«Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին խնայել է առնվազն 3 կետերով». Զարուհի Փոստանջյան

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ տարվա ամենաանցանկալի իրադարձությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության վավերացումն էր ԱԺ-ի կողմից:

«Սա մի պատմական փաստ է, որը բնորոշում է մեր պետականության զարգացման փաստացի հետընթաց: Այս բռնակցումը և ՌԴ-ի կողմից մեր նկատմամբ այս ագրեսիան համապատասխան դիմադրություն չստացան: Համապատասխան դիմադրության դեպքում՝ այս փաստաթուղթը չէր վավերացվի ԱԺ-ի կողմից»,- ասաց նա:

Նա նշեց, որ մեզ համար նպաստավոր կլիներ, որպեսզի ՌԴ-ում այնպիսի քաղաքական իրադարձություններ տեղի ունենան, որոնք հնարավորություն կընձեռեն Ռուսաստանի քաղաքացիներին ապրել ոչ թե ավտորիտար, այլ ժողովրդավար ռեժիմի ներքո.

«Եթե այնտեղ ժողովրդավար կարգեր լինեն, ապա քաղաքակիրթ աշխարհի հետ հավասարը հավասարի պես շփվելու մեր հնարավորությունները կընդլայնվեն: Իսկ եթե ավտորիտար ռեժիմն ավելի է խորանում, ապա մեր հնարավորություններն այստեղ, իհարկե, նվազում են, և որոշումներ մենք չենք ընդունի, այլ մեր փոխարեն Ռուսաստանը դա կանի:

Մենք ցանկանում ենք զարգանալ, որպես ազատ, անկախ պետություն, մինչդեռ անցյալ տարվանից սկիզբ առած այս գործընթացները ենթադրում են՝ ո՛չ անկախ, ո՛չ ազատ պետություն, ինչ-որ մի տարածքի բռնակցված մաս կազմել, և ավելին՝ այդ տարածքում էլ իշխում են ավտորիտար կարգեր»:

Լրագրողների հարցին՝ որո՞նք են «Ժառանգություն» կուսակցության այս տարվա ձեռքբերումներն ու բացթողումները, նա պատասխանեց.

«Ձեռքբերումներ չունենք, որովհետև եթե ունենայինք, ապա մեր քաղաքացիներն ավելի բարեկեցիկ կյանքով կապրեին: Իսկ բացթողումներն ու անկումը համատարած է: Միգուցե մենք իշխանություն չունենք, որպեսզի իրական ազդեցություն ունենանք: Խմբակցությունն իր ռեսուրսների ներքո հնարավորինս գործել է, բայց հաջողություն չի արձանագրել»:

Իսկ հարցին, թե այս անգա՞մ էլ կպաշտպանի Նիկոլ Փաշինյանին, նա պատասխանեց. «Նախ՝ ասեմ, որ պարոն Փաշինյանն ինձ հետ զրուցել է, որպեսզի ես միանամ այս նախագծին, և ես իմ պատրաստակամությունը հայտնել եմ: Բայց նաև նախորդի ժամանակ ես ասացի, որ նա խնայել է Սերժ Սարգսյանին առնվազն 3 կետերով.

Առաջինը՝ ԵՏՄ նախաձեռնումն է, որն իր մեջ պարունակում է պետական դավաճանություն, երկրորդը՝ 2013-ի ընտրություններն էին, երբ Սերժ Սարգսյանը բռնազավթմամբ ձեռք բերեց այսօրվա իշխանությունը և փաստացի կատարել է ծանր հանցագործություններ, և երրորդը՝ մադրիդյան սկզբունքների վերաբերյալ հռչակագրի ստորագրումն է:

Այս երեք կետերը պետք է ներառված լինեն այդ պաշտոնանկության փաստաթղթի մեջ, որը պարոն Փաշինյանը չի ներառել, իհարկե, նա ասում է, որ կներառի, բայց ցանկալի էր, որ չխնայեր Ս. Սարգսյանին և դրանք ներառեր»:

Տեսանյութեր

Լրահոս