Մուրադ Փափազյան. «Ֆրանսուա Օլանդը բավական հետաքրքրված է, որ դրական լուծում գտնվի Ղարաբաղի հարցում»
«Ղարաբաղյան հակամարտությունում, բացի միջնորդական առաքելությունից, Ֆրանսիան այլ նախաձեռնություններով է հանդես գալու»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների (CCAF) համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը` անդրադառնալով Ֆրանսիայի երեք խորհրդարանականների տարածած հայտարարությանն ու հարցին, թե Ֆրանսիան պատրա՞ստ է գնալ խորհրդարանականների առաջարկությունների ճանապարհով:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի սենատորներ Սոֆի Ժուասենն ու Միշել Ամիելը Բուր լը Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիենի հետ հայտարարություն են տարածել` կոչ անելով ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
«Մենք պետք է, ավելի քան երբեք, նեցուկ լինենք Ղարաբաղի ժողովրդավարությանը, որի համար մենք պահանջում ենք Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը»,- իրենց տարածած հայտարարությունում նշել են ֆրանսիացի երեք խորհրդարանականները։
Մուրադ Փափազյանը նշեց, որ Ֆրանսիայի կառավարությունը` ի դեմս նախագահ Ֆրանսուա Օլանդի, ցանկանում է ակտիվ դերակատարություն ստանձնել ԼՂ հակամարտության վերջնական կարգավորման հարցում ոչ միայն՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր: Քանի որ հայկական համայնքի կողմից ուժեղ ճնշում կա իշխանությունների նկատմամբ, համայնքը պահանջում է Ֆրանսիայից՝ գործել ի նպաստ Լեռնային Ղարաբաղի և հայկական կողմի:
Ուստի, նրա խոսքով, Ֆրանսուա Օլանդը բավական հետաքրքրված է, որ դրական լուծում գտնվի Ղարաբաղի հարցում: «Ներկայումս Ղարաբաղի անկախության ճանաչումն ամենաճիշտ ճանապարհն է մեզ համար, որովհետև Ղարաբաղի ժողովրդի կամքն է արտահայտվում դրա միջոցով, իսկ ժողովրդի կամքը հարգել է պետք: Մի որոշ ժամանակ կպահանջվի, որպեսզի դիվանագիտորեն ընդունվի այս առաջարկը, որը կարող է հակամարտության կարգավորման բանալին դառնալ: Սակայն չպետք է մոռանալ նաև, որ ԵԱՀԿ ՄԽ-ն ունի նաև ՌԴ և ԱՄՆ համանախագահներ, ուստի Ֆրանսիան կարող է դերակատարություն ունենալ այս հարցում, բայց միայնակ չի կարող լուծման որևէ սցենար առաջ քաշել: Այս ուղղությամբ տևական աշխատանք պետք է իրականացվի»,- մեկնաբանեց Մուրադ Փափազյանը:
Նա նշեց, թե չի կարող խոսել Ֆրանսիայի կառավարության անունից և ասել ` արդյո՞ք Ֆրանսիան նախատեսում է ճանաչել ԼՂ անկախությունը: «Գիտեմ, որ ցանկանում են հարգել հայկական կողմի պատճառաբանությունները, հիմնավորումները, բայց պետք է լուծում ևս գտնել, որ միջազգայնորեն ճանաչվի ԼՂ անկախությունը: Կան օրինակներ, ինչպես Կոսովոյի օրինակը, մեզ համար դա կարևոր է, մենք պետք է միշտ ճնշում բանեցնենք, որպեսզի Ղարաբաղի ժողովրդի կամքը հարգվի:
Գիտեմ, որ այդ ուղղությամբ աշխատանք կա, և Օլանդը ցանկանում է դրական լուծում տալ այդ հարցին: Բայց չեմ կարող ասել, թե կառավարությունը կո՞ղմ է այս փուլում Ղարաբաղի անկախությանը, թե՞ ոչ: Ֆրանսիան դրանից առաջ ցանկանում է, որ ԼՂ-ն դառնա բանակցությունների լիարժեք կողմ, և այդ ուղղությամբ իրենց կարծիքը հայտնել են Ֆրանսիայի բարձրաստիճան սոցիալիստ պաշտոնյաները: Հույս ունեն, որ առաջիկայում ԼՂ-ն մաս կկազմի բանակցություններին, իսկ անկախության ճանաչման հարցն ավելի հեռահար խնդիր է»,- ասաց Փափազյանը: