Վլադիմիր Պուտինի և Կաբաևայի երեխա ունենալու մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում. Դ.Պեսկով
forbes.ru-ի փոխանցմամբ՝ Կրեմլում հերքում են լուրերը, թե Ալինա Կաբաևան երեխա է ունեցել Վլադիմիր Պուտինից: «Տեղեկությունները, թե Վլադիմիր Պուտինը երեխա է ունեցել՝ իրականությանը չեն հանապատասխանում»,- պատասխանելով forbes.ru-ի թղթակցի հարցին՝ ասել է Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Նախատեսում եմ խնդրանքով դիմել մարդկանց, որոնք փող ունեն, որպեսզի մրցույթ կազմակերպեն լավագույն լրագրողական փչոցի համար»,- ասել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ Korrespondent.net-ն՝ հղում անելով շվեյցարական Blick պարբերականին, ավելի վաղ տեղեկություն էր տարածել, որ հնարավոր է՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մի քանի օր շարունակ հանրությանը չերևալու պատճառն այն է, որ նա հայր է դարձել: Blick պարբերականի հաղորդմամբ՝ Շվեյցարիայի հարավում գտնվող Տիչինո կանտոնի (շրջան) բնակիչները հայտնել են, որ օրեր առաջ ծննդաբերելու նպատակով Սուրբ Աննայի կլինիկայում է հայտնվել ռուս հանրահայտ մարմնամարզուհի, նախկին պատգամավոր Ալինա Կաբաևան (լրագրողները քանիցս քննարկել են Ռուսաստանի նախագահի ու հանրահայտ մարզուհու հնարավոր սիրավեպը, սակայն Կրեմլը շարունակ հերքել է այդ լուրերը): Սուրբ Աննայի կլինիկան հայտնի է իր գինեկոլոգիական բաժանմունքով, բազմաթիվ հարուստ ռուս կանայք ծննդաբերելու և բուժվելու նպատակով եկել են այստեղ: Կլինիկան իր տեղեկատվական-գովազդային նյութերը տարածում է նաև ռուսերենով: Պարբերականն ընդգծում է, որ օլիմպիական չեմպիոնուհի Կաբաևան Տիչինո կարող էր գալ նաև նրա համար, որ հեռու մնար ռուսական ԶԼՄ-ների ուշադրությունից: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Կաբաևան արդեն իսկ երկու երեխա (որդի և դուստր) է պարգևել Պուտինին: Սակայն այդ տվյալներն այդպես էլ մնացին չհաստատված, իսկ 31-ամյա Կաբաևան հերքել է այդ տեղեկությունները: