Հայաստանը ճգնաժամի ժամանակ հանգստանալուն հարմար 9 երկրների ցանկում է
Տնտեսական ճգնաժամը չի կարող ճանապարհորդությունից հրաժարվելու պատճառ դառնալ: Հանգստանալու համար ոչ շատ մեծ գումար կարելի է ծախսել ոչ միայն եվրոպական հանգստավայրերում, այլև՝ նախկին ԽՍՀՄ տարածքում: bigpicture.ru կայքը կազմել է այն 9 պետությունների ցանկը, որտեղ կարող եք հանգստանալ 2015թ.: Ուշագրավ է, թե ինչպես է կայքը ներկայացնում Հայաստանը և Հայաստանում հանգստանալու առավելությունները:
1. Վրաստան– Ինչո՞ւ գնալ Վրաստան: Շատ պարզ պատճառով. այստեղ գործ չեք ունենում ոչ դոլարի, ոչ էլ եվրոյի հետ: Վրաստանի փողը լարին է: Վրաստանն այն երկրների ցանկին է պատկանում, որտեղ կարելի է մատչելի գներով հանգստանալ և համեղ սնվել: Մեկ շիշ գինին արժե մոտավորապես 3 լարի, ոչ այնքան թանկ հյուրանոցում մնալու համար կվճարեք ընդամենը 30-40 լարի:
Ինչո՞վ զբաղվել: Վրաստանում կարելի է ոտնատակ տալ Ռուսթավելի պողոտան, զբոսնել աշխարհի գերժամանակակից ապակյա կամրջով և Վրաստանի մայրաքաղաքի հնագույն փողոցներով, տեսնել ամենաբարձր՝ 101 մետրանոց Ցմինդա Սամեբա տաճարը: Եվ, իհարկե, մի կուշտ միս ուտել և գինի խմել, քանի որ տեղի բնակիչների պնդմամբ` այստեղ դրանք լավագույնն են:
2. Հունաստան– Չնայած եվրոյի փոխարժեքի բարձրացմանը, Հունաստանը ճամփորդության համար շարունակում է մնալ Եվրոպայի ամենաէժան պետություններից մեկը: Շարունակական բնույթ կրող ճգնաժամի պատճառով ապրուստի և սնվելու միջին արժեքը 2 անգամ էժան է, քան եվրոպական մյուս երկրներում: «Ռոդոսի» հյուրանոցում երկտեղանի համար վերցնելու համար պետք է օրական 30 եվրո վճարել, իսկ ընթրել հրարավոր է 15-20 եվրոյով: 2015թ. հունական հյուրանոցներն առաջարկում են մեծ զեղչեր:
Ի՞նչ անել Հունաստանում: Արևայրուք կընդունեք Կրետե, Կորֆու, Ռոդոս և Կոս կղզիների ծովափերին, կլողաք Սանտորինիում, որը Միջերկրական ծովի ամենառոմանտիկ վայրն է: Համեղ սնվել նախընտրող զբոսաշրջիկներն իրենց համար կբացահայտեն հունական թեթև և համեղ խոհանոցը: Պատմության և արվեստի սիրահարները կգնահատեն բազմաթիվ հետաքրքիր թանգարաններ՝ հայտնի Ակրոպոլիսից մինչև Սանտորինիի գինու թանգարանը: Ակրոպոլիսում միշտ կատարյալ լռություն է և հաճելի զով, այդ իսկ պատճառով օրվա ամենաշոգ ժամերը կարող եք անցկացնել այստեղ: Իսկ երեկոյան կարելի է նայել Պարթենոնի լուսավորված տաճարը:
3. Լատվիա- Լատվիայում վերգետնյա տրանսպորտը շատ մատչելի է, ձեզ հաճելիորեն կզարմացնեն նաև մթերքների գները, իսկ ռեստորանում միջին հաշիվը կկազմի մոտավորապես 20 եվրո:
Ի՞նչ անել այստեղ: Ամռանը կարող եք հանգստանալ Բալթիկ ծովի ափին՝ արևոտ Յուրմալայի ծովափերին, հանգիստ և հարմար Սաուլկաստրիում և մշակութային Լիեպայիում: Ձմռանը կարող եք դահուկ քշել Ցեսիսում: Անկախ եղանակից՝ կարող եք զբոսնել լատվիական քաղաքների հնագույն փողոցներով, հանգստանալ սպա-հյուրանոցներում և Ռիգայի հանգստարաններում, բացահայտել «լատվիական Շվեյցարիայի» ամբողջ գեղեցկությունը: Բայց ամենակարևորը, որի համար պետք է գնալ Լատվիա, իհարկե, մայրաքաղաքն է: Այն տարբերվում է իր ճարտարապետական շքեղությամբ և անկրկնելի մթնոլորտով, որը կարելի է զգալ՝ հետազոտելով Հին կենտրոնը:
4. Հայաստան– Հայաստանում ամեն ինչն ավելի էժան է, քան Ռուսաստանում. Սկսած՝ հյուրանոցից և ռեստորաններից, վերջացրած՝ խանութներում և շուկաներում վաճառվող ապրանքներով: Այսպիսով՝ մի կուշտ ճաշելու համար ձեզնից կպահանջվի 4000 դրամ, 6 աստղանի «Арарат» կոնյակի համար՝ 1000 դրամ, մեկ կիլոգրամ խնձորի դիմաց՝ 850 դրամ: Կացարանների արժեքները սկսվում են 10.000 դրամից, բայց ցանկության դեպքում կարելի է տնտեսել, եթե 5-6 ամիս առաջ համար պատվիրեք:
Ի՞նչ անել այստեղ: Հայաստանը շատ գեղեցիկ և հնագույն երկիր է, որում հրաշալի կերպով զուգակցվում են բնությունն ու հնագույն ճարտարապետական կառույցները: Ավելի քան 3 օր պետք է անցկացնել Երևանում, որը Հռոմից 29 տարով մեծ է: Այնուհետև ճանապարհ ընկնել դեպի Հայաստանի մշակութային և բնական հնություններ: Տեսնել հնագույն տաճարների ու ամրոցների ավերակները, որոնք ունեն ավելի քան 1700 տարվա պատմություն, լողալ Սևանա լճի թափանցիկ ջրերում և ըմպել Ջերմուկի բուժական հանքային ջուրը: Ձմռանը Հայաստան են գալիս Ծաղկաձորում դահուկ քշելու համար:
5. Ֆինլանդիա– Ֆինլանդիայում ապրանքների և ծառայությունների գները բավական մատչելի են, սպասարկման որակը՝ բարձր: Ֆինլանդիան հայտնի է իր մեգազեղչերով (դեկտեմբերի 27-ից՝ հունվարի վերջ, և ամառային՝ հունիսի 23-ից օգոստոսի վերջ), երբ հագուստը, կոշկեղենը և կենցաղային ապրանքները կարելի է գնել 70% զեղչով:
Ի՞նչ անել այստեղ: Ֆինլանդիան հրաշալի երկիր է վայրի բնության սիրահարների համար: Կարելի է գնալ Սայմա լիճ և այնտեղ 2 կիլոգրամանոց ֆարել տեսակի ձուկ որսալ, եղնիկներով շրջել Լապլանդիայում: Ամռանն այստեղ ընդունված է հանգստանալ Ֆիննական ծովածոցի ափերին, ձկնորսությամբ զբաղվել Հյուսիսային Կարելիայի մաքուր ջրերում:
6. Իսրայել- Իսրայել գնալուց առաջ հարկավոր է իմանալ, որ բանկերն աշխատում են կիրակիից մինչև հինգշաբթի, իսկ ուրբաթ օրերին՝ մինչև կեսօր: Իսրայելում հյուրանոցները բավականին թանկ են, միջինում՝ 60-120 դոլար՝ մեկ գիշերվա համար:
Ինչո՞վ զբաղվել այստեղ: Այստեղ կարելի է արևայրուք ընդունել Էյալտայի ավազոտ ափերին:
7. Բուլղարիա- Բուլղարիայում կարելի է մատչելի բնակավայր գտնել ինչպես՝ հյուրանոցում, այնպես էլ՝ առանձին, բայց պետք է հիշել, որ շատ երկաստղանի և եռաստղանի հյուրանոցներ իրարից տարբերվում են միայն գնով:
Ինչո՞վ զբաղվել այստեղ: Ամռանն այստեղ են գալիս առողջությունը վերականգնելու և ծովափին արևայրուք ընդունելու համար: Ամենահայտնի հանգստյան գոտին Սևծովյան ավազուտն է, այն Սոզոպոլ կոչվող փոքրիկ թերակղզին է, որը հայտնի է իր ավազային ծովափերով: Ձմռանը Բուլղարիայում կարելի է դահուկ քշել: Բուլղարիայի բոլոր 3 լեռնային գոտիները՝ Պիրին, Րիլան և Ռոդոպը, իհարկե, չեն համեմատվի Ալպերի հետ, փոխարենը՝անվտանգ են սկսնակների համար:
8. Թուրքիա- Թուրքիայում հնարավոր է տեղացիներից տուն վարձել: Ստամբուլում մեկ սենյակն արժե ամսական 800 թուրքական լիրա, բնակարանը՝ մի քիչ ավելի թանկ: Ճաշել կարելի է 5-10 լիրայով, իսկ ամբողջական ընթրիքը կարժենա 20-40 լիրա:
Ինչո՞վ զբաղվել այստեղ: Թուրքիայում բոլորն էլ կգտնեն այն, ինչ իրենց պետք է: Հրաշալի ընտրություն է արևոտ Մարմարիսը, Սիդեն և Քեմերը: Պատմություն և երկրաբանություն սիրողներն իրենց հետաքրքրող հարցերի պատասխանը կստանան Ֆասելիսում, Էֆեսում, Տրոյում և Ասպենդոսում: Առանձնակի ուշադրության է արժանի Ստամբուլը: Այստեղ շատ են նաև գեղեցիկ և շքեղ մզկիթները, որոնցից են՝ Կապույտը և Այա-Սոֆիան: Չմոռանաք ացելել Տոպկապի ամրոցը, բարձրանալ Գալաթա աշտարակը: Ձմռանն այստեղ կարելի է խմել ազգային ըմպելիքներից սալեպը, որի բաղադրության մեջ կաթ կա:
9. Եգիպտոս- Եգիպտոսում շատ ապրանքների գներ կարելի է իջեցնել, կարևորը՝ կարողանաք լավ գին գցել: Այս գործընթացը եգիպտացիների մոտ համարվում է նույնիսկ զվարճանքի տեսակ: Եգիպտական շատ հյուրանոցներ աշխատում են «ամեն ինչ ներառված է» համակարգով, ինչն էլ օգնում է հանգստի վրա բավական գումար տնտեսել:
Ինչո՞վ զբաղվել: Առաջին հերթին՝ այստեղ կարող եք դայվինգով զբաղվել: Տեղական ծովը համարվում է երկրի գանձերից մեկը: Այնուհետև կարող եք ուղևորվել դեպի անապատ, տեղի բնակիչներն այնտեղ գումար են վաստակում՝ տուրիստներին իրենց ապրելակերպը ցուցադրելով: Այստեղ կարող եք համտեսել արաբական ճաշատեսակները, զբոսնել ուղտերով, ականատես լինել ցուցադրության և նույնիսկ գիշերել: Մի քանի օրով կարելի է գնալ Կահիրե, որտեղ տեղակայված են հիմնական տեսարժան վայրերը՝ բուրգերը, երկրաբանական թանգարանները, Մեռյալների քաղաքը, իսկ այս ամենին մեծ հպարտությամբ հետևում է Սֆինքսը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը