Մանաթի արժեզրկումը որևէ կերպ չի ազդի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա. Արաստուն Օրուջլու

Minval.az-ի փոխանցմամբ` ադրբեջանցի քաղաքագետ, Արևելք-Արևմուտք հետազոտական կենտրոնի ղեկավար Արաստուն Օրուջլուն մեկնաբանել է ազգային արժույթ մանաթի կտրուկ (34 տոկոսով) արժեզրկումը:

Նա հայտարարել է, որ պետության ղեկավարի ելույթը հաստատեց, որ մանաթի արժեզրկման մասին ԿԲ-ի որոշումն ընդունել է անձամբ նա, քանի որ թե´ ԿԲ-ը, թե´ պետական մյուս կառույցները չունեն բավականաչափ ինքնուրույնություն.

«Երկրում բոլոր որոշումներն ընդունում է անձամբ պետության ղեկավարը: Երեկ էլ նա հաստատեց այն, ինչի մասին հայտարարել էր դեռևս հունվարին: Նա ընդգծեց, որ ֆինանսական բարեփոխման ժամանակ մանաթը հավասարեցվել է դոլարի փոխարժեքին, իսկ չգիտես ինչու շատ ԶԼՄ-ներ սկսեցին գրել, թե մանաթը հավասար կլինի մեկ եվրոյին:

Դա յուրօրինակ հնարք էր` միտված հասարակական կարծիքը մոլորեցնելուն: Սակայն այժմ Ալիևը հստակություն մտցրեց ազգային արժույթի հարցում` բաց տեքստով կրկնելով այն, ինչի մասին ասել էր հունվարին, սակայն այժմ արդեն դա արեց մանաթի արժեզրկումից հետո:

Մանաթի նման կտրուկ արժեզրկման պատճառը Եվրոպական խաղերի անցկացման համար միջոցների սխալ հաշվարկն էր: Կառավարությունը ճիշտ չի գնահատել նավթի գնանկման ռիսկերը, ինչպես նաև հիմնական արհեստական գործոններով պայմանավորված խնդիրներ` տնտեսության մոնոպոլացում, ազատ շուկայի բացակայություն:

Ներկայումս քարոզչությունն ասում է, թե կկանխվի արհեստական գնաճը, միջոցներ կձեռնարկվեն այդ ուղղությամբ, սակայն մենք քաջ գիտենք, որ դա անհեթեթություն է, որոշ ժամանակով խաբելու միջոց:

Ներկայումս նրան ձեռնարկատերերին կարող են հարկադրել իրենց խանութներում առաջին անհրաժեշտության ապրանքները վաճառել հին գներով, սակայն եթե դա շարունակվի մի քանի ամիս, ապա նրանք բոլորը կսնանկանան:

Ադրբեջանի ոչ նավթային էկոնոմիկան բաղկացած է 6 հոլդինգից, որոնք պատկանում են իշխանութուններին: Նրանք նախ վնասներ կկրեն, իսկ հետո այդ ամենը կփոխհատուցեն ապրանքների գների աստիճանական բարձրացմամբ` բնակչության հաշվին, կամ էլ կտրուկ գնաճի միջոցով:

Ադրբեջանցիները ճիշտ արձագանքեցին մանաթի արժեզրկմանը` դիմելով արժույթի փոխանակման կետեր: Մարդիկ գիտեն, որ մանաթի արժեզրկումը շարունակվելու է, իսկ իշխանությունների հանդեպ վստահությունը խաթարված է»:

Պատասխանելով, թե ինչու մարդկանց դժգոհությունը չվերածվեց ակցիայի ակտիվ ձևերի` Օրուջլուն ընդգծել է, որ դա տեղի կունենա ապագայում, սակայն ընդհանուր առմամբ, որպեսզի մարդիկ դուրս գան փողոցներ, անհրաժեշտ է, որ երկրում լինի լավ կազմակերպված քաղաքական ուժ.

«Մանաթի արժեզրկումը որևէ կերպ չի ազդի Ղարաբաղյան կարգավորման վրա: Իսկ խորհրդարանի նախագահը թերևս որոշել է խաղալ ադրբեջանցիների հայրենասիրական զգացումների վրա` մարդկանց հանդարտեցնելու համար: Հասարակական գիտակցությունը ենթարկվել է կեղծ քարոզչության հարձակմանը, որն օգտագործում է անգամ Ղարաբաղի թեման»:

Սրանից առաջ հաղորդվել էր, որ ադրբեջանցի տնտեսագետ Օգտայ Ահվերդիևը, մեկնաբանելով մանաթի կտրուկ արժեզրկումը, հայտարարել էր, որ բնակչությունը պետք է «ձգի գոտիները», այլ ելք չկա:

Իսկ ադրբեջանցի քաղաքական հոգեբան Սամիրա Գասիմլին իր հերթին հայտարարել է, որ ադրբեջանցիներն այնքան են հավատացել մանաթի կայունության միֆին, որ չեն կարողանում ընկալել ողջ իրականությունը:

Տեսանյութեր

Լրահոս