Բաժիններ՝

Եթե մարդիկ հետևեն Ժ.Սէֆիլյանի հայտարարությանը, խնդիրների առաջ կհայտնվեն. մասնագետներ

«100-ամյակը՝ առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանն երեկ հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով քաղաքացիներին չկատարել բանկերից և վարկային կազմակերպություններից վերցրած վարկերի մարումները և «չհարստացնել ռեժիմին ու նրա մաս կազմող հանցագործ օլիգարխներին, ովքեր բաժին ունեն մեր վճարած յուրաքանչյուր դրամից»:

Նա նաև նշել էր, որ ռեժիմին հեռացնելուց հետո հիմնարար փոփոխություններ են կատարվելու բանկային համակարգում, վերանայվելու են բնակչության և ձեռնարկատերերի վերցրած վարկերի պայմանները, այդ թվում՝ տոկոսադրույքները և մարման ժամկետները, հայտարարվելու է վարկային պատմությունների համաներում, ինչպես նաև դադարեցվելու են վարկերի չվճարված գումարների բռնագանձման նպատակով հարուցված հարկադիր կատարման վարույթները:

Նման հայտարարությունը մեր շատ համաքաղաքացիների համար հարմար առիթ է, որպեսզի, եթե անգամ գործնական քայլերի չգնան, գոնե մտածեն, որ նման տարբերակով կարող են ազատվել ֆինանսական պաևտավորություններից: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հայտարարությանը՝ նշեց, որ այն շատ պատասխանատու կոչ է, և հայտարարություն անողը հաստատ չգիտի` ինչ հետևանքներ դա կունենա տնտեսության վրա:

«Հայաստանում այս պահին ընթացիկ վարկերը կազմում են 2 տրիլիոն, որից 1,3 տրիլիոնը դրամով է, 700 միլիարդը՝ արտարժույթով։ Դա կազմում է մեր ՀՆԱ-ի մոտ 40 տոկոսը։ Այս կոչը նշանակում է, որ տնտեսության 40 տոկոսը պետք է կտրել և մի կողմ գցել: Ընդհանուր առմամբ, տարեկան վարկերի միայն տոկոսները կազմում են 350 մլրդ դրամ, ամսական կտրվածքով 30-35 մլրդ է բաժին ընկնում բանկերին»,- իրավիճակը մեկնաբանեց Վ. Խաչատրյանը:

Նրա խոսքով, մարդիկ հետևելով այս կոչին՝ ոչինչ չեն շահի, հակառակը` կհայտնվեն սև ցուցակում: Հետո էլ, եթե իրենց նշած իշխանափոխությունը տեղի չունենա, Հարկադիրը մարդկանց ձեռքից վերցնելու է իրենց գույքը. «Բանկերում ճգնաժամ կսկսվի, ինչի հետևանքով՝ բանկերը կփակվեն: Խելամիտ մարդիկ նման քայլի չեն գնա, քանի որ կոչ անողը պետք է պատկերացնի նաև հետևանքները: Bank run-ի դեպքում մարդիկ կամ դուրս են բերում իրենց ավանդները, կամ վարկերի մարումներ չեն անում, որը տնտեսությունը տանում է դեպի ճգնաժամ»:

Տնտեսագետը նշեց, որ այս պահին ավելի տրամաբանական կլինի, եթե կոչ արվի, որպեսզի բոլոր դոլարային վարկերը վերածվեն դրամայինի, վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում լինի, և այլն:

Բանկային մասնագետ Արարատ Ավագյանը 168.am-ի հետ զրույցում այս հարցի հետ կապված նշեց, որ քաղաքացիներն այսօր վարկերի կարիք ունեն, բանկերի համապատասխան բաժիններում  հարյուրների հասնող դիմումներ կան, որոնց ընթացք չի տրվում, և այս պարագայում խոսել վարկային պարտավորությունից հրաժարվելու մասին, կլինի առնվազն երկու բևեռների բախում. «Սա կբերի նրան, որ հրաժարվողների պատճառով վարկերի սպասողները պարզապես կմերժվեն: Բանկերն այս դեպքում կորցնելու ոչինչ չունեն, ի վերջո, գրեթե բոլոր դեպքում նրանք գրավադրում ունեն: Մեծ վարկերի դեպքում գույքը կվաճառվի, բանկն իր գումարը տոկոսներով կվերցնի։ Ավելի փոքր վարկերի դեպքում՝ սպառողական և այլն, հարկադիրի միջոցով տույժեր ու տուգանքներ կսահմանվեն: Իմ փորձը ցույց է տալիս, որ մեր քաղաքացիները բավականին տեղեկացված են ոլորտի մասին, և հատուկենտ մարդիկ հնարավոր է հետևեն նման չհիմնավորված հայտարարությունների»:

Ա. Ավագյանը նկատեց, որ սա էմոցիոնալ հայտարարություն է, որը հետևորդներ չի ունենա:  Մյուս կողմից՝ տեղեկացրեց, որ ֆինանսական շուկայում վերջին շրջանում մոլորություններ են սկսվել. ավելի ճիշտ է քաղաքացիներին հեռու պահել կասկածելի պայմաններ առաջարկող վարկային և այլ կազմակերպություններից, քան մղել անդառնալի հետևանքների տանող նման քայլի:

«Եթե համակարգում խնդիրներ կան, որոնց հետ կապված հասարակական դժգոհություններ կան, ավելի լավ է դրանք հիմնավորված ձևակերպել, ոլորտին տեղյակ մասնագետների հետ քննարկել, աշխատանքային խումբ ձևավորել և հստակ կետերով բարձրաձայնել խնդիրները»,- հայտնեց բանկային մասնագետը:

Տնտեսագետներ Բագրատ Ասատրյանն ու Վահագն Խաչատրյանն այս հայտարարության հետ կապված հրաժարվեցին մեկնաբանություններ անել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս