ԼՂ հակամարտության սրումը բխում է միայն Ադրբեջանի շահերից. Կազիմիրով

168.am-ի զրուցակիցն է 1992-1996 թթ. ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող՝ Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, ներկայումս՝ Ռուսաստանի ԱԳՆ վետերանների խորհրդի նախագահ Վլադիմիր Կազիմիրովը:

 – Պարոն Կազիմիրով, նախորդ տարվա հուլիս-օգոստոս ամիսներից, երբ Հայաստանը դեռ գտնվում էր Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու գործընթացում, մինչ այսօր, հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում աննախադեպ լարվածություն է գրանցվում:  Ինչո՞վ եք բացատրում ներկայիս լարվածությունը, ո՞ւմ է սա ձեռնտու:

– Անկեղծ ասեմ, որ ես այդ երկու երևույթների միջև ուղիղ կապ չեմ տեսնում: Հարցն այն է, որ Հայաստանի անդամակցությունն այդ միությանը վաղուց` տարիներ առաջ, հայտնի էր, իսկ ինչ վերաբերում է լարվածությանը ԼՂ-ի շուրջ,  լարվածություն եղել է նաև նախկինում, նաև այն ժամանակ, երբ դեռ չէր շրջանառվում այդ միությանը ՀՀ անդամակցության հարցը: Մի քանի տասնամյակ պաշտոնական Բաքուն շարունակում է միևնույն քաղաքականությունը, նրանց ձևակերպմամբ՝ «հանգիստ չտալ օկուպանտներին»:

Այսինքն` մի կողմից՝ մենք տեսնում ենք բազում  հայտարարություններ պաշտոնական Բաքվի կողմից այն մասին, որ հայերն են խախտում շփման գծում հրադադարի ռեժիմը, մյուս կողմից՝ ակնհայտ է, և պաշտոնական Բաքվի հեղինակավոր գործիչներն ուղիղ խոսում են այն մասին, որ իրենց շահերից է բխում լարվածության շարունակականությունն ու օկուպանտներին հանգիստ չտալը: Այնպես որ, տրամաբանությունն այստեղ երկփեղկվում  է, այսինքն` մի կողմից՝ պնդում են, թե հենց այդպես էլ պետք է գործել, ժամանակ առ ժամանակ նույնիսկ մեծացնելով լարվածությունը, մյուս կողմից՝ փորձեր են արվում այդ խախտումներում մեղադրել հակառակորդ կողմին` հայերին: Հակասականությունների մեջ պաշտոնական Բաքուն  խճճվել է:

Կարդացեք նաև

– Նախորդ տարվա ընթացքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ առանձին երկրների կողմից բարձր մակարդակի հանդիպումներ կազմակերպվեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև, սակայն ապարդյուն: ԵԱՀԿ ՄԽ հեղինակությունը գնալով նվազում է, Ադրբեջանը, որոշ գնահատականների համաձայն, նաև Ռուսաստանը ցանկանում են տապալել ՄԽ-ն, այնինչ ՄԽ-ն տարածաշրջանային ստատուս-քվոյի պահպանման ուղղությամբ աշխատող միակ միջազգային  ձևաչափն է: Ըստ Ձեզ` ինչպե՞ս պետք է գործի ԵԱՀԿ Մինսկի խումբը:

– Իմ գնահատմամբ՝ երկար տարիներ` տասնամյակներ, ԵԱՀԿ Մինսկի խումբը միջոցներ է ձեռնարկում հակամարտող կողմերի միջև առկա լարվածության նվազեցման համար: Այս իմաստով միջնորդների գիծը, ՄԽ գիծն ուղիղ հակադրվում են լարվածության մեծացման փորձերին, որոնք իրականացնում է պաշտոնական Բաքուն: Չափազանց ցավալի է, չափազանց: Պետք է ասեմ, որ Հեյդար Ալիևի օրոք  պաշտոնական Բաքվի գործողությունների տրամաբանության մեջ նման  հակասությունները շատ ավելի քիչ էին, հազվադեպ:

Միջազգային հանրությունն  ակնհայտորեն աջակցում է այն գաղափարին, որ գտնվի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը քաղաքական, բանակցային  միջոցներով: Միջազգային հանրության շրջանակում չեք գտնի որևէ մի երկրի, որը կողմ կարտահայտվի այս հակամարտությունն ուժի միջոցով լուծելու գաղափարին: Ընդհակառակը՝ և՛ համանախագահ երկրները, և՛ երկրները, որոնք որևէ կապ չունեն Մինսկի խմբի հետ, բազմիցս հայտարարել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության և այդ հակամարտությունն ուժային միջոցներով լուծելու անհնարինության մասին:

– Մի շարք միջազգայնագետներ չեն բացառում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը: Ի՞նչ եք կարծում այս մասին:

– Ես, ամեն դեպքում, դա բացառում եմ, քանի որ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար գինը չափազանց թանկ է: Լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում միջազգային ժամանակակից պահանջները միայն աճելու են:

 

Տեսանյութեր

Լրահոս