Հետաձգվել է Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ ԵԽԽՎ-ի զեկույցի կազմումը
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԽԽՎ-ի անդամ, իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտը չեղյալ է հայտարարել ապրիլի 8-9-ին պլանավորած այցը Բաքու: Այցը հետաձգվել է «չկանխատեսված հանգամանքների» պատճառով: Այս մասին նշված է ԵԽ-ի Twitter-յան միկրոբլոգում:
Ագրամունտի առաքելության պլանավորումը կապված է ԵԽԽՎ-ի՝ մարդու իրավունքների ու իրավական հարցերով հանձնաժողովի համար զեկույց պատրաստելու հետ, որի անվանումն է «Եվրոպայի Խորհրդում Ադրբեջանի նախագահությունը. ինչպիսի՞ միջոցներ են ընդունվել մարդու իրավունքները հարգելու ուղղությամբ»:
ԵԽԽՎ-ի կոմիտեն զեկույցի պատրաստման վերաբերյալ համապատասխան ցուցումն Ագրամունտին տվել է դեռևս 2014 թվականի հունիսին՝ քաղբանտարկյալների խնդիրների մասին տեղի ակտիվիստների բազմաթիվ դիմումներից հետո:
Դա համընկել էր ԵԽ-ի Նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահության մեկնարկի հետ: Ադրբեջանի նախագահության ժամանակ իրավիճակը ոչ միայն չի բարելավվել, այլև՝ վատթարացել է: Այդ ընթացքում Ագրամունտը շարունակ լռել է, և ոչ մի անգամ չի ժամանել Ադրբեջան:
Միայն այս տարվա մարտին է Ագրամունտն իր լեհ գործընկեր, ԵԽԽՎ մոնիթորինգային կոմիտեի մյուս համազեկուցող Թադեուշ Իվինսկու հետ կարճ ժամանակով եկել Ադրբեջան: Ընդ որում՝ երկու զեկուցողներն էլ խուսափել են հրապարակավ հայտարարություններից և չեն տվել մամուլի ասուլիս: