ՓՄՁ ոլորտի ամենամեծ գլխացավանքը
Այսօր Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկությունների ամենամեծ գլխացավանքը պատվերների, պահանջարկի նվազումն է: Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ բազմաթիվ ընկերություններում պահանջարկը կտրուկ նվազել է:
«Այսօր շատ-շատ առևտրային ոլորտի ընկերություններ են փակվում: Պահանջարկը բավականին ընկել է նաև շինարարական նյութեր արտադրողների մոտ, որոշակի արտադրանքների գծով, հենց սննդի արդյունաբերության ոլորտում, հաշվապահական, աուդիդտի, ուսուցման, խորհրդատվական, նաև անկում կա քաղցրավենիքի, հրուշակեղենի արտադրության մեջ: Հետևանքն այն է լինելու, որ հետզհետե ավելի շատ ձեռնարկություններ կփակվեն, կամ աշխատողներին կկրճատեն: Շատերն այսօր վաճառում կամ վարձակալության են տալիս իրենց ունեցվածքը: Անշարժ գույքի շուկան էլ լճացել ու վատ վիճակում է»,- ասաց նա:
Գ.Մակարյանի խոսքով՝ ներդրումների որոշակի աշխուժացում կա, բայց դա շատ քիչ է: Նա նշեց, որ նաև կրթական համակարգը չհասցրեց, որ նոր գործարարներ կամ նորարարական աշխատուժ ապահովի:
«ՓՄՁ-ները տառապում են վատ կառավարման, մարդկային ռեսուրսների, հին տեխնոլոգիաների ու հին սարքավորումների, ներդրումների բացակայության, ռեսուրսախնայողության և էներգախնայողության ցածր մակարդակի, արտահանման պոտենցիալի բացակայության պատճառով: Այս 5 կետերը շատ փոխկապակցված են, և խնդրի լուծման հիմնական բանալին նորարական ձեռնարկությունների ստեղծումն է»,- նշեց Մակարյանը: