Բնակչությունը պետք է «ձգի գոտիները», այլ ելք չկա. ադրբեջանցի տնտեսագետ

Minval.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանում ընդունվում են որոշումներ, որոնք իրագործվում են ճիշտ հակառակ կերպ: Չնայած նրան, որ Ադրբեջանի Կենտրոնական բանկի նախագահ Էլման Ռուստամովը հայտարարել էր, թե մանաթի յուրաքանչյուր արժեզրկում կլինի մեղմ՝ ադրբեջանցիներն ականատես եղան հակառակ գործընթացի. մանաթն արժեզրկվել է միանգամից 35 տոկոսով:

Տնտեսագետ, Ադրբեջանի կառավարության բաժնի նախկին պետ Օգտայ Ահվերդիևը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը. «Նախորդ տարվա դեկտեմբերի 30-ին ողջ երկրում հայտարարվել է, որ 2015 թվականին ԿԲ-ի դրամա-վարկային քաղաքականությունը, մանաթի փոխարժեքը կլինեն կայուն, մինչդեռ փաստ է, որ որոշում է ընդունվել մանաթի արժեզրկման մասին:

Այսքանից հետո ինչ կարելի է ակնկալել ԿԲ-ից, ով հայտարարում է մի բան, սակայն անում է մեկ այլ բան: Վարկածներից մեկի համաձայն՝ դոլարի ոչ նորմալ աճը տեղի է ունեցել բյուջեն ինչ-որ չափով փրկելու համար:

Նավթի համաշխարհային գներն ընկել են, իսկ բյուջեի եկամտային մասում առաջացել է խոշոր ճեղքվածք, և պետությունը վարչական ճանապարհով փոխել է մանաթի փոխարժեքը՝ դրամական զանգվածը մեծացնելու համար: Կառավարությունը հուսով է այդպիսով փոխհատուցել բյուջետային կորուստները:

Ազգային արժույթի պահպանման հարցում վերջին 3-4 ամսում ԿԲ-ի վարած քաղաքականությունը եղել է սխալ և ընդհանուր առմամբ հակասել է տնտեսագիտությանը: Սոցիալական բազմաթիվ խնդիրների պատճառով պետք էր կայուն պահել մանաթի փոխարժեքը, որպեսզի մարդիկ կարողանային պլանավորել ընտանեկան բյուջեն:

Իսկ այժմ երկրում մեծանում է մանաթային դրամական զանգվածը և բնականաբար նվազում է քաղաքացիների գնողունակությունը, և որպես հետևանք՝ գրանցվում է գնաճ: Անհրաժեշտ էր իրականացնել լողացող արժեզրկում և միայն տարեվերջին հանգեցնել այսօրվա փոխարժեքին: Այդ դեպքում տնտեսությունը կկարողանար փոխհատուցել կորուստները:

Օրինակ, ամսական 200 մանաթ ստացող թոշակառուն գիտեր, թե ինչպես է ապրելու ամսվա ընթացքում: Մինչդեռ այսօր նրա մոտ փաստացի մնում է 140 մանաթ: Այն, ինչ նա կարող էր գնել 1 մանաթով, այժմ պետք է գնի 2 մանաթով: Այժմ տնտեսական զարգացման նախարարությունը հայտարարում է, թե հետևելու է գներին, սակայն դա հնարավոր չէ:

Որքան էլ իներտ լինի ադրբեջանական հասարակությունը, այնուամենայնիվ, գոյություն ունի «կարմիր գիծ»: Պետությունը պետք է ուշադիր լինի, նորմալ երկրներում նախապես հայտարարվում է արժեզրկման մասին, ձեռնարկվում են փուլային միջոցներ, ձգտում են առավելագույն կերպ նվազեցնել ռիսկերը:

Եթե կառավարությունը գնա թոշակները, աշխատավարձը բարձրացնելու ճանապարհով, ապա բնակչությունը դրանից որևէ բան չի շահի, քանի որ շուկաներն անմիջապես չեն արձագանքի դրան: Պետք է կրճատել դրամական զանգվածը, փոխել դրամավարկային քաղաքականությունը՝ մանաթն ուժեղացնելու համար: Իսկ բնակչությունը պետք է «ձգի գոտիները», այլ ելք չկա:

Ազգային արժույթը վարչական ճանապարհով ղեկավարելով՝ անհնար է հավասարակշռել տնտեսությունը: Դա կամայական որոշում էր: Ներկայումս ամենամեծ վնասները կրում են հենց ձեռնարկատերերը, որոնց անհրաժեշտ են դոլարներ: Աղետալի իրավիճակը կհանգեցնի նրանց սնանկացմանը»:

Տեսանյութեր

Լրահոս