Զախարյանն ընդունել է «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին
ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր վերջապես ընդունել է «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին, սակայն ոչ մի դրական պատասխան չի տվել նրանց: Աշխատողների աշխատավարձի պարտքը հնարավոր կլինի մարել միայն կաուչուկի արտադրության հետ անմիջական կապ չունեցող քացախաթթվի արտադրամասի սարքավորումների վաճառքից հետո: Թե ե՞րբ դա կլինի, պարզ չէ: Հստակ է միայն, որ արդեն կրճատված աշխատակիցներին ոչ մի լումա չի վճարվելու: Անգամ նրանց պարտքը փակելու ժամանակացույցի վերաբերյալ նախարարը հստակ ոչինչ չի ասել:
168.am-ի հետ զրույցում գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը հայտնեց, որ հանդիպման ժամանակ նախարարն ասել է, թե գույքի օտարումն ու ԱՊՀ Միջպետական բանկի հետ պարտքի հարցի լուծումը հօգուտ աշխատողների կլինի: Ըստ նրա՝ քացախաթթվի արտադրամասի վաճառքի մասին նախարարությունը կարգադրել է գործարանի տնօրինությանը, նախատեսվում է վաճառել ոչ թե որպես մետաղի ջարդոն, այլ որպես արդարության համար պիտանի սարք-սարքավորում, իսկ դրանից ստացված բոլոր միջոցները կուղղվեն աշխատավարձերի պարտքի մարմանը:
Հ.Թադևոսյանի խոսքով՝ գործարանի աշխատելու մասին նախարարի հետ չի խոսվել: Ե.Զախարյանը տեղեկացրել է, որ ՀՀ կենտրոնական բանկի նախագահը հանդիպել է Միջպետական բանկի ղեկավարության հետ և հարցի լուծումը վերջնական փուլում է:
Հ.Թադևոսյանը նաև նշեց, որ ոչ պաշտոնական տեղեկություններով՝ Միջպետական բանկի կարգավիճակը շուտով պետք է փոխվի և բանկն ինքն է շահագրգռված պարտքերից ազատվել ու, չի բացառվում, որ «Նաիրիտի» պարտքը ներեն: Խնդրի նման լուծումը Թադևոսյանը հավանական է համարում. «Եթե դա արվի, գույքը կմնա ՀՀ կառավարությանը, որը կկարողանա քայլեր անել աշխատավարձերի պարտքերի մարման ուղղությամբ: Նաև մինչև բանկի պարտքի հարցը չլուծվի, գործարանում ներդրող չեն կարող գտնել»: