
Պորոշենկոյի ու Էրդողանի հանդիպումը նախատեսված 1 ժամվա փոխարեն տևել է 3 ժամ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` երեկ Կիևում տեղի է ունեցել Ուկրաինայի ու Թուրքիայի նախագահներ Պյոտր Պորոշենկոյի ու Ռեջեփ Էրդողանի տետ-ա-տետ հանդիպումը: Այն տևել է 3 ժամ, թեև պլանավորված էր, որ հանդիպումը տևելու է 1 ժամ:
Այս մասին հայտարարել է Պորոշենկոյի մամլո քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն: Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է Դոնբասի վերականգնում.
«Մենք պատրաստ ենք նրան, որ երբ Ուկրաինան հաղթահարի այս բարդ ժամանակաշրջանը, թուրքական շինարարական ընկերությունները կմասնակցեն այդ հակամարտության հետևանքով տուժած տարածքների վերականգնմանը»:
Էրդողանը համոզվածություն է հայտնել, որ Ուկրաինայի կառավարությունը կաջակցի թուրքական ընկերություններին, և որ վերջիններս խոշոր հաջողությունների կհասնեն այդ երկրում: Էրդողանը հիշեցրել է, որ թուրքական ընկերություններն Ուկրաինայում իրականացրել են 4.5 միլիարդ դոլարի նախագծեր:
Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան Ուկրաինային հատկացրել է 10 միլիոն դոլարի հումանիտար օգնություն, ինչպես նաև կհատկացնի 50 միլիոն դոլարի վարկ` բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար: Էրդողանը խոստացել է, որ Թուրքիան շարունակելու է միջազգային արենայում պաշտպանել Ղրիմի թաթարների իրավունքները: