Էրդողանը Կիևում ընդունելի է համարել Ուկրաինայի տարածքը շրջանցող «Թուրքական հոսք» գազատարի մասին ռուսական առաջարկը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Կիևում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ երկու երկրները պլանավորում են մեծացնել ապրանքաշրջանառության ծավալը:

Էրդողանը մանրամասնել է, որ Թուրքիան ու Ուկրաինան պլանավորում են մինչև 2017 թվականն ապրանքաշրջանառության ծավալը հասցնել 10 միլիարդ դոլարի, իսկ մինչև 2023 թվականը (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակ)` 20 միլիարդ դոլարի:

Էրդողանը հիշեցրել է, որ 10 տարի առաջ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 1.3 միլիարդ դոլար, իսկ 2014 թվականի վերջի դրությամբ այն հասել է մինչև 6 միլիարդ դոլարի:

Անդրադառնալով Ուկրաինայի տարածքը շրջանցող «Թուրքական հոսք» գազատարի կառուցման խնդրին` Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի արած այդ առաջարկն ընդունելի է Թուրքիայի համար` ԵՄ-ի երկրներին ռուսական գազ մատակարարելու համար:

Էրդողանը հիշեցրել է, որ իրենք Ռուսաստանից այդ առաջարկը ստացել են այն բանից հետո, ինչ Բուլղարիան հրաժարվել է թույլ տալ, որ ռուսական «Հարավային հոսք» գազատարն անցնի իր տարածքով: Էրդողանի խոսքերով` ներկայումս հնարավոր չէ կանխատեսել, թե ապագայում գազն ինչպիսի պահանջարկ կունենա Եվրոպայում:

Տեսանյութեր

Լրահոս