Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի և նրա պաշտպանի բողոքը

Վճռաբեկ դատարանը որոշել է վարույթ չընդունել զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության և Հրաչյա Սարգսյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի և նրա պաշտպանի բողոքը   վերաքննիչ դատարանի որոշման դեմ:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ Դավիթ Խաչատրյանը մեղավոր էր ճանաչվել առաջադրված մեղադրանքում՝ դատապարտվելով 17 տարվա ազատազրկման: Վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը: Դավիթ Խաչատրյանն, ինչպես հայտնի է, պնդում էր, որ արձակված կրակոցը պատահականության արդյունք է, ընդունում է, որ իր կատարածը հանցագործություն է, սակայն նշում է, որ սպանություն չի կատարել:

Ինչպես տեղեկանքում ենք Datalex Դատական տեղեկատվական համակարգից, վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշված է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ, որով մերժվել էր առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ բողոըք,  վճռաբեկ բողոք են բերել ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանը և նրա պաշտպան Երեմ  Սարգսյանը` խնդրելով բեկանել ու փոփոխել վերաքննիչ դատարանի  որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության կամ ամբաստանյալ Դ.Խաչատրյանի արարքին տալ ճիշտ քրեաիրավական գնահատական կամ բեկանել ու փոփոխել ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին վերաքննիչ քրեական դատարանի  որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:

Ըստ վճռաբեկ դատարանի որոշման՝ բողոք բերած անձինք փաստարկել են, որ այն պետք է վարույթ ընդունվի, քանի որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա:  Ըստ բողոք ներկայացրած անձանց՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ տարբեր գործերով ստորադաս դատարանների առնվազն երկու դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է իրար հակասող մեկնաբանությամբ, և բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

«Բողոքաբերների փաստարկների, գործի նյութերի և բողոքարկվող դատական ակտի պատճառաբանությունների համադրված վերլուծության արդյունքում վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերների կողմից չի հիմնավորվել, որ տարբեր գործերով ստորադաս դատարանների առնվազն երկու դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է իրար հակասող մեկնաբանությամբ և բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր»,- իր որոշման մեջ նշել է վճռաբեկ դատարանը:

Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշված է նաև, որ բողոք ներկայացրած ամբաստանյալը և նրա պաշտպանը նշել են, որ այս գործով նախքան դատավճռի կայացումն որոշ պաշտոնատար անձանց կողմից Դավիթ Խաչատրյանի մեղավորության վերաբերյալ հրապարակայնորեն հայտարարություններ անելու հետևանքով խախտվել է ամբաստանյալի «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված անմեղության կանխավարկածը և արդար դատաքննության իրավունքը, մինչդեռ ստորադաս դատարանները դատական ակտերում չեն անդրադարձել Դավիթ Խաչատրյանի անմեղության կանխավարկածի խախտման վերաբերյալ վերոհիշյալ հարցերին:

Բողոքաբերները նշել են, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջները, քանի որ անհիմն մերժել է պաշտպանի` տուժողին կրկին անգամ հարցաքննելու միջնորդությունը՝ դրանով իսկ թույլ չտալով, որ դեպքին ականատես տուժողի կողմից հայտնած՝ Դավիթ Խաչատրյանի անմեղությունը հաստատող հանգամանքները վերածվեն ապացույցի:

Ըստ վճռաբեկ դատարանի որոշման՝ բողոք ներկայացրած ամբաստանյալն ու նրա պաշտպանը նշել են, որ ստորադաս դատարանի հետևությունները չեն համապատասխանում դատարանում հետազոտված ապացույցներին, մասնավորապես` դեպքին ականատես երկու վկաները՝ Հ.Մարգարյանը, Ա.Պետրոսյանը թե՛ նախաքննության, և թե՛ դատաքննության ընթացքում չեն հայտնել, որ Դ.Խաչատրյանը կրակոց արձակելուց առաջ նշան է բռնել Լ.Ստեփանյանի ուղղությամբ, այլ նշել են, որ կրակոցն արձակվել է, երբ զենքը գտնվել է Դ.Խաչատրյանի գոտկատեղի հատվածում, իսկ երրորդ ականատես վկա Մ.Ջանազյանը և՛ նախաքննության, և՛ դատաքննության ընթացքում հայտնել է, որ Դավիթ Խաչատրյանն ինքնաձիգը լիցքավորելուց հետո նշան է բռնել տաղավարի ուղղությամբ:

Ըստ նրանց` քննչական փորձարարությունը կատարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջների խախտմամբ, մասնավորապես` Դ.Խաչատրյանը փորձարարության կատարման ժամանակ գտնվել է ճնշված հոգեվիճակում, ուշագնաց է եղել և նրան բժշկական օգնություն է ցուցաբերվել, սակայն քննչական գործողությունը չի դադարեցվել, իսկ Դավիթ Խաչատրյանը չի տեղեկացվել, որ իրավունք ունի չմասնակցելու իրեն հոգեկան տառապանքներ պատճառող այդ քննչական գործողությանը:

«Բողոքաբերների փաստարկների, գործի նյութերի և բողոքարկվող դատական ակտի պատճառաբանությունների համադրված վերլուծության արդյունքում վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերների կողմից չի հիմնավորվել, որ առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա»,- նշված է վճռաբեկ դատարանի որոշման մեջ:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը գտել էր, որ «գործով տուժողի և ամբաստանյալի միջև տեղի ունեցած վիճաբանությունը, ականատեսների վկայությունները` վիճաբանության ընթացքում Դավիթ Խաչատրյանի կողմից լարվելու, տուժողի հայհոյանքներից վիրավորվելու մասին, և դրա պատճառով նրա կատարած այնպիսի գործողությունները, ինչպիսիք են` զենքը լիցքավորելը, անձանց ուղղությամբ պահելը, կրակելու սպառնալիքը, որոշակի ուժգնությամբ ձգանը քաշելը, խոսում են միայն նրա կատարած դիտավորության մասին: Ինչ մնում է արարքի հետևանքներին, ապա դատարանի մոտ ձևավորվել է համոզմունք, որ նա նման ծանր հետևանք չէր ցանկանա իր ընկերների համար, որի մասին են վկայում ինչպես` ծառայակից ընկերների և հրամանատարության կողմից նրան տրված դրական բնութագիրը, այնպես էլ` կրակոցի պահին զենքն իջեցնելը, հանցանքը կատարելուց անմիջապես հետո նրա դրսևորած վարքագիծը և արարքի հետևանքը տեսնելուց հետո ծանր հոգեվիճակի մեջ հայտնվելը»:

Տեսանյութեր

Լրահոս