«Բետոնե պատին Ռուսաստանի հարվածը դաժան է լինելու». Սլավա Ռաբինովիչ

Մեր զրուցակիցն է ռուսաստանցի հեղինակավոր ֆինանսիստ, Diamond Age Capital Advisors-ի ղեկավար, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընդդիմախոս Սլավա Ռաբինովիչը

– Պարոն Ռաբինովիչ, Ռուսաստանում լիբերալ թևի ամենավառ գործիչ, հետսովետական տարածքում 1990-ական թթ. լիբերալ զարթոնքի ծնունդներից մեկի` Նեմցովի սպանությունը հերթական հարվածն էր այն գաղափարներին, որոնց կրողը նաև Դուք եք։ Ինչո՞ւ են այդ արժեքներն այսօր «պարտվում»։

– Լիբերալ արժեքների պարտությունը սկսվեց և տեղի ունեցավ ողջ հետսովետական տարածքում` ոչ միայն Ռուսաստանում. Մերձբալթյան երկրները շարժվեցին բացարձակապես այլ ուղիով, իսկ այնպիսի երկրները, ինչպիսիք են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և նույնիսկ Հայաստանը` այլ։ Մենք նույնը կարող ենք ասել նաև Վրաստանի մասին, որը պարզապես վերջին տարիներին ուղղեց սխալները։ Այդ երևույթի պատճառները մի քանիսն են, որոնցից առաջինը այն, որ հեղափոխությունը, որը տեղի ունեցավ 1991թ., չեղավ բավարար խորը, ուժեղ և այն նվազագույն անհրաժեշտ գաղափարախոսությունների համակարգով, որը թույլ կտար այս երկրներին գնալ արևելյան եվրոպական երկրների ճանապարհով, որոնք ապրեցին նույն գործընթացները երկու-երեք տարի ավելի շուտ, քան հետսովետական երկրները։

Ամենամեծ պատճառներից մեկը, որ այս երկրներում գործընթացը ճիշտ չընթացավ, ինչպես Լեհաստանում, Չեխիայում, Հունգարիայում, այն է, որ հեղափոխությունը չվերացրեց այն կուսակցական, ԿԳԲ-ական աշխատաոճը, աշխատակազմը, հեղափոխությունը բավարար չափով հակակոմունիստական և հակաԿԳԲ-ական չէր, որպեսզի աշխարհ գային այնպիսի քաղաքական ուժեր, որոնք կարող էին ղեկավարել այնպիսի գործընթացներ, ինչը հայտնի է լյուստրացիա անունով։ Իսկ լյուստրացիոն գործընթացները պատմության ընթացքում բավականին հաջողակ կերպով են իրականացվել մի քանի անգամ։ 40-ականների կեսերին` Արևմտյան Գերմանիայում, իսկ հետո` 80-ական թթ. վերջին և 90-ական թթ. սկզբին, Արևելյան Եվրոպայի շատ երկրներում։

Ուստի այս տարածաշրջանում էլիտաների չփոփոխությունը հանգեցրեց նրան, որ էլիտաների բնույթը, գաղափարախոսությունը ևս չփոխվեց, նրանք պահպանվեցին, կորցրեցին գաղափարախոսությունները և ազատվեցին կոմունիստական ժառանգությունից, բայց չեկան մեկ այլ գաղափարախոսության, այլ հանգեցին անսկզբունքային, ցինիկ, առանց հստակ ռազմավարությունների մի վիճակի։

Նրանք հիմնականում ենթարկվում էին հիմա և այստեղ հարստանալու սկզբունքին։ Դիտարկելով այդ էլիտաները` հասկանում ենք, որ այն անկարող էր վերափոխվել, վերածնվել և դառնալ մեկ այլ ղեկավարություն մեր երկրների համար, իսկ այդ հատկանիշը բնորոշ է պարտիական, խորհրդային ֆունկցիոներներին, որոնք ոչ մի կերպ չեն փոխվում իրենց արմատներով։ Կարող են արձանագրվել միայն պատահական, եզակի բացառություններ այս ընդհանուր պատկերից։ ԿԳԲ-ի վրեժը և այն ամենը, ինչին մենք հանգեցինք, ուղիղ հետևանքն է այն բանի, որ երկիրը չունի պատմության ճիշտ ընկալում և վերլուծություն, պատասխանատվություն պատմության առջև, այդ թվում` ցանկություն` իրերն անվանել իրենց անուններով։ Եթե ավելի պարզ ձևակերպեմ, մենք տեսնում ենք այլ էլիտաներ` առանց նրանց բնության փոփոխության։

– Փոփոխության ի՞նչ հնարավոր սցենարներ եք տեսնում, և երևի թե այդ փոփոխությունը պետք է սկսվի Ռուսաստանից։

– Ես իրականում չեմ պատկերացնում մի սցենար, թե ինչպես կարելի է դա փոխել արագ կերպով, քանի որ այն մարդկանց սերնդին, ում տասը տարի անց կարելի է կոչել կրեմլյան ծերակույտ, փոխարինելու կգան ավելի երիտասարդ էլիտաներ, որոնք ունեն նույն որակները և շարունակում են իրենց նախորդների քաղաքականությունը։ Մեծ կասկածներ ունեմ, որ 40 տարին նույնիսկ բավարար չի լինի, որպեսզի հնարավոր լինի փոխել նոր սերնդի էլիտաների բնույթը։

Երկրում չկա նաև քաղաքական գործընթաց, որը կապահովեր էլիտայի փոփոխություն, քանի որ ընտրությունների արդյունքները մեծապես կեղծվում են։ Երկրում քաղաքական գործընթացը նախատեսված է նրա համար, որպեսզի կոնսերվացվեն այն մարդիկ, ովքեր բռնագրավել են իշխանական օղակները։ Ի դեպ, այս գործընթացն է տեղի ունենում նաև մեր հարևան երկրներում և մեր գործընկեր երկրներում, ինչպես Բելառուսում, ինչ-որ այլ երանգներով` Հայաստանում և Միջին Ասիայի առանձին երկրներում։ Այդ ավանդույթը փոխվեց Վրաստանում, բավականին արագորեն փոխվում է Ուկրաինայում այսօր։

– Խոսեցիք Վրաստանի ու Ուկրաինայի մասին։ Ընդունված է համարել, որ Ռուսաստանում հաստատված էլիտան է հետխորհրդային երկրների առաջին սպառնալիքը, տարածքային ամբողջականության առաջին խախտողը և, ըստ էության, այդ անկախության հասնելու ճանապարհին հիմնական թիրախը ՌԴ ներկայիս իշխանություններն են։ Ինչպե՞ս պետք է պայքարել ՌԴ-ում նման որակի իշխանությունների դեմ, նման Ռուսաստանի դեմ։

– Եթե խոսքը Մերձբալթյան երկրների մասին է, ապա այդ երկրները դրա դեմ պայքարում են ՆԱՏՕ-ին անդամակցությամբ։ Կարծում եմ, որ Ուկրաինան և Վրաստանը վաղ թե ուշ կդառնան ՆԱՏՕ-ի անդամ երկրներ։ Ինչ վերաբերում է մյուս հետսովետական երկրներին, ապա նրանք բոլորն այս կամ այն կերպով կանգնած են տարածքային ամբողջականության կորստի շեմին` մոսկովյան խելագար իշխանությունների քաղաքականության հետևանքով։

– Այդ սպառնալիքների մասին բացեիբաց խոսում են նույնիսկ Բելառուսն ու Ղազախստանը, ինչի՞ մասին է դա վկայում։

– «Ռուսական աշխարհի» այդ հիմար գաղափարները, այո, վախեցնում են այնպիսի երկրների, ինչպիսին Բելառուսն է։ Քիչ հավանական էր, որ նրանք երբևէ կդադարեն լինել Ռուսաստանի արբանյակ երկրներ։ Այդ հիմար գաղափարները վախեցնում են Ղազախստանին ևս, և նրանք ռուսների, Ռուսաստանի հետ գործ ունենալ չեն ցանկանում, խոսքը նաև գործարարների մասին է։ Հայաստանում ես վստահելի աղբյուրներ չունեմ, որպեսզի առաջին ձեռքից հասկանամ իրերի դրությունը հենց այս հարցում, բայց վստահ եմ, որ ինչ-որ առումով Հայաստանը ևս կասկածանքով է վերաբերվում այն ամենին, ինչ կատարվում է Ռուսաստանում, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, և զգում որոշակի ռիսկեր իր համար ևս։ Ես կասեմ հետևյալը, որ Ռուսաստանը գնում է մեծ աշխարհաքաղաքական ծրագրերի ետևից, ինչպես, օրինակ, Ուկրաինայում, բայց տնտեսական առումով` բոլոր արագություններով սլանում է դեպի բետոնե պատ։

ՌԴ ժամանակակից տնտեսությունն այնպիսի մի վիճակում է հայտնվելու, որը նույնիսկ ես լիովին չեմ կարող պատկերացնել ու ենթադրել, քանի որ աշխարհում չի եղել այնպիսի մի փորձ, որն այսօր իրականացնում է Պուտինը` մինչև վերջ չհասկանալով իր քաղաքականության հետևանքները։ Ռուսաստանը դեռևս մի քանի տարի առաջ իր տնտեսությամբ ութերորդն էր աշխարհում, ռեզերվներով` երրորդը։ Հիմա այդ ամենն արդեն չկա, այնինչ այն ձեռք էր բերվել վերջին քսան տարիների ընթացքում։

Ռուսաստանը մեծ դրական առաջընթաց էր ապրել, ինտեգրվել քաղաքակիրթ աշխարհին տնտեսապես, դա կանգնեցնելու, 180 աստիճանով փոխելու նման փորձեր աշխարհում ոչ մեկը երբեք չի իրականացրել։ Ուստի այս ամենը նշանակում է` սլանալ դեպի բետոնե պատ, որին հարվածի հետևանքներն անկանխատեսելի են լինելու։ Երբեք աշխարհում չի գրանցվել այսպիսի համակարգային բանկային ճգնաժամ նման տնտեսություն ունեցող երկրում։ Եթե բանկային համակարգը տապալվի, ապա իրականում ՌԴ տնտեսությունում քաոս կսկսվի, և հաջորդ օրը երկրում կսկսվեն տարերային երևույթներ, որոնք ևս ոչ միշտ են կանխատեսելի։ Ավելին, երբևէ դրանք կանխատեսելի չեն, քանի որ քաոսի մեխանիզմներն են սկսում աշխատել։

Դրանք կարող են հանգեցնել սոցիալական լարվածության, սոցիալական «պայթյունների», այս ամենին Մոսկվայի արձագանքը կլինի ցանկությունը` պատել այդ ամենն արյամբ, և հարցը կլինի այն, թե ի՞նչ արյուն դա կլինի` արյան գետե՞ր, ծովե՞ր։

Հարց է նաև, թե հարևան երկրներում ինչպիսի արձագանք կգտնեն այս իրադարձությունները։ Որոշիչ փուլը կլինի քաղաքացիական պատերազմը, իսկ սա արբանյակ բոլոր երկրների համար սպառնալիք է, այդ թվում` և Հայաստանի։ Այն, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Ռուսաստանում, մեծ ռիսկ է ողջ աշխարհի համար։ ՌԴ տնտեսության մեջ այնպիսի անդառնալի գործընթացներ են սկսվել, որոնք կարող են հանգեցնել` ինչի ասես, ավելին, այդ գործընթացները չափազանց իներցիոն բնույթ են կրում, ուստի, եթե մենք նույնիսկ պատկերացնենք սցենար, որը շատ քիչ հավանական է` ռեժիմի փոփոխություն` պալատական հեղաշրջման միջոցով, ապա նույնիսկ այս պարագայում, երբ ռեժիմը ոչ ամբողջությամբ է փոխվում, այնպիսի իներցիոն գործընթացները, որոնք արդեն սկսվել էին, չեն կարող կանգ առնել, հետևանքները կզգացվեն դեռ տասնյակ տարիներով, ինչն էլ երկիրը տանում է դեպի բետոնե պատ, իսկ բետոնե պատին Ռուսաստանի հարվածը դաժան է լինելու։

Իսկ թե որքանո՞վ` այնպիսի երկրները, ինչպիսին Ղազախստանը, Բելառուսը, Հայաստանն են, կկարողանան կանգնել սպառնալիքի տակ, կարծում եմ, որ չեն կանգնի, քանի որ մինչ Պուտինը սկսի այս երկրների նկատմամբ իրականացնել «Ռուսական աշխարհի» իր ծրագիրը, կբախվի բետոնե պատին և չի հասցնի իրականացնել իր ծրագրերը։

Տեսանյութեր

Լրահոս