2015թ. ընթացքում ՀՀ կառավարությունը խոշոր բիզնեսից 8.3%-ով ավելի շատ գումարներ է «պարտք արել»
Անցած տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը խոշոր բիզնեսից 8.3%-ով ավելի շատ գումարներ է «պարտք արել»: Հայաստանի հարկային ծառայության հրապարակած խոշոր հարկ վճարողների մոնիթորինգի ցուցանիշների համաձայն՝ գերավճարների աճի տեմպը տարվա ընթացքում եղել է հենց 8.3% ու տարվա վերջում կազմել 137 մլրդ 685 մլն դրամ:
Գերավճարներն այն գումարներն են, որոնք պետությունը պետք է վերադարձնի արտահանղներին ավելացված արժեքի հարկի գծով, նաև բիզնեսից գանձված կանխավճարներն են: Ընդ որում՝ գերավճարների վերադարձման հետ կապված դժվարությունները կառավարության մոտ սրվել են տարվա կեսից, մասնավորապես՝ հունվար-հունիսի դրությամբ գերավճարների գծով պետության պարտքը եղել է 130 մլրդ 577.4 մլն դրամ: Սակայն, ընդհանուր առմամբ, գերավճարների վերադարձի հարցը բարդացել է վերջին 2 տարում, մասնավորապես՝ 2012 թ. գերավճարների գծով պարտքը կազմել է 108 մլրդ 160.7 մլն դրամ: Այսինքն՝ այս ընթացքում բիզնեսի հանդեպ պետության պարտքն ավելացել է 29.5 մլրդով:
Հարկ է նշել, որ գերավճարների պարտքի կուտակումը բավականին երկար տարիների պատմություն ունի, ժամանակ առ ժամանակ կառավարությանը հաջողվում է այն որոշ չափով պակասացնել, բայց հետո այդ ցուցանիշը նորից աճում է: Օրինակ՝ անցած տարի պետությունը վերադարձրել է 34.4 մլրդ դրամ գերավճար: