«Եթե դրվի Արմեն Մարտիրոսյանի և Ռուբեն Հակոբյանի «Ժառանգությունից» հեռացնելու հարցը, պետք է դրվի նաև Րաֆֆի Հովհաննիսյանին հարցը». Ստեփան Սաֆարյան

Երեկ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ընդունել էին նախագահ Սերժ Սարգսյանի՝ Սահմանադրության փոփոխությունների հարցի շուրջ զրուցելու հրավերը: ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, սակայն, դրանից հետո lragir.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ «Ժառանգություն» կուսակցությունում եղել է խորհրդակցություն, որտեղ բոլորը այս հրավերի մասնակցությանը դեմ են արտահայտվել, Արմեն Մարտիրոսյանը և Ռուբիկ Հակոբյանը նույնպես ներկա են եղել

Միաժամանակ նա իր կուսակիցների վերաբերյալ ասել էր. «Հավանաբար գնացել են որպես Բաղրամյան 26-ի հաճախորդներ: Ժառանգության հետ այս մասնակցությունը որևէ կապ չունի»:

Իսկ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հանդիպումը տեղի է ունեցել «Ժառանգության» վարչության համաձայնությամբ, ինչը քննարկվել է դեռևս նախորդ օրը տեղի ունեցած խորրդակցության ընթացքում: Այդ մասին տեղեկացել է կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով համաձայնել է մեծամասնության կարծիքին:

168.am-ը «Ժառանգության» նախկին անդամ Ստեփան Սաֆարյանից հետաքրքրվեց՝ ըստ նրա՝ ինչո՞վ են պայմանավորված կուսակցության ներսում այս հակասությունները:

Ի պատասխան նա ասաց, թե միշտ էլ կուսակցության ներսում տարբեր կարծիքներ եղել են, տեսանելի է եղել, որ Զարուհի Փոստանջյանն այլ պատկերացումներ ունի, քան մյուսները. «Ես նույնպես ընթերցեցի ու քանի որ բոլորի հետ շատ լավ հարաբերություններ ունեմ, ես երեկ պարզեցի, որ իսկապես վարչության խորհրդակցվության ժամանակ որոշում չի ընդունվել գնալու վերաբերյալ, դրա մասին էր վկայում և՛ մամուլի խոսնակի զարմանքը, և՛ «Ժառանգության» մյուս անդամների տարակուսանքը, որովհետև խորհրդակցության ընթացքում այդպիսի որոշում չէր ընդունվել: Բայց նաև չեմ ուզում կասկածի տակ դնել մյուսների, ասենք, Արմեն Մարտիրոսյանի հավաստիացումը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը տեղյակ է եղել, այսինքն՝ այնպես չէ, որ չէին կարող գնալ հանդիպման Սերժ Սարգսյանի հետ:

«Ժառանգության» կուսակցության նախագահը նույնպես կարող է կուսակցության անունից որոշումներ ընդունել, պարտադիր չէ՝ վարչության որոշում լինի, հետևաբար՝ այնպես չէ, որ առանց Րաֆֆի Հովհաննիսյանի գիտության են գնացել, բայց նաև մյուսներն են ճիշտ ասում, որ այդ հարցով վարչությունը որոշում չի ընդունել»:

Հարցին՝ ի՞նչ կարելի է ակնկալել առաջիկայում՝ հաշվի առնելով, որ Զարուհի Փոստանջյանը չի բացառել, որ կարող է դնեն Ռուբեն Հակոբյանին և Արմեն Մարտիրոսյանին «ժառանգությունից» հեռացնելու հարցը, Ս. Սաֆարյանն այսպես պատասխանեց.

«Չգիտեմ, այստեղ արդեն խնդիրն ակնհայտորեն հետևյալի մեջ է. եթե այդ հարցն է դրվելու «Ժառանգության» վարչության կազմում, բնականաբար, պետք է դրվի, թե որքանո՞վ են խախտում հանդիսացել վարչության 2 անդամների և Րաֆֆի Հովհաննիսյանի խորհրդակցությամբ կատարված քայլը, որքանո՞վ է դա հակասում և կամ՝ համապատասխանում կուսակցության կանոնադրությանը, և այս կտրվածքով՝ որպես «Ժառանգություն» կուսակցության կանոնադրությունը լավ իմացող մարդ, պետք է ասեմ, որ կուսակցության ղեկավարը նույնպես կարող է որոշումներ ընդունել կուսակցության անունից, հայտարարություններ անել, բայց եթե վարչությունը գտնում է, որ սա այն հարցերից մեկն է, որտեղ կուսակցության ղեկավարը չպետք է որոշում ընդունի, այլ վարչության որոշումն է դոմինանտ, ապա այդ դեպքում, իհարկե, մի փոքր այլ խնիդր է բացվում: Այսինքն՝ ոչ միայն պետք է դրվի Արմեն Մարտիրոսյանի և Ռուբեն Հակոբյանի, այլև Րաֆֆի Հովյաննիսյանի հարցը, որովհետև Ա. Մարտիրոսյանը և Ռ.Հակոբյանը, կարծես թե, հայտարարում են, որ իրենք գնացել են Րաֆֆի Հովհաննիսյանի հետ համաձայնեցնելուց հետո»:

Հարցին՝ իսկ որքանո՞վ եք հավանական համարում Զարուհի Փոստանջյանի կուսակցութունից դուրս գալը՝ հաշվի առնելով այն տարակարծությունները, որ նա ունի կուսակիցների հետ, Ս.Սաֆարյանը պատասխանեց, որ ինքը Զ.Փոստանջյանի անունից չի կարող ոչինչ ասել. «Բայց տեսնելով Զարուհու գրառումը՝ այն բավականին կոշտ եմ համարում»:

Տեսանյութեր

Լրահոս