվազում են, իսկ մեզ մոտ, անկախ ներդրումներից, չեն նվազում, և անգամ 2010-12թթ. 70 մլրդ ներդրումների դեպքում չեն նվազել:

«Կորուստները թիվը պակասեցնելու համար ժուլիկություն են անում՝ հաշվում են նաև ՀՀ եկող իրանական գազը»,- ասաց Ա.Մանուկյանը:

Կարդացեք նաև

Նա նշեց, որ շահույթից նվազեցվում են կորուստները և շահութահարկն է պակասում ու, քանի որ կորուստները ներառվում են սակագնում, մատակարարը շահագրիռ չի եղել կորուստների նազման գործում, հակառակը՝ նրան շահավետ է, որ կորուստները շատ լինեն, որովհետև 1.7 ծախսի դեպքում սպառողը վճարում է 1.85-ի համար:

«Գազի կորուստները 50% հնարավոր է նվազեցնել: Եվ այդ դեպքում գազի սակագինը կարող է էժանանալ 10 դոլարով»,- հայտարարեց Ա.Մանուկյանը:

Նրա խոսքով՝ 2013-ին շահագործման և պահպանման ծախսերը հաստատվել է 20 մլրդ դրամ, բայց ընկերությունն առաջարկել էր 30 մլրդ դրամ, երբ նախորդ տարին 10 մլրդ էր, այսինքն՝ 300% աճ կլիներ: Շահույթը կազմել է 14 մլրդ դրամ, բայց իրենց առաջարկած թվերի դեպքում կկազմեր 21 մլրդ դրամ, որ պետք է վճարեր ՀՀ քաղաքացին: Պատգամավորի խոսքով՝ ծախսերի մեջ տեղ են գտել այնպիսի ապրանքներ, ինչպիսին են՝ ջահեր, մեքենաներ, նկարներ, դեկորատիվ ապրանքներ, հեծանիվներ, մահճակալներ և այլն. «Հանձնաժողովը պետք է հստակ կանոնակարգեր սա, բայց չի արել: Եվ արդյուքնում «Գազպրոմն» արել է ինչ ուզել ու լավ է արել, որովհետև նրան զսպող ոչինչ չի եղել»:

Ա.Մանուկյանը ներկայացրեց «ախորժակի դրսևորման» մեկ այլ օրինակ՝ 2009-13 թթ. գյուղական համայնքների գազաֆիկացման աշխատանքների համար ծախսվել է 7.5 մլրդ դրամ, բայց 130 մլն է նպատակային եղել, այսինքն՝ միայն 7.5%-ը: 2010թ-ին օգտագործվող հիմնական միջոցների ծախսը կազմել է 70 մլն դրամ, հաջորդ տարի՝ 154 մլն դրամ, որը ներառված է սակագնի մեջ. «Ահա թե ինչու է անընդհատ ուռճացված մեր սակագինը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս