
Ինքնահռչակ ԴԺՀ-ում ստեղծվել են ներքին զորքեր

Lenta.ru-ի փոխանցմամբ` ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետությունում ստեղծվել են ներքին զորքեր: Նոր կառույցն օժտված է լայն լիազորություններով:
Պատգամավոր Դմիտրի Պերեպյոլկինը հայտարարել է, որ իրենց ներքին զորքերը կատարելու են ոչ միայն բանտարկյալներին ուղեկցելու աշխատանքներ, այլև աջակցելու են ԴԺՀ-ի ուժային բոլոր կառույցներին: Հենց Պերեպյոլկինն է մշակել նոր զորատեսակի ստեղծման մասին տեղական օրենքը:
Ներքին զորքերի ստորաբաժանումներն օգնելու են ԴԺՀ-ի սահմանների պահպանմանը, հակազդելու են ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը, ստեղծելու են սեփական հետախուզությունը, ուղեկցելու են հատուկ նշանակության բեռները և պահպանելու են հատուկ նշանակության օբյեկտները:
Օրենքն արգելում է ներքին զորքերին ներգրավել չարտոնյալ հանրահավաքների, ցույցերի, երթերի ու պիկետների կանխման գործընթացում: ԴԺՀ-ը Դոնեցկում հռչակվել է 2014 թվականի ապրիլի 7-ին: