Էրդողանը հուսով է, որ Իրանը գազային զեղչ կտրամադրի Թուրքիային
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թեհրանում տեղի է ունեցել Իրանի ու Թուրքիայի նախագահներ Հասան Ռոուհանիի ու Ռեջեփ Էրդողանի հանդիպումը, ինչից հետո կազմակերպվել է համատեղ մամուլի ասուլիս: Հաղորդվել է, որ հանդիպման արդյունքներով ստորագրվել է 8 պայմանագիր:
Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ամենաթանկ գնով գազը գնում է Իրանից, և հույս է հայտնել, որ Իրանը գազային զեղչ կտրամադրի Թուրքիային. «Թուրքիան ունի իրանական գազի կարիքը ու պատրաստ է մեծացնել դրա ներկրումը՝ ընդունելի գնի դեպքում:
Իրանական գազի 90-95 տոկոսը գնում է Թուրքիան, դա շատ մեծ ծավալ է: Սակայն իրանական գազը մեղ համար ամենաթանկարժեքն է: Եթե մենք պայմանավորվենք ընդունելի գնի մասին, ապա մենք կմեծացնենք ներկրումը, քանի որ մեր երկրի զարգացած արդյունաբերությանն անհրաժեշտ է գազ:
Մենք նույնպես պետք է մեր քաղաքացիներին գազը վաճառենք խելամիտ գնով: Մենք եղբայրական երկու երկրներ ենք, և եթե մենք չկարողանանք պայմանավորվել միմյանց հետո, ապա ում հետ ընդհանրապես կարող ենք պայմանավորվել»:
Էրդողանը կարևորել է Իրաքում արյունահեղության անհապաղ դադարեցումը՝ ընդգծելով, որ խնդիրը «չի տարանջատում» սուննիների ու շիաների միջև: Հասան Ռոուհանին իր հերթին շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների ժամանակ աջակցելու համար:
Ռոուհանին ընդգծել է ներքին հակամարտություններ ունեցող տարածաշրջանային բոլոր երկրներից երրորդ կողմի դուրս գալու անհրաժեշտությունը: Էրդողանը հայտարարել է, որ իրենք քննարկել են նաև տնտեսական հարցեր՝ նկատելով, որ վերջին տարիներին նահանջ են ապրել երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները, և որ իրենք ցանկանում են լուրջ քայլեր գործադրել այդ ուղղությամբ:
Էրդողանը կարևորել է երկու երկրների միջև տրանսպորտային ու զբոսաշրջային ոլորտների խնդիրների կարգավորումը: Էրդողանը հավելել է, որ իրենք նպատակադրվել են առևտուր իրականացնել ազգային արժույթներով և չմնալ ո՛չ դոլարի, ո՛չ էլ եվրոյի ճնշման տակ: