Ռուսաստանի հանկարծակի զորավարժությունները հարուցում են լուրջ մտահոգություն. Սթոլթենբերգ
Բրիտանական The Guardian թերթին տված հարցազրույցի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի զինված ուժերի հանկարծակի զորավարժությունների քանակի աճի կապակցությամբ:
Սթոլթենբերգը մտահոգություն է հայտնել նաև ՆԱՏՕ-ի երկրների հետ սահմանի երկայնքով Ռուսաստանի ռազմական ներկայության ուժեղացումից. «Ռուսաստանը գնալով ավելի ու ավելի շատ զորավարժություններ է անցկացնում առանց նախնական իրազեկման:
Վերջին երկու տարվա ընթացքում Ռուսաստանն անցկացրել է մոտ մեկ դյուժին անսպասելի զորավարժություններ: Վերջին շրջանում Ռուսաստանի կողմից հանկարծակի զորավարժություններ անցկացնելու պրակտիկան հարուցում է լուրջ մտահոգություն:
Ռուսաստանը Ղրիմը զավթել է անսպասելի զորավարժության պատրվակով: Մինչդեռ ՆԱՏՕ-ն «Սառը պատերազմի» ավարտից ի վեր առանց զգուշացման չի անցկացրել զորավարժություններ»:
Սթոլթենբերգը նկատել է, որ յուրաքանչյուր երկիր ունի զորավարժություններ անցկացնելու իրավունք իր միջազգային պարտավորությունների շրջանակներում: