8 լավագույն բնական պրոբիոտիկները
Ընդհանուր առմամբ, պրոբիոտիկները մանրէային ծագման միկրոօրգանիզմների և նյութերի դաս են։ Մի քիչ վախեցնող է հնչում, սակայն այսօր պրոբիոտիկները լայնորեն կիրառվում են թերապևտիկ նպատակներով, ինչպես նաև՝ որպես սննդամթերք և իրենց մեջ միկրոկուլտուրաներ պարունակող կենսաբանորեն ակտիվ հավելումներ։ Համարվում է, որ պրոբիոտիկներն օգտակար են օգտագործողների լայն շերտերի, հատկապես ինտենսիվ կերպով սպորտով զբաղվողների համար։
Պրոբիոտիկների տարատեսակները
Սպորտսմեններին հաճախ խորհուրդ տրվող բակտերիա-պրոբիոտիկները բաժանվում են լակտոբակտերիաների (լատ.՝ Lactobacillus ) և բիֆիդոբակտերիաների (լատ.՝ Bifidobacterium)։ Սրանք նաև ենթատեսակներ ունեն։ Պրոբիոտիկների բոլոր տեսակները նաև կարելի է բաժանել 2 խմբի՝ չոր և հեղուկ։
Չոր պրոբիոտիկների թվին են պատկանում չորացրած միկրոօրգանիզմները։
Դրանք կարող են լինել փոշի, պատիճապատ կամ հաբերի տեսքով։
Ընկնելով մեր օրգանիզմ՝ այսպիսի բակտերիաները սկսում են գործել մի քանի ժամ հետո։
Հեղուկ պրոբիոտիկները չչորացրած, սկզբնական վիճակում գտնվող միկրոօրգանիզմներն են։ Սրանք մարդու օրգանիզմում գործում են անհապաղ։ Գտնվելով ֆիզիոլոգիապես ակտիվ վիճակում՝ այդպիսի միկրոօրգանիզմները կլանում են այն միջավայրը, ուր գտնվում են, և արդյունքում՝ արտադրում են մեր օրգանիզմի համար օգտակար մետաբոլիտներ։
Իրենց ազդեցության էֆեկտն ուժեղացնելու համար հեղուկ պրոբիոտիկները պետք է ընդունել ջրում լուծվող վիտամինների, միկրո և մակրոէլեմենտների և ամինաթթուների հետ։
Բացի վերոնշյալ տարբերակներից՝ պրոբիոտիկները հանդես են գալիս նաև յոգուրտների, կաթնամթերքի այլ տեսակների, մյուսլիների, հյութերի, անգամ շոկոլադի տեսքով։
Պրոբիոտիկների օգուտը
Պրոբիոտիկներ ընդունելու հիմնական նպատակը զանազան դիսբակտերիոզների և դրանց հետ կապված հիվանդությունների բուժումն ու կանխարգելումն է։ Մասնավորապես, ինչպես վկայում են գիտական կլինիկական թեստերը, պրոբիոտիկների գործածումը նպաստում է՝
- իմունիտետի բարձրացմանը
- զանազան ինֆեկցիոն հիվանդությունների կանխմանը
- մարդու համար վնասակար բակտերիաներից աղիների պատերի պաշտպանությանը
- աղիների լորձաթաղանթի ամրությանը
- տոքսինների դուրսբերմանը
- հակաբակտերիալ թերապիայի ֆոնին զարգացող դիսբակտերիոզի կանխմանը
- B1, B2, B5, B6, B12, PP, K, C, H վիտամինների՝ օրգանիզմում սինթեզին
- D, E վիտամինների, ինչպես նաև միկրո և մակրոէլեմենտների (երկաթ, կալցիում, յոդ, սելենիում և այլն) յուրացմանը
- սննդի հետ մեր օրգանիզմ ընկնող սպիտակուցների և ածխաջրերի` մինչև 80-90%-ով քայքայմանը և յուրացմանը։
- քացախաթթվի, կաթնաթթուների, մրջնաթթվի, պրոպիոնաթթվի և ճարպաթթվի արտադրմանը, ինչն էլ նպաստում է կրեատինինի և АТФ-ի սինթեզին և, հետևաբար, մեր մկանների համար անհրաժեշտ էներգիայի արտադրմանն ու կուտակմանը։
Եվ այսպես՝
8 լավագույն պրոբիոտիկներն են
1. Յոգուրտ- Համարվում է մեր աղիների առողջ բալանսն ապահովող լակտոբակտերիաների և բիֆիդոբակտերիաների լավագույն աղբյուրը։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ այս պրոբիոտիկները կարող են թեթևացնել որոշ մարդկանց մոտ նկատվող լակտոզայի անանցանելիությունը։
Դրանք կարող են կանխել նաև գազերի կուտակումը, դիարեան և մարսողության այլ խանգարումները։ Կարևոր է ընտրել հենց կենդանի և ակտիվ կուլտուրաներ պարունակող յոգուրտներ։
2. Թթու կաղամբ- Պարունակում է լակտոբակտերիաներ և լեյկոնոստոկ, պեդիոկոկուս պրոբիոտիկներ, որոնք լավացնում են մարսողությունը։
Կարևոր է ընտրել հենց չպաստերիզացված թթու կաղամբ, քանի որ պահպանման ժամկետը երկարացնելու նպատակով պաստերիզացիան սպանում է օգտակար բակտերիաները։
3. Միսո ապուր- Ջրիմուռներով, բանջարեղենով և ֆերմենտացված տոֆու սոյայի պանրով ապուրը կարգի է բերում մարսողական համակարգը։ Միսոն ավելի քան 160 օգտակար բակտերիաներ է պարունակում։
4. Մարինացված վարունգ- Վարունգը մարինացված պետք է լինի առանց քացախի։ Ավելի լավ է վարունգը մարինացնել ծովային աղով, որը ջրի մեջ բացելիս նպաստում է օգտակար բակտերիաների աճին և, հետևաբար, մարսողության բարելավմանը։
5. Փափուկ պանիրներ- Մարսողության համար օգտակար ոչ բոլոր պրոբիոտիկներն են իրենց հատկությունները պահպանում աղեստամոքսային տրակտով անցնելիս։
Սակայն որոշ փափուկ, ֆերմենտացված պանիրներ, օրինակ՝ գաուդան, պատվով են դուրս գալիս այդ ճանապարհորդությունից։
Պանիրները կարող են նաև գործել՝ որպես իմունային համակարգը խթանող պրոբիոտիկների կրողներ։
6. Կեֆիր- Պարունակում է սեփական պրոբիոտիկ բակտերիաներ, ինչպես նաև խմորիչի օգտակար տեսակներ։
7. Թթխմորով պատրաստված հաց- Պարունակում է մարսողությանը նպաստող լակտոբակտերիաներ։
8. Ացիդոֆիլային կաթ- Իրենից ներկայացնում է անյուղ կաթ՝ Lactobacillus acidophilus բակտերիաներով ֆերմենտացված։
Հիշեցում
Պետք է նկատի ունենալ, որ պրոբիոտիկները համարվում են կենսաբանորեն ակտիվ հավելումներ, ինչի պատճառով էլ, ի տարբերություն դեղերի, ստանդարտացված չեն։
Այսպիսով, կախված արտադրողից, նրանց բաղադրությունը կարող է էականորեն փոխվել։
Խնդիրներից խուսափելու համար պրոբիոտիկներ ընտրելիս ուշադիր ուսումնասիրեք կազմը, որպեսզի բացառեք նրանց մեջ լրացուցիչ բաղադրիչները, որոնց նկատմամբ կարող եք ալերգիկ ռեակցիա ունենալ։
Ձեր կողմից գնվող պրոբիոտիկի վրա պետք է նշված լինի պրոբիոտիկ միկրոօրգանիզմների տեսակի, քանակի, պահպանման ժամկետի և եղանակի մասին ինֆորմացիա։
Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ