Բաժիններ՝

Ճապոնական իմաստնություններ

Ճապոնական մշակույթի հանելուկային և անիմանալի լինելու մասին կարելի է խոսել ժամերով, քանի որ այն խիստ տարբերվում է եվրոպականից։ Եվ այսօր էլ աշխարհի ամենաժամանակակից և տեխնոլոգիական զինվածությամբ հավասարը չունեցող երկիրը պահպանում է կապն իր արմատների և ավանդույթների հետ։

Գուցե հենց դա է նրանց հաջողության գաղտնիքը։

Ստորև ներկայացնում ենք ճապոնական իմաստուն մտքերի ծաղկաքաղը։

1. Եթե պրոբլեմը հնարավոր է լուծել, ապա պետք չէ նրա համար անհանգստանալ, իսկ եթե այն լուծելի չէ, անհանգստանալն անօգուտ է։

2. Մտածելով՝ որոշում կայացրու, որոշում ես կայացրել՝ էլ մի մտածիր։

3. Գնացողին մի՛ պահիր, եկողին մի՛ քշիր։

4. Արագը նույն դանդաղն է, միայն թե՝ առանց ընդմիջումների։

5. Ավելի լավ է լավ մարդու թշնամին լինել, քան վատի բարեկամը։

6. Առանց սովորական մարդկանց չեն լինում բացառիկներն ու մեծագույնները։

7. Ով շատ է ուզում վերև բարձրանալ, նա աստիճան էլ կհորինի։

8. Ամուսինն ու կինը պետք է աչքերի և ձեռքերի նման լինեն։

Երբ ձեռքը ցավում է, աչքերը լալիս են, իսկ երբ աչքերն են լալիս, ձեռքերը սրբում են արցունքները։

9. Ծովն այն պատճառով է մեծ, որ չի խորշում մանր գետերից։

10. Անգամ հեռու ճանապարհն է սկսվում մոտ ճանապարհից։

11. Ով խմում է, նա չի իմանում գինու վնասների մասին, ով չի խմում, անտեղյակ է նրա օգուտներից։

12. Եթե անգամ սուրը քեզ կյանքում 1 անգամ պետք գա, միևնույն է, այն միշտ մոտդ պահիր։

13. Գեղեցիկ ծաղիկները լավ պտուղներ չեն տալիս։

14. Վիշտը, ինչպես պատռված զգեստը, պետք է տանը թողնել։

15. Երբ սիրում ես, ջրծաղիկի հետքերն այտերի փոսիկների նման գեղեցիկ են թվում։

16. Անկողնում պառկած ոչ ոք դեռ չի սայթաքել:

17. Մի բարի խոսքը կարող է ջերմացնել ձմեռվա 3 ամիսներին։

18. Ճանապարհդ զիջիր հիմարներին և խենթերին։

19. Երբ ճյուղ ես նկարում, պետք է լսես քամու շնչառությունը։

20. 7 անգամ ստուգիր, մինչև կկասկածես մարդուն։

21. Արա այն, ինչ կարող ես։

Մնացած հարցերում հույսդ դիր Աստծո վրա։

22. Չափից առավել ազնվությունը նմանվում է հիմարության։

23. Այն տանը, ուր ծիծաղում են, հյուր է գալիս երջանկությունը։

24. Հաղթանակը հակառակորդից կես ժամ ավելի դիմացողին է տրվում։

25. Լինում է այնպես, որ տերևը սուզվում է, իսկ ա՛յ, քարը լողում է ջրի երեսին։

26. Ժպտացող դեմքի ուղղությամբ նետ չեն արձակում։

27. Սառը թեյը և սառը բրինձը տանելի են, սակայն սառը հայացքը և սառը խոսքն անտանելի են։

28. 10 տարեկանում՝ հրաշք, 20-ում՝ հանճար, իսկ 30-ից հետո՝ սովորական մարդ։

29. Եթե կինն ուզի, ժայռի միջով էլ կանցնի։

30.Հարցնելիս մի պահ ես ամաչում, չիմանալիս՝ ամբողջ կյանքում։

31. Վատ վարպետի ձեռքի տակից կատարյալ սափոր դուրս չի գալիս։

32. Մի խորշիր մի փոքր կքելուց։ Հետո ավելի ուղիղ կկանգնես։

33. Խորը գետերն անձայն են հոսում։

34. Եթե ճանապարհ ես ընկել քո կամքով, հեռավորությունը սարսափելի չէ։

Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս