Բաժիններ՝

Այս տարի Ռուսաստանում պարտադիր քննություն է հանձնել գրեթե 300.000 աշխատանքային ներգաղթյալ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս տարի ռուսերենի, Ռուսաստանի պատմության ու հիմնական օրենսդրության վերաբերյալ աշխատանքային ներգաղթյալների համար պարտադիր համալիր քննություն է հանձնել և վկայական է ստացել 300.000 օտարազգի, որոնք ցանկանում են աշխատել Ռուսաստանում:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի գիտության ու կրթության փոխնախարար Վենիամին Կագանովը. «Մարտի 10-ի դրությամբ գրեթե 300.000 մարդ արդեն իսկ հանձնել է համալիր քննություն ու ստացել է վկայական: Դա վիթխարի ցուցանիշ է: Ողջ նախորդ տարվա ընթացքում միայն ռուսերենի քննություն է հանձնել 100.000-ից ոչ ավելին»:

Համալիր քննություն կարելի է հանձնել Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում, Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանում, Պուշկինի անվան ռուսերեն լեզվի ինստիտուտում, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում ու Խաբարովսկում գտնվող Խաղաղօվկիանոսյան պետական համալսարանում, ինչպես նաև այդ բուհերի կազմակերպած կենտրոններում:

Կագանովը հավելել է, որ ընդհանուր առմամբ՝ Ռուսաստանում ստեղծվել է 394 կենտրոն: Քննության արժեքի հետ կապված՝ Կագանովը հայտարարել է, որ քննությունը հանձնելու գները կարգավորելու իրավունք ունեն բուհերը. «Նրանք արժեքը որոշել են 4900 ռուբլի: Բնականաբար, նախարարությունը կարող է ազդել դրա վրա»:

Կագանովի խոսքերով՝ իրենց նախարարությունը մի շարք շրջաններից առաջարկ է ստացել՝ նվազեցնելու համար համալիր քննություն հանձնելու գինը: Ռուսաստանում աշխատելու իրավունք տվող վկայական ստանալու համար ներգաղթյալը պետք է 2.5 ժամում հաջողությամբ կատարի երեք մոդուլից բաղկացած առաջադրանքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս