
Ալիևը խոստովանել է, որ նավթի գնանկումը հարվածել է Ադրբեջանի եկամուտներին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մինգեչաուրում անդրադարձել է մանաթի փոխարժեքի անկմանը: Ալիևը հայտարարել է, որ դա հանդիսանում է համաշխարհային բացասական գործընթացների հետևանք, իսկ Ադրբեջանը համաշխարհային տնտեսության մասնիկն է.
«Սակայն մենք մեզ պաշտպանել ենք լավագույնս, և բացասական գործընթացները չազդեցին Ադրբեջանում տիրող իրավիճակի վրա: 2006 թվականին իրականացվեց դրամական բարեփոխում, և մանաթը հավասարեցվեց դոլարին: 10 տարում մանաթն ամրապնդվեց դոլարի հանդեպ, ինչը դարձավ մեր տնտեսական քաղաքականության հաջողությունը:
Սակայն հարևան երկրների իրադարձությունները և առաջին հերթին ազգային արժույթների կտրուկ էժանացումը չէին կարող չազդել մեզ վրա: Իսկ այստեղ նավթի գնանկումն ազդեց մեր եկամուտների վրա: Այդպիսի իրավիճակում մանաթի փոխարժեքի մշտական աճը բացասական ազդեցություն ունեցավ մեր տնտեսական զարգացման վրա: Դրա համար էլ որոշում ընդունվեց մի փոքր արժեզրկել մանաթը:
Թող որևէ մեկը չզարմանա, ես այն ժամանակ էլ ասել եմ, որ մանաթը չափազանց շատ է թանկացել: Ապա ԿԲ-ը հայտարարեց, որ փոխաժեքն աստիճանաբար կնվազի մինչև տարեվերջ և դա առաջին ազդանշանն էր, և մարդիկ պետք է հասկանային այն: Սակայն մարդիկ նետվեցին փոխանակման կետեր, և մենք տեսանք, որ սկսվել է դոլարի զանգվածային գնում:
Օրական շուկա էր նետվում 500 միլիոն դոլար: Եթե դա շարունակվեր, ապա մինչև տարեվերջ կսպառվեն ԿԲ-ի պաշարները: Այդպիսի իրավիճակում որոշում է ընդունվել նվազեցնել մանաթի փոխարժեքը»: Ալիևը խոստացել է, որ կշարունակվի տնտեսական հաջող քաղաքականությունը: