Լե Պենն ընդունել է հանդիպելու և խմելու մասին Մադոննայի առաջարկը
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ֆրանսիական «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենը համաձայնվել է հանդիպել ամերիկացի երգչուհի Մադոննայի հետ՝ խմելու և իրենց հայացքների շուրջ զրուցելու համար. «Ես սիրով ընդունում եմ Մադոննայի առաջարկը»: Լե Պենի խոսքերով՝ նա գնահատում է նրանց, ովքեր կատարում են անկեղծ քայլեր:
Մարտի 2-ին Մադոննան ֆրանսիական Canal+ հեռուստաալիքի Le Grand Journal հաղորդման եթերում Լե Պենին առաջարկել էր խմել և քննարկել մարդու իրավունքների հարցը: Նա հայտարարել էր, որ ձգտում է հասկանալ քաղաքական գործչին և ոչ թե պատերազմել նրա դեմ:
Փետրվարի 27-ին Մադոնան հայտարարել էր, որ դժգոհ է Եվրոպայում տիրող նացիստական տրամադրություններից՝ հավելելով, որ անհանդուրժողականության մակարդակը վախեցնող է:
Մադոննան ընդգծել էր, որ Լե Պենից ու նրա կուսակցությունից ստացել էր սպառնալիքներ՝ կապված այն սադրիչ տեսահոլովակի հետ, որը նա ցուցադրել էր 2012 թվականին Փարիզում ունեցած համերգի ժամանակ: Դրանում Լե Պենը պատկերված էր սվաստիկան ճակատին: