Ինչ է կատարվել զինծառայող Լյուքս Ստեփանյանի զորամասում. դատարանի վերլուծությունը

Datalex դատական տեղեկատվական համակարգում տեղադրվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան գործով: Դատարանը զինծառայողներ Լյուքս Ստեփանյանի սպանության և Հրաչյա Սարգսյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանին մեղավոր էր ճանաչել և դատապարտել 17 տարվա ազատազրկման: Վճռի եզրափակիչ մասը դատարանը հրապարակել էր հուլիսի 4-ին:

Ինչում են մեղադրել Դավիթ Խաչատրյանին
Նախաքննության ընթացքում 20-ամյա Դավիթ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2013թ. մայիսի 15-ին ընդգրկված լինելով զորամասի պահակախմբի վերակարգում և ժամը 15:00-ից մինչև 15:30-ը ծառայություն իրականացնելով պահակակետի մուտքի դռան մոտ` որպես ժամապահ, պահակատան տարածքում տեղակայված ամառային տաղավարում գտնվող հանգստացող հերթափոխի ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանի կողմից իր հասցեին պարբերաբար հնչեցրած հայհոյանքներին ու վիրավորական արտահայտություններին ի պատասխան՝ բացել է իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգի ապահովիչը, լիցքավորել, դրել մենահատ կրակի ռեժիմի վրա, ինքնաձիգի փողն ուղղել տաղավարի ուղղությամբ, ապա Լյուքս Ստեփանյանի կողմից չկրակողի հասցեին հնչեցրած հայհոյանքից անմիջապես հետո երեք այլ զինծառայողների հետ ոչ մեծ բացօթյա տաղավարում գտնվող շարքային Լյուքս Ստեփանյանին ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով` անտեսելով այլ, տվյալ դեպքում՝ իր երեք համածառայողների կյանքին սպառնացող ռեալ վտանգը, մեկ հատ մենահատ կրակոց է արձակել Լյուքս Ստեփանյանի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել է, իսկ շարքային Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային մարմնական վնասվածք, որով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս է պատճառվել նրա առողջությանը:

Ինչ է հաստատված համարել դատարանը
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանն իր վճռում նշել է, որ գործի դատաքննությամբ ձեռք բերված ապացույցներով դատարանը հաստատված համարեց հետևյալը՝ «2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահակատան ամառային տաղավարում երեք զինծառայողների հետ նստած Լյուքս Ստեփանյանը, պահակակետի մուտքի դռան մոտ որպես ժամապահ` ժամը 15:00-15:30-ը հերթապահություն կատարող Դավիթ Խաչատրյանի հասցեին, մի քանի րոպե շարունակ, տվել է սեռական բնույթի հայհոյանքներ, նրան անվանել «պզուկոտ»: Դավիթ Խաչատրյանը մի քանի անգամ խնդրել է դադարեցնել, իր հետ այդ կերպ չխոսել: Հետո երկու անգամ քար (կամ, ինչպես ինքն է նշում դատաքննական ցուցմունքում, չորացած հողի կտոր) է նետել նրա ուղղությամբ` լռեցնելու նպատակով, սակայն նա չի լսել և շարունակել է հայհոյել: Այդ ժամանակ ամբաստանյալն ուսից իջեցրել է ինքնաձիգը, բացել ապահովիչը, լիցքավորել, դրել մենահատ կրակային ռեժիմի վրա, ինքնաձիգի փողն ուղղել տաղավարի ուղղությամբ ու սպառնացել, որ կկրակի: Լ. Ստեփանյանը չկրակողի հասցեին դարձյալ հայհոյանք է ուղղել, որից հետո, անմիջապես նրա կողքին նստած, գործով մյուս տուժող Հրաչյա Սարգսյանը, ինչպես նաև պահակատան տարածքում լվացվող, գործով վկա Միշա Ջանազյանը զգուշացրել են, որ ամբաստանյալը զենքն իջեցնի, քանի որ այն խաղալիք չէ: Ամբաստանյալը զենքն իջեցրել է, և այն իջեցնելու պահին` կրակել: Կրակոցի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից Լյուքս Ստեփանյանը տեղում մահացել է, իսկ Հրաչյա Սարգսյանին պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս»:

Ինչ ցուցմունք է տվել ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանը
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանն իր վճռում նշել է, որ առաջադրված մեղադրանքում Դավիթ Խաչատրյանն իրեն մեղավոր չճանաչեց: Ըստ դատարանի վճռի՝ Դավիթ Խաչատրյանը ցուցմունք է տվել այն մասին, որ առաջադրված մեղադրանքում մեղավոր չճանաչելը չի նշանակում, որ Լյուքսի մահվան և Հրաչի ստացած մարմնական վնասվածքի մեջ ինքը մեղք չունի: Ինքը չի ցանկացել, որ նրանց հետ նման բան պատահի, շատ է ցավում ու իրոք տանջվում է կատարվածի համար: Ամեն ինչ կտար, որ նրանց հետ նման բան չլիներ: Հասկանում է, որ այդ ամենն իր գործողությունների հետևանքով է առաջացել:

Կարդացեք նաև

Իրենք շատ մոտ ընկերներ են եղել: Ծառայությունը զորամասում իրար հետ են սկսել և մի ընտանիքի նման են եղել: Այնքան մոտ են եղել, որ ընկերական նեղ շրջապատում կարող էին իրենց թույլ տալ հայհոյանքով կատակել իրար հետ: Հրաչի հետ շատ մոտ ընկերներ են եղել:

Դատարանն իր վճռում նշել է, որ Դավիթ Խաչատրյանը պատմել է, որ դեպքի օրը ժամապահ է եղել պահակատան դռան մուտքի մոտ: Արդեն իր հերթափոխի ժամն է եղել, ժամ է հարցրել տաղավարում նստածներից: Տաղավարն իրենից 25-30 մետր հեռավորության վրա է գտնվել, և նստած են եղել չորս անձ՝ Մարգարյան Հրաչիկը, Արշակը, Լյուքս Ստեփանյանը և Հրաչյա Սարգսյանը: Իր հարցին պատասխանել են, որ ժամ չունեն:

Լյուքսը ծիծաղելով ու հայհոյելով է պատասխանել իրեն: Հետո իրեն պատասխանել է Միշան` ասելով, որ անց 20 է: Վերջինս լվացվում էր լվացարանի մոտ և իրենից 15-20 մետր հեռավորության վրա էր գտնվում: Դրանից հետո մոտեցել է դռան մոտ կախված հայելուն և դեմքի բշտիկներն է մաքրել: Այնուհետև Լյուքսն իրեն ասել է` «Ի՞նչ էս հայելու մոտ պզուկներդ մաքրում, այ պզուկոտ»: Լյուքսը մոտավորապես նմանատիպ արտահայտություն է արել իր հասցեին: Ի պատասխան Լյուքսին` ծիծաղելով ասել է` «Հավեսդ չունեմ», ու այդ ամենը կատակ է եղել:

Դրանից հետո Լյուքսը սկսել է հայհոյանքով կատակել, իսկ ինքը պատասխանել է` «Թարգի, հավեսդ չունեմ» ու հայհոյել: Լյուքսը սկսել է նորից հայհոյել իրեն: Դրանից հետո երկու անգամ գետնից չորացած հողի կտոր է վերցրել ու նետել դեպի տաղավար` որպես կատակ: Մինչ հողակտորը նետելը` զենքը կախված է եղել աջ ուսին, տեղափոխել է ձախ ուսին, որպեսզի աջ ձեռքով հողակտորն ավելի հեռու նետի: Որոշ ժամանակ զենքը կախված է եղել ձախ ուսին: Երբ զենքը ձախ ուսից հետ է բերել աջ ուսը, այդ պահին Լյուքսն իրեն ասել է, որ չի կարող կրակել: Իր մոտ միտք է առաջացել, որ վախեցնի Լյուքսին: Զենքն ուսից հանել է, դրել ոտքին, բացել ապահովիչը, լիցքավորել, որպեսզի վախեցնի: Դրանից հետո զենքը բարձրացրել է ուսի հատված, պահել տաղավարի ուղղությամբ, իսկ Լյուքսը մի քանի անգամ հայհոյել է իրեն` ասելով, որ չի կարող կրակել: Հրաչոն Լյուքսի կողքին է նստած եղել և իրեն ասել է` «Իջեցրու զենքը, խաղալիք չէ»:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռում նշված է, որ Դավիթ Խաչատրյանը պատմել է, որ այնուհետև ինքը զենքը նույն դիրքով իջեցրել է ու ցանկացել լիցքաթափել: Նկատել է, որ անհարմար է, չի կարողացել որևէ գործողություն կատարել, զենքը դեպի իրեն հետ է տարել, և այդ ժամանակ զենքի կոթն արգելքի է հանդիպել: Ըստ իրեն` այդ արգելքը կողքին կախված ենթապայուսակն է եղել: Այս ամենն ակնթարթորեն է կատարվել: Այնուհետև փորձել է ուժ գործադրել, որպեսզի անցնի այդ արգելքը: Այդ ուժը պետք է գործադրեր ձեռքերի միջոցով: Երբ ուժ է գործադրել դեպի հետ ու ներքև, զենքի կոթը միանգամից ազատվել է պայուսակից, ու ազատվելու ժամանակ կրակոց է արձակվել: Վախեցել է, նայել է տաղավարի ուղղությամբ և նկատել է խառնաշփոթ իրավիճակ:

Միանգամից վազելով գնացել է տաղավար, որպեսզի տեսնի, թե ինչ է կատարվել: Երբ մոտեցել է տաղավարին, տեսել է, որ Հրաչոն գետնին է ընկել, իսկ Լյուքսը նույն դիրքով նստած էր` գլուխը կախ, արյուն էր հոսում գլխից: Այդ ամենը տեսնելուց հետո վախից չի մոտեցել, սկսել է գոռալ, լացել` ասելով. «Էս ինչ եղավ, էս ինչ արեցի»: Զինվորներից մեկը, իր հիշելով` Գևորգն էր, գրկել է իրեն և տարել ավելի հեռու` ասելով. «Գցիր զենքը»: Հետո Ռազմական ոստիկանության աշխատակիցներն են եկել ու իրեն տարել բաժին:

Ցավում է կատարվածի համար, իր մեջ չի տեղավորվում «մարդասպան» բառը, քանի որ ինքն այդ մարդը չէ: Կատարվածն իրեն իրոք ցավ է պատճառել: Եթե ցանկանար իսկապես սպանել, ապա նշան կբռներ: Այդ ամենը եղել է կատակ, չի պատկերացրել հետևանքների մասին: Հրաչյայի հետ եղել է շատ մտերիմ հարաբերությունների մեջ: Լյուքսի հետ երբևէ չի վիճաբանել, թշնամանք չի եղել իրենց միջև: Ծառայության ընթացքում նեղ ընկերական շրջապատում նման կատակներ լինում են: Կանոնագրքով արգելում է, որ զինվորներն իրար հետ նման ձևով խոսեն. եթե վերադաս հրամանատարությունից իմանան, ապա քրեական գործ կհարուցվի:

Իր հեռավորությունը տաղավարից 25-30 մետր էր: Ժամապահի գտնվելու վայրի աջ կողմում հոծ գիծ կա, որից դուրս գալ ժամապահն իրավունք չունի: Լյուքսի հետ խոսելու ժամանակ այդ գծից չի անցել, տեղում կանգնած է խոսել: Փորձագետի եզրակացության համաձայն՝ ինքը գտնվել է պատից բավականին հեռու, սակայն ինքն իրականում մոտ է եղել պատին: Անմիջապես իր առաջ` թեքությամբ, նստած է եղել Հրաչյան` իր մարմնով փակելով Լյուքսի մարմինը, բայց իր կանգնած տեղից երևում էր Լյուքսի դեմքը: Լյուքսը և Հրաչյան իրեն էին նայում, քանի որ իր հետ էին խոսում: Խոսակցությունը եղել է կատակ, և ոչ ոք չի վիրավորվել դրանից: Խոսակցությունը տևել է 5 րոպե: Իր հերթափոխը հանձնելու ժամանակն է եղել, նույնիսկ Լյուքսին ասել է` հանգստացիր, որ հանձնեմ` կխոսենք, ու հայհոյել է: Մոտ 5 րոպե հետո պետք է հանձներ հերթափոխը:

Լյուքսն ասել է` «Չես կարող կրակել, ով չկրակի…», ու մի քանի անգամ հայհոյել է:
Դրանից հետո Հրաչ Սարգսյանն ասել է` «Իջեցրու զենքը, խաղալիք չէ»: Այդ ժամանակ զենքը եղել է ուսին` պարզած դեպի տաղավարը: Իրականում ինքը նշան չի բռնել: Ծառայության ընթացքում կրակային պատրաստություն են իրականացրել, և ինքը ստացել է անբավարար գնահատականներ: Եթե ցանկանար` կարող էր մոտենալ տաղավարին ու ավելի մոտիկից կրակել, սակայն իր գտնվելու վայրից չի շարժվել, իրեն միակ խանգարող հանգամանքը եղել է ծառայությունը: Լյուքսի կողմից հայհոյանքները հնչել են հենց իր անձի վերաբերյալ: Իր կանգնած վայրի պատի հետևի մասը, մոտ մեկ մետր բարձրությամբ, փշապատված է եղել: Մինչ կրակելը հետ է նայել` համոզվելու համար, որ սպայական անձնակազմից մարդ չկա: Իրեն հայտնի է, որ եթե անգամ զենքը լիցքավորված չէ, չի կարելի մարդու վրա պահել, եթե սպաներից իրեն նկատեին, ապա խնդիրներ կառաջանային, այդ պատճառով է հետ նայել: Եթե ցանկանար դիտավորյալ սպանություն կատարել, ապա հետ չէր նայի: Եթե այնտեղ սպա լիներ, զենքը տաղավարի ուղղությամբ չէր պահի:

Այդ օրը կրել է զինվորական համազգեստ, տաբատ, վերնազգեստ, գլխարկ, իր մոտ եղել է զենք, սվին-դանակ, պատյան` իր ձախ կողմում կախված, և ենթապայուսակ` կախված աջ կողմում: Երբ զենքն իջեցրել է, անհարմար է եղել լիցքաթափելու համար, պետք է դեպի իրեն գար և, դեպի իրեն քաշելու ժամանակ կոթը դիպել է ենթապայուսակին: Պետք է ուժ գործադրեր, որ կոթն ազատվեր, ինքն ուժ է գործադրել, կոթն ազատվել է, և կրակոց է արձակվել:

Դատարանն իր վճռում նշել է, որ ամբաստանալ Դավիթ Խաչատրյանը դատարանում հայտնել է, որ նախաքննության ժամանակ ինքը քննիչին ասել է, որ ձգանը դիտավորյալ չի քաշել, սակայն քննիչն ուրիշ հարցեր է տվել, ուշադրություն չի դարձրել: Նախաքննության ժամանակ իրեն ոչ ոք չի պարզաբանել, որ կարող է ցուցմունք չտալ, այդ ժամանակ պաշտպան չի ունեցել: Դեպքից մի քանի ժամ հետո ցուցմունք է տվել: Հարցաքննությունը տեսագրվել է: Քննիչը միանգամից մի քանի հարց է տվել իրեն: Պատասխանել է, վերջացրել, հետո քննիչն ինչպես ցանկացել՝ գրի է առել:

Քննչական փորձարարության ժամանակ ասել է, որ ձգանը դիտավորյալ չի քաշել, բայց ենթապայուսակի մասին ոչինչ չի հայտնել: Այդ ժամանակ ինքը գտնվել է հոգեպես վատ վիճակում և տեղյակ չի եղել, որ կարող է քննչական փորձարարությանը չմասնակցել: Այնքան վատ է զգացել իրեն, որ վատացել է և դրանից հետո ցանկացել է արագ-արագ այդ ամենը վերջացնել ու գնալ դեպքի վայրից: Անգամ տաղավարին նայելիս` տեսարանը պատկերվում էր աչքերին: Քննիչը զենքը տվել է իրեն ու ասել, որ նույն բանը կրկնի: Այդ պատճառով հոգեկան ծանր վիճակի մեջ է հայտնվել ու ցանկացել է հնարավորինս արագ հեռանալ: Քննչական փորձարարության ժամանակ իր աջ գոտկատեղին ենթապայուսակ չի եղել: Քննչական փորձարարության ժամանակ նույն պայմաններն ապահովված չեն եղել:

Եթե դիտավորյալ կատարած լիներ, կարող էր ազատ փախչել դեպքի վայրից, այդ ժամանակ գնդի տարածքում միայն իր ձեռքին զենք կար, բացի այդ, պահակատան մուտքի դուռն անմիջապես իր կողքին էր, կարող էր հեշտությամբ բացել ու փախչել, ոչ ոք չէր կարող իրեն խանգարել, արգելքներ չկային, սակայն չի փախել, վազել է դեպի տաղավար` տեսնելու, թե ինչ է եղել: Իր ենթապայուսակը և սվին-դանակի պատյանը, իր հիշելով` իր վրայից հանել է ինչ-որ սպա, սակայն անուն-ազգանունը չի հիշում: Լյուքս Ստեփանյանի հայհոյանքները դրդապատճառ չեն հանդիսացել դիտավորյալ կրակելու համար: Ընդունում է, որ ժամապահի ծառայության կանոնները խախտել է և զենք է պահել մարդու ուղղությամբ, բայց կրակոցը եղել է պատահական: Տարածքը միշտ մաքրվում է, այնտեղ քար չէր կարող լինել, իր նետածը եղել է չորացած հողի կտոր, որն ընկած է եղել իր դիմաց: Իր կողմից հողակտորը նետելուց հետո Լյուքսը շարունակել է նույն բնույթի հայհոյանքով կատակել: Միշա Ջանազյանի կողմից արված արտահայտությունը չի լսել: Տաղավարում նստած Լյուքս Ստեփանյանը և Հրաչ Սարգսյանը նայում էին իրեն, այլ կողմ չէին կարող նայել, քանի որ իր հետ էին խոսում:

Նախաքննական ցուցմունքի հետ սույն ցուցմունքի տարբերության պատճառը չի կարող ասել, ճիշտն այսօրվա տված ցուցմունքն է: Դեպքի օրը նեղված չի եղել, ոչ էլ՝ լարված, եղել է հոգնած, քանի որ ամբողջ գիշեր հերթապահել էր: Նախաքննական ցուցմունքում բաներ կան, որ ասել է, բայց գրված չէ, ինքը «քար» չի ասել, բայց գրվել է՝ «քար»: Խնդրում է զգացմունքներին տուրք չտալ և իրեն դատել սառնասրտորեն, քանի որ սա ոչ միայն իր, այլ նաև հասարակության ցավն է, իսկ դատարանը հասարակության մի մասնիկն է: Ինքը պատրաստ է իր արածի համար մինչև վերջին օրը նստել, բայց չարածի համար` պատրաստ չէ:

Դատարանի գնահատականը
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանն իր վճռում նշել է, որ «դատաքննությամբ դատարանը քննության առնելով գործով ձեռք բերված ապացույցները, և ամբաստանյալի ցուցմունքը գնահատելով դրանց ամբողջության մեջ, եկավ այն եզրահանգման, որ նրա ցուցմունքն իրականությանը չի համապատասխանում, և նա նպատակ ունի մեղմել կատարած հանցանքի համար իր պատասխանատվությունն ու պատիժը: Նրա մեղքն առաջադրված մեղադրանքում հիմնավորված է, և նրա պատճառաբանությունները հերքվում են հետևյալ ապացույցներով»:

Գործով տուժողի իրավահաջորդ Լուիզա Ստեփանյանի ցուցմունքով՝ այն մասին, որ որդուն սպանելու համար պահանջում է կամ մասսայական մահապատիժ, կամ, ծայրահեղ դեպքում, ցմահ ազատազրկում, որպեսզի հասկանա յուրաքանչյուր զինվոր, յուրաքանչյուր զինվորական` ինչ է զինվորի կորուստը ծնողի համար:

1. Գործով վկա Իշխան Ստեփանյանի ցուցմունքով՝ այն մասին, որ լսել է, որ իր երեխային դիտավորյալ են սպանել: Իրեն զինկոմն է ասել: Նա գիշերը ժամը 11-ին կանչել է իր մոտ և ասել, որ մի երևանցի խփել է Լյուքսին, որը մահացել է: Այդ պահին չի իմացել, թե ով է այդ արարքը կատարել: Հետագայում իմացել է, որ Դավիթ Խաչատրյանն է եղել, բայց ինքը նրան ծանոթ չէ: Իր որդին, ծառայության ընթացքում և մինչև ծառայության մեկնելը, որևէ խնդիր չի ունեցել: Դեպքից 20-25 օր առաջ որդին եղել է հիվանդանոցում, դրանից հետո եկել է, և մոտ մեկ շաբաթ կամ 10 օր անց այդ դեպքը եղավ: Գործի փաստաթղթերից և դիսկերից իրեն հայտնի է, որ ամբաստանյալն իր որդուն դիտավորյալ է սպանել:

2. Գործով վկա Հրաչյա Մարգարյանի ցուցմունքով, որ 2013թ. մայիսի 15-ին՝ ժամը 15:20-ին իրենք գտնվում էին պահակատանը: Խոսակցություն է եղել մուտքի մոտ կանգնած դիտորդ, ժամապահ Դավիթ Խաչատրյանի և արթուն հերթափոխի պահակային Լյուքս Ստեփանյանի միջև: Ինքը, Լյուքս Ստեփանյանը, Հրաչ Սարգսյանը և Արշակ Պետրոսյանը բացօթյա տաղավարում նստած` սովորում էին պահակային կանոնադրությունը, իսկ ժամապահը կանգնած էր դռան մուտքի մոտ` հենց առջևում:

Հստակ հիշում է, որ Դավիթը ժամ հարցրեց, իրենց մոտ չկար ժամ:
Այդ ժամանակ Դավիթը պզուկներն էր ճտտացնում հայելու առաջ: Լյուքսը պզուկների վերաբերյալ կիսահեգնական ժպիտով ինչ-որ բան է ասել Դավիթին, ու այդպես շարունակվել է խոսակցությունը: Դավիթը քար է շպրտել Լյուքսի ուղղությամբ: Այնուհետև Լյուքսը հայհոյել է, և հենց այդ պահին Դավիթը կրակել է: Իր ուշքը գնացել է ու էլ բան չի հիշում, ջրով իրեն ուշքի են բերել: Լյուքսը քար նետելու պատճառով չի հայհոյել:

Ընթացքում նա անընդհատ հայհոյում էր: Դավիթը միանգամից չի կրակել: Լյուքսը սեռական բնույթի հայհոյանք է տվել, անձնական վիրավորանք հասցրել Դավիթ Խաչատրյանին: Նման հայհոյանքները կատակով չեն ասում: Լյուքսի ժպիտից ենթադրել է, որ կատակ է, սակայն դա վիրավորական էր:

Մինչ կրակոցը նայել է Դավիթ Խաչատրյանի կողմը: Կրակոցի պահին նայել է կողքի սպիտակ պատին: Մինչ կրակոցի ձայնը լսվելը` Դավիթն ինքնաձիգն իջեցրել է: Երբ Դավիթը զենքը կրծքին էր պահել` եղել են բացականչություններ. Հրաչը և Միշան ուզում էին հետ պահել, Դավիթին ասում էին` իջեցրու զենքը, խաղալիք չէ, սակայն բառերը հստակ ու կոնկրետ չի կարող հիշել:
Լյուքսին կարող է բնութագրել՝ որպես աշխատասեր, ընկերասեր, իսկ Դավիթին` նվիրված, ընկերասեր:

3. Գործով վկա Արշակ Պետրոսյանի ցուցմունքով՝ այն մասին, որ Դավիթ Խաչատրյանը կանգնած է եղել դռան մոտ: Իրենք նստած են եղել Դավիթից մոտ 20-30 մետր հեռավորության վրա:

Խոսակցությունն սկսվել է այն ժամանակ, երբ Դավիթը դեմքն էր մաքրում բշտիկներից: Մի քանի անգամ դրա վերաբերյալ Լյուքսը վիրավորական արտահայտություն է արել: Կոնկրետ խոսակցությունը բառերով չի հիշում, բայց Դավիթը Լյուքսին ասել է` մի ասա, սակայն Լյուքսը շարունակել է, և Դավիթը նորից է ասել` մի ասա: Դրանից հետո Լյուքսը հայհոյել է նրան: Դավիթը քար է շպրտել, որպեսզի Լյուքսը սուս մնա: Կոնկրետ չգիտի, թե ում ուղղությամբ է նետել, բայց քարն անցել է ծխարանի կողքով: Քարը շպրտել է, քանի որ Լյուքսն իրեն չի լսել: Քարը ներքևով է եկել, վերևով չի եկել, որ ինչ-որ մեկին վնասեր: Ուրիշ ձայն, խոսակցություն չի եղել:

Մոտակայքում Ջանազյան Միշան է լվացվել, իր կողմից լվացարանը տեսանելի չի եղել: Ջանազյանի և Դավիթի միջև խոսակցություն եղե՞լ է, թե՞ ոչ` չգիտի: Լյուքսի ու Դավիթի միջև խոսակցությունը սկսվելուց մոտ 4 րոպե հետո Դավիթը զենքը լիցքավորել է: Խաչատրյանն Ստեփանյանին ասել է` լռիր, սպառնալիք եղե՞լ է, թե՞ ոչ` չգիտի, ուշադիր չի եղել: Տեսել է, որ Դավիթը զենքը պահել է ծխարանի ուղղությամբ, հետո իջեցրել է դեպի ներքև ու կրակել: Մինչ կրակելը Դավիթի կողմից հնչել է` «Տենց բաներ մի ասա», չգիտի, թե ուրիշ ինչ է ասել: Նկատել է, որ Դավիթը մի քիչ լարված է, ջղայնացած: Դավիթը կատակները լո՞ւրջ է ընդունել, թե՞ ոչ` չգիտի:

Դավիթը զենքը պահել է դեպի Լյուքսի կողմը, իջեցրել է ու կրակել: Կրակոցից հետո Դավիթ Խաչատրյանն ասում էր` «Էս ինչ արեցի»: Երևում էր, որ չէր ցանկանում նման բան անել, ընկճված էր: Դավիթը չի փորձել զենքը ձեռքին փախչել: Դավիթ Խաչատրյանը Լյուքս Ստեփանյանին չի հայհոյել, ինքը նման բան չի լսել: Դավիթին ճանաչելով` կարող է ասել, որ նա հայհոյանք չէր տա, նրանից նման բան չի լսել:

4. Գործով վկա Միշա Ջանազյանի ցուցմունքով՝ այն մասին, որ դեպքի պահին ինքը լվացվում էր: Այդ ընթացքում վիճաբանում էին Խաչատրյան Դավիթը և Լյուքս Ստեփանյանը. կոնկրետ չի հիշում` ինչի մասին էին վիճում, բայց մոտավոր հասկացել է, որ կատակում են: Այդ ժամանակ Դավիթ Խաչատրյանը գետնատնակի ժամապահ էր, իսկ Ստեփանյանը և Սարգսյանը գտնվում էին ծխարանում:

Վեճ է սկսվել նրանց միջև. լսել է զենքի ապահովիչը բացելու ձայնը և թեքվել ձայնի ուղղությամբ: Տեսել է, որ Խաչատրյանը նշան է բռնել, հետո իջեցրել է զենքը և այդ ընթացքում ասել է` կկրակեմ: Ստեփանյանն ասել է` չկրակողի, ու հայհոյել: Դրանից հետո Խաչատրյանը կրակել է, ու ինքը նկատել է, որ Սարգսյանն ընկավ գետնին, իսկ Ստեփանյանը գլուխը կախեց: Մինչ կրակելը ցանկացել է առաջ գնալ, սակայն չի հասցրել:

Դատարանը որպես ապացույցներ՝ վկայակոչել է նաև մի քանի ոչ ականատես վկաների ցուցմունքներ, որոնցից Կարապետ Դոլմաջյանը հայտնել է, որ ըստ իրեն` դիտավորյալ կրակելու պատճառ չի եղել:

5. Գործով վկա Գևորգ Հարությունյանի ցուցմունքով՝ այն մասին, որ կրակոցը լսելուն պես արագ դուրս է վազել պահակատան ներսից: Տեսել է Դ. Խաչատրյանին` զինաբուրգի ծածկի տակ կանգնած, այսինքն` շեղված իր կանգնելու տեղից: Դավիթն ավելի մոտ է եղել տաղավարին, ժամապահի տեղում չի եղել: Կանգնած է եղել զենքն ուսին գցած` խառը հոգեկան վիճակում: Դավիթը լաց է եղել, ահասարսուռ լաց էր: Գրկել է նրան, հասկացել, որ պետք է օգնել, հասկացել է նաև, որ չէր ուզում կրակել:

Զենքը վերցրել է ձեռքից ու դրել ցած: Դրանից հետո Խաչատրյանին ուղեկցել է պահակատան մուտքի մոտ: Ըստ իրեն` Դավիթը չէր ցանկանա նման հետևանք:
Որպես ապացույց՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վկայակոչել է փորձագետների ցուցմունքները, մի քանի փորձաքննությունների եզրակացություններ:

Դատարանի իրավական վերլուծությունները
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանն իր վճռում նշել է, որ վերլուծելով դատաքննությամբ ձեռք բերված ապացույցները՝ դատարանը գտավ, որ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը հիմնավորված է, և նա ենթակա է պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 112 հոդվածի 1-ին մասով. «Միաժամանակ դատարանը եկավ այն հետևության, որ ամբաստանյալը հանցանքը կատարել է անուղղակի դիտավորությամբ. գիտակցելով իր գործողության` հանրության համար վտանգավոր բնույթը, և չցանկանալով արարքի վտանգավոր հետևանքները, գիտակցաբար թույլ է տվել դրանք:

Այս մասին են վկայում ինչպես՝ ամբաստանյալի, այնպես էլ՝ գործով ականատես վկաներ Հրաչյա Մարգարյանի, Արշակ Պետրոսյանի և Միշա Ջանազյանի ցուցմունքները»:

Դատավորն իր վճռում նշել է, որ ամբաստանյալի պաշտպանները միջնորդել են վերաորակել Դավիթ Խաչատրյանի արարքը՝ «զենքի հետ վարվելու կանոնների խախտում, որը մարդու առողջությանը անզգուշությամբ պատճառել է ծանր վնաս», ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, կամ, եթե դատարանը գտնի, որ կատարվածը սպանություն է, այն վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով՝ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանություն, կամ ծայրահեղ դեպքում` 104 հոդվածի 1-ին մասով՝ հասարակ սպանություն, և 120 հոդվածով՝ անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս հասցնելը:

«Դատարանը փաստում է, որ զենքի հետ վարվելու կանոնների խախտումը կատարվում է ծանր հետևանքների առաջացման նկատմամբ հանցավորի կողմից անզգուշություն դրսևորելու հետևանքով: Սակայն սույն գործով տուժողի և ամբաստանյալի միջև տեղի ունեցած վիճաբանությունը, ականատեսների վկայությունները` վիճաբանության ընթացքում Դ. Խաչատրյանի կողմից լարվելու, տուժողի հայհոյանքներից վիրավորվելու մասին, և դրա պատճառով նրա կատարած այնպիսի գործողությունները, ինչպիսիք են` զենքը լիցքավորելը, անձանց ուղղությամբ պահելը, կրակելու սպառնալիքը, որոշակի ուժգնությամբ ձգանը քաշելը, խոսում են միայն նրա կատարած դիտավորության մասին:

Ինչ մնում է արարքի հետևանքներին, ապա դատարանի մոտ ձևավորվել է համոզմունք, որ նա նման ծանր հետևանք չէր ցանկանա իր ընկերների համար, որի մասին են վկայում ինչպես՝ ծառայակից ընկերների և հրամանատարության կողմից նրան տրված դրական բնութագիրը, այնպես էլ՝ կրակոցի պահին զենքն իջեցնելը, հանցանքը կատարելուց անմիջապես հետո նրա դրսևորած վարքագիծը և արարքի հետևանքը տեսնելուց հետո ծանր հոգեվիճակի մեջ հայտնվելը:

Ամբաստանյալի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 105 հոդվածով վերաորակելու միջնորդությունը ևս հիմնավորված չէ, քանի որ, ինչպես՝ ըստ ականատեսների, այնպես էլ՝ ըստ ամբաստանյալի ցուցմունքների` տուժողի գործողությունները տևել են ընդամենը մի քանի` 4-5 րոպե, որոնք բոլորի, այդ թվում՝ ամբաստանյալի կողմից, սկզբում դիտվել են որպես կատակ:

Նշված հոդվածով արարքի որակման համար անհրաժեշտ է, որ տուժողի հակաիրավական կամ հակաբարոյական գործողությունները, ինչպես նաև նրա կողմից պարբերաբար դրսևորած հակաիրավական կամ հակաբարոյական վարքագիծն առաջացնեին երկարատև հոգեճնշող իրավիճակ, որի հետևանքով ամբաստանյալի մոտ հանկարծակի կառաջանար հոգեկան խիստ հուզմունք:

Ըստ ամբաստանյալի` ինքը տուժողի հայհոյանքներից չի վիրավորվել և ոչ թե կրակելու, այլ վախեցնելու նպատակ է ունեցել: Գործով որևէ տվյալ ձեռք չի բերվել այն մասին, որ սպանությունը կատարվել է տուժողի հակաիրավական կամ հակաբարոյական վարքագծի հետևանքով ամբաստանյալի մոտ առաջացած երկարատև հոգեճնշող իրավիճակով պայմանավորված հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի հետևանքով:

Ինչ վերաբերում է արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և 120 հոդվածով վերաորակելուն, ապա այն ևս հիմնավորված չէ, քանի որ, ինչպես վերը շարադրվածից է հետևում, Լյուքս Ստեփանյանի սպանությունը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, որի հետևանքով ծանր վնաս է պատճառվել նաև Հրաչյա Սարգսյանի առողջությանը: Իսկ պաշտպանի այն դիտարկումը, թե մեկ կրակոցը չի կարող համարվել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակ, հերքվում է սույն դեպքով արձանագրված փաստով»,- նշել է դատարանը:

Անդրադառնալով դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու նպատակով դատաքննությունը վերսկսելու, ինչպես նաև դեպքի վայրի տեղանքի ուսումնասիրություն կատարելու մասին պաշտպանի միջնորդություններին` դատարանը գտել, որ դրանք հիմնավորված չեն, քանի որ «դատարանը ձեռնարկել է անհրաժեշտ բոլոր միջոցները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար` պարզելով ինչպես՝ ամբաստանյալի մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ՝ նրան արդարացնող, նրա պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքները և դատաքննությունը վերսկսելու կամ դեպքի վայրի տեղատեսություն կատարելու անհրաժեշտություն կամ հիմքեր չկան»:

Դատարանն ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ հանցագործությունը պայմանավորված է եղել տուժողի հակաօրինական վարքագծով, ինչպես նաև հաշվի է առնում այն, որ նա նախկինում արատավորված չի եղել, բնութագրվում է դրական, 19.09.2012թ. բարեխիղճ ծառայության համար գնդի հրամանատարի կողմից խրախուսվել է «Շնորհակալությամբ», դատաքննության ժամանակահատվածում նրա մոտ ախտորոշվել է սուր գաստրիտ: Թեպետ ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, սակայն գտնում է, որ ընկերներից մեկի մահը և մյուսի ծանր մարմնական վնասվածքներն իր գործողությունների հետևանքով են առաջացել, և անկեղծորեն զղջում է կատարած արարքի համար: Դատարանն արձանագրել է, որ գործում ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:

Դատարանը վճռել է ամբաստանյալին դատապարտել ազատազրկման 17 տարի ժամկետով (13-ը՝ սպանության հոդվածով, 4-ը՝առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով): Պատժի կրման սկիզբը հաշվել 2013թ. մայիսի 15-ից:

Դատարանի վճռել է իրեղեն ապացույց ճանաչված գործարանային համարի ԱԿՄ տեսակի ինքնաձիգը, սվին-դանակը և 28 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտներով լիցքավորված պահունակը թողնել ՀՀ ՊՆ N զորամասի տնօրինմանը, ապացույց ճանաչված փաստաթղթերը պահպանել գործի մեջ` դրա պահպանության ողջ ժամանակահատվածում, իսկ դեպքի վայրից առգրավված պարկուճը, փամփուշտը, գնդակը, զինվորական 2 գլխարկները, ոսկրի կտորը, արնանման և ուղեղանման նյութը, «ՀՀ ԶՈՒ կայազորային և պահակային ծառայության կանոնագիրքը», առանց կազմի զինվորի հուշատետրը, Հ. Սարգսյանի հագին եղած մեկ հատ զինվորական տաբատը, մեկ հատ զինվորական վերնազգեստը և մեկ հատ զինվորական շապիկը, Դ. Խաչատրյանից առգրավված զինվորական վերնազգեստը, Լ. Ստեփանյանի գանգի խոռոչից հայտնաբերված սպիտակ գույնի պոլիմերային նյութից օբյեկտները, նրա դիակից հանված հագուստները` ոչնչացնել:

Տեսանյութեր

Լրահոս