«Անպայման կվերադառնամ Հայաստան»
Մարինե Կարապետյանը (անունը փոխված է) արդեն 2 տարի բնակվում է Չեխիայում` Պրահա քաղաքում, ուր գնացել է սովորելու նպատակով:
– Մարինե, ինչո՞ւ հենց Եվրոպա…
– Որովհետև ուսման մակարդակն այստեղ ավելի լավն է: Ուզում եմ նոր գիտելիքներ ստանալ, որպեսզի հետագայում լավ մասնագետ դառնամ:
– Իսկ ի՞նչ մասնագիտությամբ ես սովորում:
– Բռնոյի անասնաբուժական և դեղագործական համալսարանի անասնաբուժական ֆակուլտետում եմ սովորում:
– Որքանո՞վ է ուսումնական պրոցեսը բարդ:
– Բավականին բարդ է: Որքան էլ իմանաս լեզուն, միևնույն է, խոչընդոտներ կան, քանի որ շատ է տերմինոլոգիան, որոնք հիշելը շատ դժվար է:
– Ի՞նչ դժվարությունների և խոչընդոտների հետ ես բախվել Չեխիայում:
– Միակ և մեծ խոչընդոտը լեզուն էր, դրա համար սկզբում որոշեցի մեկ տարի նախապատրաստական դասընթացների գնալ, հետո ընդունվեցի համալսարան: Հիմա արդեն այդ խոչընդոտը հաղթահարել եմ ու ազատ շփվում եմ չեխերենով: Իհարկե, կան նաև դժվարություններ, օրինակ, որ մարդկանց մեջ օտարություն ես զգում, կարոտում ես տունդ, հայրենիքդ, ընկերներիդ և ամենակարևորը` ընտանիքդ: Մի դժվարություն էլ կա՝ մենակությունը:
Սկզբում, երբ մի քանի ամիս հանրակացարանում էի ապրում, այդքան էլ մենակություն չէի զգում: Բայց երբ տեղափոխվեցի վարձակալած բնակարան, որոշ դժվարություններ սկսվեցին. իմ փոխարեն տունը հավաքող չկա, ինձ համար ուտելիք պատրաստող չկա, և այդ ամենը ես ինքս պետք է անեմ: Մի կողմից` լավ է, ավելի ինքնուրույն ես դառնում, բայց սկզբում շատ դժվար էր:
– Իսկ հանրակացարանում նո՞ւյնը չէր:
– Ոչ, հանրակացարանում ամեն սենյակում երկու հոգով էինք ապրում, շաբաթը մեկ անգամ գալիս և փոխում էին անկողինը, սակայն լինում էր, որ չէին փոխում: Բայց այնտեղ էլ այլ խնդիրներ ունեի. Ինտերնետ ոչ մի սենյակում չկար, միայն ընդհանուր սենյակ կար, որտեղ բոլորը հավաքվում էին, և ամեն մեկն իր ընկերների կամ ծնողների հետ էր կապվում: Խոհանոց էլ չկար, պետք է կամ հենց հանրակացարանի ուտելիքը գնեինք, կամ դրսում սնվեինք:
– Ինչպիսի՞ անակնկալներ են եղել այս ընթացքում կյանքում:
– Երբ դեռ նոր էի եկել Պրահա և նախապատրաստական կուրսերի էի հաճախում` մի երեկո նոր ծանոթներիս հետ փողոցով քայլելիս սևամորթներ մոտեցան մեզ և թմրանյութ առաջարկեցին: Մենք արհամարհեցինք նրանց, սակայն նրանք մեր ետևից շարունակեցին գալ: Լավ էր, որ մեզ հետ տղաներ կային և ասացին նրանց, որ մեզանից հեռու մնան: Դա ինձ համար անակնկալ էր, քանի որ Հայաստանում այդպիսի բան չես տեսնի փողոցներում:
– Մարինե, իսկ ինչի՞ց է պետք խուսափել Չեխիայում:
– Տաքսու վարորդներից, ովքեր միշտ փորձում են խաբել և շատ գումար են ուզում: Դրա համար, մինչև մեքենան նստելը պետք է հարցնել, թե ինչքան կարժենա մինչև այն վայրը, ուր գնում եք:
– Որքա՞ն ժամանակ է պահանջվում, որ քեզ օտար չզգաս:
– Մեկ-երկու տարի է պահանջվում, որ հարմարվես միջավայրին, լեզվին լավ տիրապետես, եթե հատուկ դասընթացների չես գնում: Այդ ընթացքում նաև կարողանում ես հասկանալ այդ ազգին:
– Ի՞նչ ես մտադիր անել ուսումն ավարտելուց հետո:
– Անպայման կվերադառնամ Հայաստան: Ես ուրիշ երկրում չեմ կարող ապրել, հեռու ընտանիքից, տնից ու ընկերներից: Վերադառնալուս պատճառներից մեկն էլ այն է, որ չեմ ուզում աշխատել օտար երկրում, Հայաստանում կապրեմ և իմ ուժերի հնարավորության չափով կփորձեմ իմ երկրին օգուտ տալ իմ աշխատանքով և գիտելիքներով:
ԼԻԼԻԹ ԴԵՄՈՒՐՅԱՆ
Հրապարակումը՝ «168 Ժամ» թերթում տպագրված «Միգրացիա. Լույս և ստվեր» ներդիրից