Բաժիններ՝

Էրդողանի վտանգավոր խաղը. Asharq Al Awsat

Asharq Al Awsat-ի կայքում հրապարակվել է Ամիր Թահերիի «Էրդողանի վտանգավոր խաղը» խորագրով հոդվածը, որում նշված է. «Արևմտյան կառավարությունների հայտարարություններին համապատասխան` նրանց ավելի քան 12.000 քաղաքացիները մեկնել են Սիրիա, որպեսզի տարբեր պաշտոններ զբաղեցնեն «Իսլամական պետության» (ԻՊ) կազմում, այդ թվում նաև որպես զինյալներ հանդես գալու համար:

Կան գնահատականներ, որոնց համաձայն` ԻՊ-ին միացել է 20 այլ երկրի ևս 8000 քաղաքացի: Այդպիսով, հարց է ծագում, թե ինչպես են նրանք հայտնվել այնտեղ: Դատելով արևմտյան երկրների պաշտոնական ներկայացուցիչների` ներառյալ Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսի հայտարարություններից` պատասխանը հետևյալն է. ինքնահռչակ ջիհադականներն ԻՊ-ի տարածք են հասնում Թուրքիայի տարածքով:

Օրինակ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ իր կառավարությունը սերտ շփումների մեջ է թուրքական իշխանությունների հետ` հետևելու համար լոնդոնցի մի շարք դեռահաս աղջիկների շարժին, որոնց կասկածում են ԻՊ-ին միանալու փորձի մեջ:

Միևնույն ժամանակ իրաքյան իշխանությունները հայտարարել են, որ կրակել են մի շարք ինքնաթիռների վրա, որոնց կասկածում են ԻՊ-ի համար զենքի ու նյութական միջոցների մաքսանենգության մեջ: Եվ վերստին հարց է ծագում. ո՞ր երկրի օդային տիրույթի միջոցով են այդ ինքնաթիռները հասնում ԻՊ-ի տարածք: Եվ վերստին պատասխանն ակնհայտ է` Թուրքիայի միջոցով:

Կարդացեք նաև

ԶԼՄ-ները ներկայացրել են արևմտյան հետախուզական ծառայությունների տվյալները, որոնցում ենթադրվում է, որ ԻՊ-ն ունի երկու միլիարդ դոլար: Այդ միջոցների մի մասը հափշտակվել է իրաքյան ու սիրիական քաղաքների բանկերից, որոնք իսլամականների ձեռքում են հայտնվել վերջին 18 ամսում, իսկ մյուս մասը ստացվել է Սիրիայում ու Իրաքում նավթահանքերի նավթի վաճառքից:

Հաղորդվում է, որ ԻՊ-ը բավականաչափ աշխատավարձ է վճարում իր ջիհադականներին: Ամսական օպերացիոն ծախսերը հասնում են մոտ 20 միլիոն դոլարի, և այդ գումարների առնվազն մի մասը «ծածկում» են արտերկրից արված նվիրատվությունները: Եվ վերստին հաց է ծագում, թե ինչպես են այդ գումարները հասնում ԻՊ-ի մայրաքաղաք Ռաքքահ: Այստեղ պատասխանը բարդ է:

Եթե ցանկանում եք գումարներ փոխանցել Լոնդոնից, Փարիզից կամ Բեռլինից, ապա դժվար չի լինի կանխկիկ գումարը Սիրիայի յուրաքանչյուր հասցե փոխանցելը, եթե գումարը մեծ չէ 2000 դոլարից: Սակայն մեծ գումարների փոխանցման համար անհրաժեշտ է դիմել թուրքական բանկերին, որոնք գործում են Վիեննայում ու ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունում (ՀԿԹՀ) գտնվող իրենց մասնաճյուղերի միջոցով:

Այլ հարց է, թե ինչպես է ԻՊ-ին հաջողվում իրեն ենթակա տարածքներում գտնվող բնակչությանն ապահովել սննդով ու դեղորայքով, որի թիվը կազմում է 2.8 միլիոն մարդ: Եվ վերստին ստիպված կլինենք նայել Թուրքիայի վրա, որտեղից ամեն օր շարունակ մեծածավալ բեռնատարներ են հատում սահմանը, ինչը տեղի է ունենում թուրք սահմանապահների աչքի առջև, որոնք քաջ տեսնում ու լսում են դրանք:

Անկասկած է, որ դա շատ տարօրինակ պահվածք է: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և տեսականորեն ԱՄՆ-ը դեռևս նրա դաշնակիցն է, որն իր հերթին վերստին տեսականորեն հանդիսանում է ԻՊ-ի դեմ պայքարի «դաշինքի» առաջնորդը: Այլ կերպ ասած` երբ ՆԱՏՕ-ի մի անդամը հայտարարում է ԻՊ-ի դեմ իր պայքարի մասին, մյուսը ԻՊ-ին ոչ միայն հնարավորություն է տալիս պայքար մղել, այլև մատների արանքով է նայում նրան, թե ինչպես են ջիհադականներն ընդլայնում իրենց տարածքները:

Առաջին հայացքից դա չունի որևէ իմաստ: Եվ այնուամենայնիվ, հարցի առավել մանրակրկիտ դիտարկման ժամանակ կարելի է գտնել դրա պարզաբանումը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վստահ է, որ իր ամերիկացի գործընկեր Բարաք Օբաման ԻՊ-ի դեմ պայքարին չի վերաբերվում լրջորեն:

Էրդողանի գնահատականներով` Օբամայի ռազմավարությունը հանգեցնում է նրան, որ իրանցիներն իշխելու են Իրաքում ու Սիրիայի մի շարք հատվածներում, ինչպես նաև Լիբանանում, ուր Թեհրանն ազդեցություն ունի «Հզբոլլահի» իր գործակալների միջոցով:

Անկարայի տեսանկյունից ավելի վատն այն է, որ Օբամայի քաղաքականությունը կարող է հանգեցնել Թուրքիայի հարավում` Սիրիայի սահմանի մոտ, քրդական մինի-պետության ստեղծմանը: Իրանական ազդեցության ու Սիրիայում քրդական պետական կազմավորման դեմ պայքարի համար Թուրքիան ունի ԻՊ-ի կարիքը` որպես հակակշռի:

Էրդողանը կասկածներ ունի, որ Իրանի հետ համապարփակ գործարքի համատեքստում Օբաման կարող է անգամ համաձայնվել Սիրիայում Բաշար Ասադի իշխանության պահպանմանը: Ակնհայտ է, որ Ասադի կլանի հետ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի վաղեմի բարեկամությունը միայն սնում է այդ կասկածները:

Էրդողանը նաև մտավախություն ունի, որ ԱՄՆ-ը մտածում է իր գահընկեցության ու փոխարենը որպես Անկարայի նոր տիրակալ Ֆեթհուլլահ Գյուլենին նշանակելու մասին: ԱՄՆ-ում բնակվող Գյուլենը մշտական շփման մեջ է Օբամայի վարչակազմի հետ, որն անտեսում է նրա արտահաձնման մասին Անկարայի պահանջներն այն մեղադրանքների հիման վրա, որոնց հիմնականում հնարել են թուրքական իշխանությունները:

ԶԼՄ-ներում Էրդողանի դեմ Իրանի կատաղի տեղեկատվական կամպանիան ավելացնում է թուրք առաջնորդի այն կասկածները, որ Վաշինգտոնի ու Թեհրանի համատեղ դավի արդյունքում կտապալեն իրեն: Էրդողանին հատկապես մտահոգում է Ասադի կլանի դեմ որևէ գործողություն ձեռնարկելուց Օբամայի հրաժարվելը:

Անկարան ԱՄՆ նախագահի` Թուրքիայում հակաասադական մարտիկների նախապատրաստման պլանը գնահատում է որպես խաբուսիկ մանևր, որը կոչված է քողարկել ավելի բարդ ու վտանգավոր ռազմավարությունը: Այդպիսով, Անկարայի ու Ռաքքահի միջև տակտիկական դաշինքն իսկապես ունի իմաստ, համենայն դեպս կարճաժամկետ հեռանկարում:

Էրդողանը հուսով է, որ ամեն ինչ կպարզվի տարիներ անց: Նա որոշակի հույսեր է կապում այս տարվա խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելու հետ, ինչը նրա իշխանությունը կերկարաձգի ևս 5 տարով (Թուրքիայում պատգամավորական լիազորությունների ժամկետը կազմում է 4 տարի և խորհրդարանական հաջորդ ընտրություններն անցկացվելու են 2019 թվականին – 168.am):

Այդ համատեքստում Թուրքիայի արևելքի քրդերի աջակցությունը ստանալու համար նա ակտիվ բանակցություններ է վարում կալանքի տակ գտնվող քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ: Առանց քրդական այդ ձայների` Էրդողանի համար բարդ կլինի Թուրքիայի մնացյալ մասերում մեծամասնություն ստանալը, ուր աճում է ընդդիմության ազդեցությունը, որը հանդես է գալիս նրա կառավարման դեմ:

Էրդողանը նաև կարծում է, որ Ռաֆսանջանիի խմբակցությունը, որը ներկայումս իշխանության ղեկին է գտնվում Թեհրանում, պարտություն կկրի հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններում և այդպիսով չի կարողանա իրագործել Վաշինգտոնին տված անիրական խոստումները:

Ավելի կարևորն այն է, որ Էրդողանը տեղյակ է Օբամայի վարչակազմի մոտալուտ հեռանալու մասին: Եվ չնայած իր իրավահաջորդի ճանապարհը մաքրելու ուղղությամբ ԱՄՆ նախագահի ջանքերին` ԱՄՆ-ի հաջորդ ոչ մի նախագահ չի վարի Վաշինգտոնի ընթացիկ խճճված արտաքին քաղաքականություն (անգամ եթե ԱՄՆ նախագահ դառնա Հիլարի Քլինթոնը, ապա նա հեռու կմնա Օբամայի կործանարար ռազմավարությունից):

Այդ ամենի հիման վրա մենք կարող ենք ասել, որ Էրդողանը հավատարիմ կգտնվի անսկզբունքային ու պատեհապաշտ ռազմավարությանը: ԻՊ-ին անուղղակի աջակցելն իմաստ կունենար, եթե ԻՊ-ի ինքնահռչակ «խալիֆ» Աբու Բաքր ալ-Բաղդադին իրական աջակցություն վայելեր գոնե գրաված շրջաններում` էլ չխոսած ընդհանրապես Մերձավոր Արևելքի արաբական երկրների մասին:

Եվ այնուամենայնիվ, առկա տվյալները վկայում են, որ ԻՊ-ը բավական հանրաճանաչ չէ անգամ արմատական արաբ սուննիների շրջանում: Դրանով իսկ հենց որ անկում ապրի ԻՊ-ը, իսկ դա անպայմանորեն տեղի է ունենալու, Թուրքիան կարող է հայտնաբերել, որ հայտնվել է պարտվածների շարքում: Իսկ կորցնելով ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներին` Թուրքիան կարող է նաև մեկուսացման մեջ հայտնվել իր իսկ տարածաշրջանի շրջանակներում:

Չնայած նրան, որ Էրդողանն Օբամային քննադատում է նրա համար, որ նա Ասադին ու ԻՊ-ին հրաժարվում է դիտարկել որպես միասնական խնդրի երկու մասեր` թուրք առաջնորդը կատարում է նույն սխալը: Նա ընդունում է, որ Ասադը չարիք է, սակայն չի ընդունում, որ ԻՊ-ը նույնպիսի չարիք է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս