Բաժիններ՝

«Չեմ սիրում նայել այն, ինչ խաղում եմ, լսել այն, ինչ երգում եմ»

Առաջին հայացքից` թվում է, թե թիկունքում ունենալով ճանաչված և տաղանդավոր արվեստագետներ` ամենահարազատ մարդկանց մարմնավորմամբ, ամեն ինչ պետք է հեշտ տրվի, եթե նույնպես ընտրել ես արվեստի ուղին։ Օպերային երգիչ և դերասան Արման Նշանյանն այդ առումով ավելի քան բախտավոր է, չէ՞ որ նրա տատիկն է, կամ, ինչպես նա է ասում` Մեծ մայրն է հայտնի օպերային երգչուհի Աննա Նշանյանը, ծնողները` թատրոնի և կինոյի դերասաններ Ժան-Պիեռ Նշանյանը և Շաքե Թուխմանյանը։ Եվ այսօր արդեն նրան են ներկայացնում` որպես օպերային երգիչ և դերասան Արման Նշանյան։

– Արման, որքանո՞վ էր հեշտ հատկապես սկզբնական շրջանում ապացուցել` առաջին հերթին` ինքներդ Ձեզ, և հետո արդեն՝ Ձեր հարազատներին, որ ճիշտ որոշում եք կայացրել` ընտրելով արվեստի ուղին։

– Կյանքում երբևէ չեմ մտածել որևէ մեկին որևէ բան ապացուցելու մասին։ Միշտ փորձել եմ հետևել հոգուս կանչին և լսել ներքին ձայնս։ Համարում եմ ինձ բախտավոր, քանի որ ծնվածս օրից ունեցել եմ ճիշտ հոգևոր և մշակութային «սնուցում» և, ըստ այդմ, ընտրել եմ ճիշտ ուղղություն։

– Որքա՞ն ժամանակ եք զբաղվել երաժշտությամբ, և ի՞նչ դեր ունի այսօր այն Ձեր կյանքում։ Եթե չեմ սխալվում` այժմ առավել շատ ժամանակ հատկացնում եք կինոյին և թատրոնին։

Կարդացեք նաև

– Երգել եմ միշտ` մանկությունից մինչ օրս։ Հոգով դերասան եմ։ Տեսնում եմ կերպար և դրություն ամեն ինչի մեջ։ Հատկապես` երգարվեստի։ Երբ երգում եմ` կերպարանավորվում եմ։ Տարբերությունը միայն նրանում է, որ բառերի փոխարեն` հնչյուններ են խոսում։ Առանց երգի կյանքս կլիներ ինչպես ծիածանը` առանց գույների։

Arman Nshanyan (9)

– Ձեր հայացքի մեջ այնքան ասելիք կագ Ո՞վ եք Դուք իրականում, երբ մենակ եք` հայելու առաջ։

– Ամեն պահ կորցնում եմ ինձ և գտնում վերստին։ Ամեն անգամ հայելու առաջ կանգնելիս շատ տարբեր անձ է հայտնվում։ Սակայն հիմնականում և միշտ` հույսով։ Այն նույն երեխան, ով համոզված է, որ, մոր սիրուց բացի, ուրիշ ոչ մի բան գոյություն չունի այս աշխարհում։

– Կարծում եք` հնարավո՞ր է լինել լավ երգիչ, լավ դերասան, լավ ռեժիսոր` միաժամանակ։ Արդյո՞ք որևէ մեկը չի տուժում` մյուսի հաշվին։

– Կարծում եմ` կարևորն անկեղծ լինելն է։ Իսկ եթե անկեղծ ես, ապա կարևոր չէ, թե ինչ կամ քանի միջոց ես ընտրել այդ անկեղծությունը հանդիսատեսին փոխանցելու համար։ Այդ դեպքում միայն մեկը կաճի մյուսի հաշվին։

Arman Nshanyan (8)

Arman Nshanyan (5)

Arman Nshanyan (4)

– Որքա՞ն ժամանակ է, ինչ չեք երգում` որպես օպերային երգիչ։ Եվ կա՞ արդյոք ցանկություն։

– Շատ մեծ վերք եք բացում այդ հարցով միայն։ Արդեն մի քանի տարի է, ինչ հանդես չեմ գալիս` որպես օպերային երգիչ բեմում։ Իհարկե, մեծ է ցանկությունս կրկին բեմում օպերա երգելու։ Շատ եմ ուզում։

– Դուք ներկայացում եք բեմադրել, որտեղ նաև գլխավոր դերակատարներից մեկն եք։ Որպես ռեժիսոր` ինչպե՞ս եք գնահատում Ձեր խաղը։ Միայն չասեք, թե դա հանդիսատեսը պետք է որոշի։

– Չեմ սիրում նայել այն, ինչ խաղում եմ, լսել այն, ինչ երգում եմ, և հետևաբար` խոսել ինքս իմ մասին։ Բայց հարցից չխուսափելու նպատակով` կասեմ միայն, որ կարծում եմ` կերպարը ստացված էր, համոզիչ և համահունչ ներկայացման հետ։

Arman Nshanyan (6)

Arman Nshanyan (7)

– Ովքե՞ր են Ձեր քննադատները։ Ո՞ւմ կարծիքն է Ձեզ համար առավել կարևոր։

– Դերասանական արվեստում քննադատներն իմ ծնողներն են, իսկ երգարվեստում` մեծ մայրս։

– Առհասարակ ընդունո՞ւմ եք քննադատություն։

– Պահի տակ` ոչ։ Բայց հետո շատ եմ մտածում դրա մասին։

– Որքանո՞վ է պատասխանատու` լինել ճանաչված ծնողների զավակ։

– Ընդհանրապես պատասխանատու է` պատասխանատու լինելը, և հետո միայն պատասխանատու է ճանաչված լինելը։ Եվ ինչո՞ւ ոչ, պատասխանատու է ճանաչված ծնողների զավակ լինելը։ Եվ այդ ամենը ոչ թե ծնողներիդ կամ ինքդ քո պատվին, այլ հենց պատասխանատվության պատվին։

– Դուք դեռ մանկուց շփվում եք ճանաչված արվեստագետների հետ։ Իսկ վերջին տարիներին արդեն Ձեր կինոգործունեության արդյունքում նաև հոլիվուդյան դերասանների հետ եք համագործակցում։ Ի՞նչ է տալիս Ձեզ շփումն այդ մարդկանց հետ` բացի հպարտության զգացումից։

– Այն հասկացողությունը, որ աշխարհիս երեսին ամենատաղանդավոր մարդը բարի մարդն է, որ փառքն ու հարստությունն ընդամենը հետևանքներ են` ինչ-ինչ քայլերի։ Բայց ամենակարևորն է` լինել տաղանդավոր Մարդ, տեսակ, որն այս օրերին ամենադժվար մասնագիտությունն է։

Arman Nshanyan (3)

– Վերջերս նկարահանվել եք հոլիվուդյան երկու ֆիլմերում, և, եթե չեմ սխալվում, պատրաստվում եք նաև երրորդի նկարահանումներին։ Կպատմե՞ք մի փոքր այդ ֆիլմերից։

– «Vigilante Diaries»-ը շատ յուրահատուկ ժանրի ֆիլմ է։ Այն հեքիաթային-էքշըն ֆիլմ է` ուժեղ կերպարներով, որտեղ բարին պայքարում է չարի դեմ։ Իսկ «East of Byzantium» ֆիլմն ամբողջովին այլ թեմատիկայով և այլ ժանրի է։ Ֆիլմն անդրադառնում է Տրդատ թագավոր, Գրիգոր Լուսավորիչ, Վարդան Մամիկոնյան պատմական կերպարներին և պատմությանը։ Երկու սերիանոց ֆիլմ է` «Lord of the rings» ֆիլմի գլխավոր անիմատորի ռեժիսորությամբ։ Երրորդ ֆիլմի նկարահանումները վերջերս ավարտվեցին։ Այն մեր ցեղասպանության մասին ֆիլմ է լինելու։ Ֆիլմը նկարահանում է ռումինացի ռեժիսոր։

Մի փոքրիկ նկարիչ տղայի կյանքն է, որն ապրում է մինչև 110 տարեկան և իր երկար կյանքի ընթացքում ականատես է լինում ջարդին։ Ես այդ տղային եմ մարմնավորում` 18 տարեկանից` մինչև 110 տարեկան։ Ի դեպ, ասեմ, որ մայրս ևս այս ֆիլմում շատ հետաքրքիր կերպար է մարմնավորում։ Իսկ 4-րդ ֆիլմի նկարահանումները կսկսվեն ապրիլին` Հոլիվուդում։ Այն ևս ունի իր մեջ շատ հետաքրքիր հայկական պատմություն։ Սակայն դեռևս իրավունք չունեմ բացելու այս նոր ֆիլմի փակագծերը։

– Ի՞նչն է հանդիսացել «Vigilante Diaries» ֆիլմում նկարահանվելու դրդապատճառը։ Բավականին ագրեսիվ է։

– Կերպարն է հետաքրքրել։ Սիրում եմ բարդ և հետաքրքիր կերպարներ մարմնավորել։ Բացասական կերպար երկար ժամանակ չէի խաղացել։

– Պատասխանատու չէ՞ր որոշումը` «East of Byzantium» ֆիլմում մարմնավորելու մի պատմական կերպարի, որին` անկախ մարմնավորողից, քննադատելու մի պատճառ, միևնույն է, կգտնեին։ Նորություն չէ, որ երբ ֆիլմում պատմական հերոսի են մարմնավորում, ֆիլմի էկրան բարձրանալուց հետո պարզվում է, որ ողջ հայությունն անձամբ է ճանաչել այդ մարդուն, մի քանի բաժակ էլ սուրճ է խմել տվյալ պատմական հերոսի հետ։ Եվ, հետևաբար, նա, ով պատկերված է ֆիլմում, ոչ մի կապ չունի իրենց իմացած հերոսի հետ։

– Կարծում եմ, որ քննադատություն միշտ էլ լինելու է։ Դա է օրենքն այս աշխարհի։ Հուսով եմ, որ կարողացել եմ պատվով ներկայացնել մեր Սուրբ հերոսին` Գրիգոր Լուսավորչին։

p3emzcr5gDotfPEEuJAJeMAbJ1

– Նկարահանումների, բեմադրությունների արանքում հասցնո՞ւմ եք Ձեր ընկերուհու հետ գոնե կինոթատրոն գնալ։ Ի դեպ, ունե՞ք ընկերուհի։

– Մարդու մտքին տեղ լինի` ամեն ինչի ժամանակ էլ կգտնի։

– Պատմեք Ձեր ապակեպատ լոգախցիկի մասին։ Այդ, մեղմ ասած, թափանցիկ լոգախցիկում ինչպիսի՞ կին պետք է լողանա։

– Պետք է ապակու պես թափանցիկ լինի և ձուլվի ջրի մաքրության հետ։

– Հարցազրույցներից մեկում նշում եք, որ Ձեր կողքին պետք է լինի պարտադիր հայուհի, այն էլ` մի քիչ թմբլիկ։ Հայուհին` հասկանալի է, բայց թմբլիկությունն իսկապե՞ս պարտադիր գործոն է։

– Կարծում եմ` լավ ախորժակը լավ նշան է։

– Ե՞րբ եք պատրաստվում գալ տուն` Հայաստան։

– Ձեր հարցից փշաքաղվեցի։ Տուն կգամ արդեն մայիսին։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս