Բաժիններ՝

«Սա ընդունեք որպես հաղորդում հանցագործության մասին, պարոն Շարմազանով». Հրանտ Բագրատյան

«Պետք է հասկանալ, թե ինչ սեփականության կառուցվածք ունենք էներգետիկայի և գազամատակարարման ոլորտում, երբ Ցանցերը սկզբից վաճառել ենք «Միդլենդ ռեսուրսիզին», ասում են 25 մլն, իսկ ոմանք ասում են 12 մլն դոլարով, իսկ 2-3-տարի անց վաճառել ենք ռուսական ընկերությանը: Սա ընդունեք որպես հաղորդում հանցագործության մասին, պարոն Շարմազանով, հաճախ ասում եք, բերեք, ասեք: Տեղի է ունեցել մասնավորացում, հետո ապապետականացում: Եկել են մարդիկ, ղեկավարության մասին եմ ասում, որ իրենց բիզնեսի մասին չեն մտածում, մտածում են պարզապես գողանալու մասին»,- այսօր ԱԺ նիստում ՀԾԿՀ-ի 2015թ. գործունեության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Նա նշեց, որ ՀԷՑ-ը 250 մլն դոլար պարտք ունի, բայց այն կարող է բարձրանալ նույնիսկ 400 մլն դոլար: Հ.Բագրատյանի խոսքով՝ ՀԷՑ-ի վաճառքը պարզապես հուշում է, որ հստակ գործ ունենք քրեական գործի հետ. «Դուք խա՞ղ եք անում 250 մլն դոլար պարտքի հետ, երբ ֆիքսված մարժայով է աշխատում: Համարձակվում եմ նշել այս ամբիոնից, որ համատարած թալանում են: Ո՞վ է վճարելու ի վերջո՝ սպառողը»:

Գազի սակագնի հետ կապված՝ Հ.Բագրատյանը ՀԾԿՀ նախագահին խնդրեց պարզաբանել, որ եթե միջազգային շուկայում 25 դոլարով իջել է գազի գինը, արդյոք դա արդեն բավարար չէ՞ գինը չբարձրացնելու համար: Հ.Բագրատյանը նշեց, որ «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցների աշխատավարձը պետք է ֆիքսել, և ծախսերի մեջ ոչ միայն աշխատավարձի մեծությունն է պետք ֆիքսել, այլև աշխատողների թիվը, ինչպես նաև՝ արտադրողականությունը պետք է բարձրացնել:

Ըստ նրա, եվրոպականի համեմատ` ՀՀ-ում աշխատողների արտադրողականությունը 3-4 անգամ ցածր է: Նա նշեց, որ աշխատողների թիվն ավելացնելու փոխարեն պետք է արտադրողականությունը բարձրացնել:

Կարդացեք նաև

Հ.Բագրատյանն ասաց, որ այսօր «Գազպրոմը» չգիտի՝ ում վաճառել, ու շուկայի համար պայքարում է, և Հայաստանը կարող է պահանջել գազի պայմանագրի վերանայում. «Ես կարծում եմ, որ մենք ավելի խիստ պետք է սանձենք էներգետիկան, որովհետև դրա գինն է ազդում մրցունակության վրա»:

Հ.Բագրատյանի կարծիքով՝ երբ ընկերության պարտավորությունները գերազանցում են ակտիվները, դրա վերցրած ցանկացած վարկ պետք է ՀԾԿՀ համաձայնությամբ լինի, անկախ նրանից, թե ինչի համար է վարկ վերցնում: «Չեմ կարծում, որ շատ հեշտ լուծում ունեք: Էներգետիկայում վիճակը համարում եմ վատ: Վատ է, որովհետև սեփականության կառուցվածքն է վատ, վատ է, որովետև միջպետական պայմանագրերը ճիշտ չեն հաշվի առնում շուկայի առաձգականությունը: Բայց կարծում եմ, որ ունենք գայկեքը ձգելու տեղ: Օրինակ՝ միայն աշխատավարձերի կամ ներկայացուցչական մասով ձեր խիստ մոտեցման պարագայում կարելի է գինը 8 դրամով գազի և 1.5-2 դրամով էլեկտրաէներգիայի ոլորտում իջեցնել»,- ասց Հ.Բագրատյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս