«Մեզ անհանգստացնում է, որ ՌԴ-ն սպառազինություն է վաճառում Ադրբեջանին»

Հայաստանում մեկնարկել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շարքը, որում առանձնակի տեղ զբաղեցրեց «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումը, որն ինչպես՝ հայ, այնպես էլ՝ աշխարհի շուրջ 150 հեղինակավոր լրագրողների հնարավորություն տվեց գտնվել Հայաստանում և հավելյալ տեղեկություններ ստանալ Հայաստանի Հանրապետության, ՀՀ արտաքին քաղաքականության խնդիրների, առաջնահերթությունների, հակամարտությունների, հարևանների հետ ունեցած խնդիրների մասին։

Միջոցառման ամենակարևոր մասը լրագրողների հանդիպումն էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ում երեկ հարցեր ուղղելու հնարավորություն ունեցան։ Մինչ հարցուպատասխանին անցնելը Սերժ Սարգսյանը նախ ողջունեց աշխարհի տարբեր անկյուններից Երևան ժամանած լրագրողներին, ում մասնակցությունը միջոցառմանը, նրա խոսքով, խոսում է համաժողովի նկատմամբ միջազգային հանրության բարձր հետաքրքրության մասին։ Նա նաև հույս հայտնեց, որ գեղեցիկ խորագիրը կրող համաժողովի մասնակիցները, աշխատանքից բացի, հնարավորություն կունենան ծանոթանալ հայկական մշակույթին և խոհանոցին։

Սերժ Սարգսյանը ներկայացրեց Հայաստանի մոտեցումները հայ-թուրքական հարաբերությունների, ԼՂ հակամարտության, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող միջազգային բանակցությունների, ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Վրաստանի, ԵՄ-ի հետ հարաբերությունների, Հայաստանի ԵՏՄ անդամակցության վերաբերյալ։

Նա կարևորեց Հայաստանում քաղաքացիական հասարակության և կառուցողական ընդդիմության դերը՝ դրանք որակելով կայացած։ Պատասխանելով լրագրողի հարցին Մերձավոր Արևելքում արձանագրվող զարգացումների և «Իսլամական պետության» սպառնալիքի մասին` Սերժ Սարգսյանն ասաց, որ Մերձավոր Արևելքի իրադարձությունները չեն կարող չազդել Հայաստանի վրա։

Կարդացեք նաև

Ըստ նրա` անկայունությունը խոչընդոտում է ոչ միայն Հայաստանի տնտեսական զարգացմանը, այլև հայկական համայնքներին Մերձավոր Արևելքում։ Նա տեղեկացրեց, որ Սիրիայում, Իրաքում, Լիբանանում ՀՀ-ն ունի հոծ հայկական համայնքներ, ուստի հայ ժողովրդի համար միանշանակ չէ` այնտեղ ինչ է կատարվում։ Սերժ Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ ՀՀ-ն այդ իրադարձությունների հետևանքով ընդունել է շուրջ 10 հազար փախստականի, որը Հայաստանի նման փոքր երկրի համար բավականին մեծ թիվ է։ Նա խոսեց մեկ այլ բացասական երևույթի` Մերձավոր Արևեքում մշակութային արժեքների ոչնչացման մասին։ ՀՀ նախագահի խոսքով` ցավալի է, երբ ոչնչացվում են այն մշակութային արժեքները, որոնք հայ ժողովուրդն իր արաբ բարեկամների հետ է ստեղծել։ «Ցավալի է մեզ համար, որ Դեր Զորում ահաբեկիչները ոչնչացրեցին Սրբոց Նահատակաց եկեղեցին»,- հավելեց նա` շարունակելով, որ Մերձավոր Արևելքում տեղի է ունենում սոսկալի ցեղասպանություն` ոչնչացվում են պատմամշակութային արժեքները, ինչը փորձ է ջնջել մարդկային հիշողությունը։

Ակնարկով հարցին, թե ինչպես է վերաբերվում տեսակետներին այն մասին, որ ժողովուրդները չպետք է անընդհատ «անցյալին հայացք նետելով» ապրեն` Սերժ Սարգսյանն արձագանքեց` ասելով, որ այդ թեզի հեղինակներն այն մարդիկ են, որոնք պարծենալու բան չունեն իրենց անցյալում։ «Մենք չենք կարող ետ չնայել, որովհետև մենք չենք կարող չսերտել պատմության դասերը։ Պատմությունից հետևություններ անելը չափազանց օգտակար բան է։ Մեր պատմության ընթացքում ունեցել ենք ձախողումներ, պարտություններ, ձեռքբերումներ։ Մենք հպարտանում ենք մեր պատմությամբ։ Այն ժողովուրդների համար, որոնց համար իրենց պատմությունը բեռ է, կարող են ետ չնայել»,- ասաց նա։

Հարցուպատասխանի ամենաուշագրավ հատվածը, ըստ էության, Սերժ Սարգսյանի պատասխանն էր Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու գործարքների մասին։ Նա հիշեցրեց, որ Հայաստանն ու Ռուսաստանն ունեն դաշնակցային հարաբերություններ, այդ թվում` «Բարեկամության և փոխադարձ օգնության պայմանագիր», ՀՀ-ն ու ՌԴ-ն դաշնակիցներ են նաև ՀԱՊԿ-ում, և, ինչպես բոլորը գիտեն, ԽՍՀՄ փլուզումից ի վեր ՀՀ-ում ռուսական ռազմակայան է տեղակայված։

«ՀՀ ԶՈՒ ստեղծումից ի վեր մենք երախտապարտ ենք և շնորհակալ մեր դաշնակցին` մեզ օժանդակելու համար։ Իհարկե, այս հարաբերություններում մեզ անհանգստացնում է, որ ՌԴ-ն` ելնելով տարբեր պատճառներից, դրդապատճառներից, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, և այստեղ խնդիրը սպառազինության որակը չէ, խնդիրն այն է, որ մեր սահմանին կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքից։ Սա է ամենաբարդ հանգամանքը և սա է, որ մեր հարաբերությունների վրա կարող է վատ ազդեցություն ունենալ։ Տևական ժամանակ, 250 տարվա ընթացքում, հայերը և ռուսներն ապրել են կողք կողքի, ունեցել են ընդհանուր թշնամիներ, հակառակորդներ և իրենց երկրում արտադրված զենքերից իրար վրա չեն կրակել։ Սա խնդիր է, պրոբլեմ, և այս պրոբլեմը պետք է լուծում ստանա»,- ասաց Սերժ Սարգսյանը։ Միևնույն ժամանակ` չկոնկրետացրեց ՀՀ դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների հարցում, ընդգծելով, որ ՀՀ կառավարության մոտեցումն է, որ օր առաջ ՌԴ-ն ձերբազատվի պատժամիջոցներից և օր առաջ Ուկրաինայում հանդարտություն տիրի։

«Մի ընդհանուր ճշմարտություն կա, որ ցանկացած միջոց արդյունավետ է, երբ կարողանում ես գտնել ոսկե միջինը»,- ասաց ՀՀ նախագահը։ Վերջինս նաև անդրադարձավ ՀՀ-ի` ԵՏՄ անդամակցությանը, նշելով, որ դա մեծ հնարավորություն է այդ միության անդամ երկրների համար, և այդ հնարավորություններից օգտվելու սահմանը դժվար է հստակ գծել։ Ըստ նրա` Ռուսաստանի կողմից Հայաստանին ամենամեծ աջակցությունը կլինի ռուսական տնտեսության վերականգնումը, քանի որ այն երեք մեծ խողովակներով ազդում է ՀՀ-ի վրա, առաջին` մասնավոր հատվածի տրանսֆերտներ, երկրորդ` արտահանում, երրորդ` ներդրումներ։ «Հիմա, ցավոք սրտի, տնտեսական վիճակը սահմանափակել է տնտեսական հնարավորությունները։ Համոզմունք ունեմ, որ դրանք ժամանակավոր երևույթներ են»,- ասաց Սարգսյանը։

Սերժ Սարգսյանն իր բացման խոսքում կարևորեց Հայաստանում սահմանադրական բարեփոխումների իր նախաձեռնությունը, որի վերաբերյալ ևս հարց հնչեց լրագրողների, այդ թվում` հայաստանյան լրագրողի կողմից։ Ի պատասխան հարցին, թե ինչո՞ւ ՀԱԿ-ը չի հրավիրվել քաղաքական քննարկումներին, ասաց. «Ես որևէ քաղաքական ուժի չեմ թերագնահատում։ Ես զարմանում եմ, որ տեղեկատվությունը Ձեզ հասանելի չէ։

Ես չեմ խոսել Սահմանադրության տեքստի մասին, տեքստը գոյություն չունի, ես խոսել եմ հայեցակարգին հավանություն տալու մասին, և չի եղել մեկ կուսակցություն, որն ասել է` պետք չէ հավանություն տալ, որովհետև հավանությունը դեռ չի նշանակում, որ վերջնական որոշում է կայացվել բարեփոխումների տեքստի վերաբերյալ»։

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին` Սերժ Սարգսյանն ասաց. «Եթե մի կուսակցություն ամեն օր, որպեսզի չմոռանա, հայտարարում է, որ ցանկություն չունի ինձ հետ հանդիպելու` այդ թեման քննարկելու, ի՞նչ անհրաժեշտություն կա հրավիրելու, և ինչի՞ դա կարող է բերել»։ Նա ասաց, որ բոլոր ուժերին հրավիրել է, պնդել, որ մեծ հաճույքով այդ հնարավորությունը կընձեռի բոլորին, թեև որոշ քաղաքական ուժերի անձնապես հրավեր է հղել` ընդգծելու այդ ուժի կարևորությունը։ Իսկ եթե, Սարգսյանի խոսքով, ուժը կրկնում է ցանկության բացակայության մասին, ապա չարժե պարտադրել։ ՀՀ նախագահի համոզմամբ` կամա թե ակամա, ՀԱԿ-ը մասնակցելու է այդ քննարկումներին` անկախ նրանից` կո՞ղմ է այդ գործընթացին, թե՞ ոչ։ «Հո բոլորը չե՞ն կարող կողմ լինել»,- ասաց Սարգսյանը։

Տեսանյութեր

Լրահոս