ԼՂ-ի խնդրի կարգավորման համար առաջարկում եմ երրորդ տարբերակը. Ժիրինովսկի

Haqqin.az պորտալին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին.

«Ինչպե՞ս կարելի է լուծել Ղարաբաղյան հիմնախնդիրը: Եթե Ղարաբաղը վերադարձվի Ադրբեջանի, կվիրավորվեն հայերը: Եթե ճանաչվի ներկայիս ստատուս-քվոն, կվիրավորվեք դուք: Ես առաջարկում եմ երրորդ տարբերակը. կարելի է Ղարաբաղը հայտարարել Մոսկվայի վերահսկողության ներքո:

Թող Ռուսաստանն այդ գոտում ապահովի հայերի ու ադրբեջանցիների անվտանգությունը, ապահովի մարդկանց ազատ տեղաշարժը, վերականգնի տնտեսությունը: Դա կարելի է փորձել որպես միջանկյալ տարբերակ: Չեն ցանկանում, որ Ղարաբաղում ծածանվի ադրբեջանական դրոշը, կարելի է հնարել ընդհանուր դրոշ, ասենք ԱՊՀ-ի դրոշը: Թող դրանում լինեն ռուսական, հայկական ու ադրբեջանական դրոշների տարրեր:

Մոսկվայի համար շատ ծանր է: Վերցնենք վրաց-աբխազական հակամարտությունը: Նրանք երբևէ չեն հաշտվի: Վրաստանը չի ցանկանում անկախ Աբխազիա, իսկ Աբխազիան չի ցանկանում ու լսել Վրաստանի կազմ վերադառնալու մասին: Չեն ցանկանում, որ լինի Հարավայի Օսիա: Հարավային Օսիայից բացի, մենք ունենք նաև Հյուսիսային Օսիա:

Այդ ամենը խորհրդային իշխանության մնացուկներ են: Չէ որ ցարական Ռուսաստանում չեն եղել նման խնդիրներ: Եղել են Երևանի ու Բաքվի նահանգներ: Խնդիրներ չեն եղել, որովհետև դա եղել է տարածքային բաժանում և ոչ թե ազգային սկզբունքով բաժանում:

Սակայն դուք արդեն անկախ երկրներ եք և դեպի անցյալ ճանապարհ չկա: Տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել: Դուք պետք է հասկանաք, որ Մոսկվան չունի համակրանք կամ հակակրանք: Մեզ անհրաժեշտ չէ որևէ պատերազմ:

Անհրաժեշտ էր պահպանել ԽՍՀՄ-ը և ճնշել բոլոր կոնֆլիկտները: Անկարելի էր թույլ տալ միջէթնիկական հենքով կոնֆլիկտներ: Անհրաժեշտ էր արմատապես կանխել դրանք: Ամեն ինչ սկսվեց Ղարաբաղից, ապա եկան Միջին Ասիան, Վրաստանը, Մերձբալթիկան: Եվ ամենուրեք արյուն էր: Մեղավոր է Գորբաչովը»:

Երբ Ժիրինովսկուն հարցրել են Ուկրաինայի դեպքերի մասին և արդյոք համաձա՞յն է նրա հետ, որ աշխարհը գտնվում է նոր համաշխարհային պատերազմի շեմին, նա պատասխանել է. «Պատերազմ չի լինի: Ամերիկան լավ է ապրում, ինչո՞ւ նա պետք է կորցնի այդ ամենը:

Ըստ ամենայնի, կլինի Ուկրաինայի բաժանում: Դա կլինի նաև Ղարաբաղում: Ղարաբաղում կլինի առանձին կարգավիճակ և կմտցվեն ռուսական զորքեր, որպեսզի չկարողանան գերակայել ո՛չ հայերը, ո՛չ էլ ադրբեջանցիները:

Նույնը կարելի է ասել նաև Ուկրաինայի համար. անհրաժեշտ է Արևելյան Ուկրաինան հանձնել Ռուսաստանին, իսկ արևմտյան մասը թող լինի այնպիսի պետություն, ինչպիսին որ փոքրիկ Չեխիան, Սլովակիան ու Բուլղարիան են: Եվ թող մտնի ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի կազմ: Ամեն ինչ կհանդարտվի դրանով»:

Տեսանյութեր

Լրահոս