«ՀՀ իշխանությունները վախենում են ՌԴ-ի առջև հարց բարձրացնել, իսկ ընդդիմությունը ճիշտ վարվեց` ՌԴ-ի նկատմամբ կոպիտ քայլերի չգնալով». Սմբատ Կարախանյան
168.am-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Սմբատ Կարախանյանը:
– Պարոն Կարախանյան, Գյումրիի ողբերգությունը և դրան հաջորդած կասկածները, թե ողբերգության մեջ մեղադրվող զինծառայող Վալերի Պերմյակովը չի հանձնվի ՀՀ իրավապահ մարմիններին, հայ հասարակության շրջանում խորը դժգոհություն և հակառուսական տրամադրություններ բարձրացրեցին, ոմանց բնորոշմամբ` կուտակված տրամադրություններ: Չպե՞տք է արդյոք ռուսական կողմը փոխի իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ՝ այս տրամադրությունները մեղմելու համար:
– ՌԴ ղեկավար քաղաքական շրջանակներում նորմալ ընդունվեց այն, ինչ տեղի ունեցավ Գյումրիի ողբերգությունից հետո, որովհետև զգացմունքային արձագանքը, հուզական պոռթկումը ճիշտ էր, պետք է լիներ, սպասելի էր, ու դրա բացակայությունը շատ ավելի տարօրինակ կդիտարկվեր: Խոսքը, բնականաբար, չի վերաբերում սադրանքներին` փայտերով ու քարերով ծեծելուն: Դրանից այն կողմ ամեն ինչ ճիշտ է եղել ու պետք է հենց այդպես էլ լիներ, որովհետև չափազանց ողբերգական դեպք է տեղի ունեցել, և դա հստակորեն պետք է ունենար արձագանք բոլոր կողմերից և կենտրոններից, այդ թվում` Ռուսաստանից:
Հաջորդ հարցը, որին ցանկանում եմ անդրադառնալ, ՀՀ իշխանությունների խայտառակ պահելաձևն էր: ՀՀ իշխանությունները նորից ցույց տվեցին, որ դեմք չունեն, ցույց տվեցին, որ Ռուսաստանի առջև ի վիճակի չեն ինչ-որ հարց բարձրացնել ու կարողանալ նորմալ երկխոսություն կազմակերպել: Եթե ՀՀ իշխանությունները դեպքի սկզբից ելույթ ունենային, ներկայացնեին իրենց դիրքորոշումը` թեկուզև պաշտոնական, հայ հասարակության արձագանքն ավելի մեղմ կլիներ, և, ի դեպ, նորմալ կընդունվեր նաև ՌԴ իշխանությունների կողմից: Սակայն այդ ամենը տեղի չունեցավ, ՀՀ իշխանությունները քար լռության մատնեցին տեղի ունեցածը, վախից ուշագնաց եղան, որ իրենց կքննադատեն, որովհետև նրանց ուշքն ու միտքը բազմաքայլ վերարտադրումն է:
Մյուս հարցն ավելի սթափ դիտարկենք: Սա միջպետական հարց է, որը պատկան մարմիններն իրար հետ համատեղ պետք է լուծեին: Ռուսաստանի կողմից նայենք. աշխարհում նման դեպքեր տեղի են ունեցել: Բոլորս լավ ենք հիշում ԱՄՆ-ի հայտնի բազաները Ճապոնիայի Օկինավայում, որտեղ մի շարք բռնաբարություններ և հանցագործություններ տեղի ունեցան, դրանից բացի՝ այլ դեպքեր ևս եղել են, որոնք ավելի քիչ հրապարակային են եղել: Օկինավայի ռազմաբազայի հանցագործ զինծառայողը 25-26 օր պահվեց ռազմաբազայում և չհանձնվեց, նյութեր չտրամադրվեցին Ճապոնիայի իրավապահ մարմիններին, մինչև չճշտվեց ողջ իրականությունը՝ տեղի ունեցածի հետ կապված:
Գյումրիի դեպքն ավելի լուրջ է, քանի որ խոսքը ՀԱՊԿ սահմանի, Ռուսաստանի ռազմաբազայի ներքին կանոնադրության մասին է, իսկ Գյումրիի դեպքի հարցում շատ են սպիտակ էջերը, որոնք առնչվում են հենց ռազմաբազայի ներքին խնդիրներին:
Մենք այս պահին վարկածներ ենք քննարկում` փորձելով չխոչընդոտել նախաքննությանը: Այդ մարդը զենքով է դուրս եկել, պետք է հասկանալ, ու պետք է պատժվեն նրանք, ովքեր թույլ են տվել, որ զինծառայողը զենքով դուրս գա, սա ներքին հարց է, ՀՀ քննչական մարմինները՝ սա քննելով, պետք է միջամտեին ՌԴ ռազմաբազայի ներքին հարցերին: Երկրորդը` սահմանի հարցը: Նա փորձել է հատել սահմանը, պետք է պարզել՝ նախկինում եղե՞լ է կապ այլ երկրների հետախուզությունների հետ, նրան բերե՞լ են այս մտքին, թե՞ այդ հանցագործությանը նրան բերել են սեկտանտները: Պետք է հասկանալ` ինչո՞ւ է այդ տարիքի մարդը սառնասրտորեն նման հանցագործության գնացել: Մեկ այլ հարց է` հանցագործությունից առաջ կամ հետո նրա մոտ ինչ-որ թղթեր կամ այլ իրեր` գծագրեր, եղե՞լ են, թե՞ ոչ, ի՞նչ ծրագիր է ունեցել:
Այս բոլոր հարցերը ներքին ռուսական քննությանը ենթակա հարցեր են, ու ռուսական կողմն այսօր վարվում է այնպես, ինչպես ամերիկացիները: Այսինքն` մինչև այս հարցերը չճշտվեին ընդհանուր գծերով, ոչ մի այլ երկրի ոստիկանությանը կամ քննչական մարմիններին չէր տրամադրվի զինծառայողը` դրանով իսկ թույլ տալով լուծել այդ հարցերը այլ երկրի քննչական մարմիններին: Չի բացառվում, որ պարզվի, որ գազան շիզոֆրենիկ է եղել, այդքան բան: Սակայն մինչև այս վարկածները չպարզվեին, ՌԴ նախագահը ոչինչ չէր կարող ասել: Պետք է վերանալ զգացմունքայնությունից, որը, էլի եմ ասում, բնականոն էր: Այս ամենը որոշակի ընդհանուր գծերով ճշտվեց, և ՌԴ նախագահը հայտնեց իր ցավակցությունները:
– Դուք պնդում եք, որ իշխանությունը չներկայացրեց իր պահանջները ռուսական կողմին, իսկ ի՞նչ արեց ընդդիմությունը: Ընդդիմությունը ևս ռուսական կողմին դժգոհություն չներկայացրեց:
– Իմ համոզմամբ` ընդդիմությունը շատ ճիշտ վարվեց, որ կոպիտ քայլերի չգնաց, որպեսզի միավորներ հավաքի այլանդակ իրավիճակի վրա: Նրանք պահեցին իրենց հավասարակշռված քաղաքական դեմքը, խոսքը գնում է ՀԱԿ-ի մասին: Այսինքն` նորմալ, հավասարակշռած իրավիճակ էր, սրելու կամ չսրելու խնդիր չկար: Սրելու համար շատ այլ գործոններ կան: Իսկ իշխանության դեպքում այլ է, երևաց, որ դեմք չկա, ոչինչ չկա, դատարկություն է, այնինչ ընդդիմությունն իրեն պահեց՝ որպես հավասարակշռված և կայացած քաղաքական ուժ:
– Այսօր զգացմունքային կարելի է համարել նաև ռազմաբազան հեռացնելու պահանջները, բայց մինչ Գյումրիի ողբերգությունը ևս կարծիքներ էին շրջանառվում, որ հայկական կողմի համար նպատակահարմար չէ այդ ռազմաբազաների հյուրընկալումը, քանի որ դրանք չեն ծառայում ՀՀ անվտանգությանը և սպասարկում են միայն ՌԴ շահերը: Չե՞ք կարծում, որ դրանք իսկապես սպասարկում են միայն ռուսական շահերը:
– Ռազմաբազան իր դերը կատարում է, թե չի կատարում՝ միջպետական խնդիր է: Իր դերը կատարում է ՀԱՊԿ-ի շրջանակում, և հարցը պետք է լուծվի ԵՏՄ շրջանակում: Թող ՀՀ իշխանությունները կանգնեն ու բացատրեն Ռուսաստանին, որ այդ ռազմաբազան իր դերը չի կատարում, չեմ կարծում, որ խնդիր լինի: Դա կարելի է սթափ քննարկել: ՀՀ իշխանությունների համար աքսիոմ պետք է լինի՝ հարցեր բարձրացնել, ծրագրեր մշակել, սխալներ մատնանշել ու ապացուցել, ոչ թե կազմակերպել արևմտամետ ու ռուսամետ խաղեր: Ռազմաբազայի դերակատարությունն այլ հարց է, ու ես վեց ժամ կարող եմ ապացուցել, որ ռազմաբազան կատարում է իր դերը: Պետությունները համաձայնել են, ռազմաբազան կա, ապագայի գործունեության հետ կապված խնդիրները հստակեցվել են 1997 թվականից, աշխատանքները գնում են. եթե դրանք բավարար չեն՝ այլ հարց է, ու պետք է բարձրացնել, հստակ ծրագրեր ներկայացնել:
– Հունվար-փետրվար ամիսներին Հայաստանն ու Եվրոպական միությունը պետք է շարունակեն հարաբերությունների ապագայի շուրջ քննարկումները, երբ ՀՀ-ն արդեն ԵՏՄ անդամ երկիր է: Հայաստանը որքանո՞վ է սահմանափակված լինելու Ռուսաստանի կողմից, կա՞ն սահմաններ, որոնցից ավելի ԵՄ-ի հետ հարաբերություններում Հայաստանը չի կարող գնալ:
– Հայաստանը պարտավորություններ է ստանձնել, և եթե ԵՄ-ի հետ հարաբերությունների նոր օրակարգը չհակասի ՀՀ ստանձնած պարտավորություններին ԵՏՄ-ում, խնդիր չի լինի: Բոլորը շահագրգռված են, որ ԵՏՄ անդամ երկրները լայն կապեր ունենան աշխարհում: Եթե չի հակասում Հայաստանի ԵՏՄ անդամակցության փաստաթղթին, ապա կարող է լինել համաձայնագիր: Եթե Հայաստանը ԵՄ-ի հետ սկսի քաղաքականություն խաղալ, ապա հնարավոր է՝ քաղաքական տեսանկյունից քննադատության ենթարկվի, կամ՝ հակառակը, եթե ՀՀ-ի ապագա համաձայնագիրը ԵՄ-ի հետ չհակասի ԵՏՄ-ին:
– Իսկ եթե խոսք գնա Ասոցացման համաձայնագրի (ԱՀ) բովանդակությամբ մեկ այլ համաձայնագրի՞ մասին:
– Խոսքս չհակասող փաստաթղթի մասին էր, իսկ Ասոցացման համաձայնագիրը հակասում էր ԵՏՄ-ին: