«Դիզելի գործը» միացվեց Գիվի Հովհաննիսյանի վարույթում գտնվող գործին. Սերժ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունը բավարարվեց
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանի նախագահությամբ, վերստին մեկնարկում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին վերագրվող, այսպես կոչված, «Դիզելի գործի» քննությունը՝ վառելիքի մատակարարումների ժամանակ ենթադրյալ չարաշահումների դեպքով:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության բողոքը, բեկանել Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Սերժ Սարգսյանի և մյուսների արդարացման վերաբերյալ դատական ակտն ու գործն ուղարկել նոր քննության:
Նկատենք, որ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի Երևանի քրեական դատարանում այս գործը քննած ու Սերժ Սարգսյանին արդարացրած դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները հետագայում դադարեցվեցին Վազգեն Մանուկյանի գործի քննությունն իբր ձգձգելու համար:
Հիշեցնենք՝ 2024 թվականի մայիսի 31-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը և Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանն արդարացվեցին, իսկ մյուս երկու ամբաստանյալներ Սամվել Գալստյանն ու Սերգո Կարապետյանը գործի քննության ընթացքում մահացել էին. այդ հիմքով նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր։
Գործի քննությունը տևեց ավելի քան 4 տարի, իսկ առաջադրված մեղադրանքի վաղեմության ժամկետն ավարտվել էր, ինչը ևս հիմք էր քրեական հետապնդումը դադարեցնելու։ Դատավարության ընթացքում Սերժ Սարգսյանի գույքը կալանքի տակ էր։
Դատավճռից հետո արգելանքից հանվեց նրա ու մյուս մեղադրյալների գույքը, ինչպես նաև չեղարկվեց բացակայության արգելքը։ Գլխավոր դատախազությունը հենց դատավճռի օրը հայտարարեց, որ արդարացման դատական ակտը բողոքարկվելու է։ Փաստացի, ավելի քան կես տարի անց Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց բավարարել բողոքը և գործն ուղարկեց առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մեղադրվում էր 2013 թ․ պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով 489 մլն 160 հազար դրամի հափշտակության կատարումը կազմակերպելու մեջ։ Գործը վերաբերում է վառելիքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներին: Գործով ի սկզբանե ամբաստանվում էր 5 անձ: Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության նախկին սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին և նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպելը, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը)։
Դատական նիստի մեկնարկին պարզվեց, որ այս գործով Գլխավոր դատախազության շահերը ներկայացնում են հանրային մեղադրողներ Կորյուն Սերոբյանն ու Արմեն Սմբատյանը:
Դատավարության մասնակիցները բացարկի միջնորդություններ չունեին, բայց Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը միջնորդեց այս գործը ևս միացնել ենթադրյալ կոռուպցիոն վարույթներին, որոնք քննվում են Հակակոռուպցիոն դատարանում՝ Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ:
Դատախազները, բնականաբար, առարկեցին:
Դատավոր Խաչիկ Ղազարյանը բավարարեց միջնորդությունը: Այս գործը միացվեց Գիվի Հովհաննիսյանի վարույթում գտնվող քրեական վարույթին: Դատական նիստը հայտարարվեց փակված:
Մանրամասները՝ տեսանյութում:

