Վահան Մելքոնյանը հանդիպում է «Նաիրիտի» համակարգող խմբի հետ
«Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վահան Մելքոնյանը, ով նաև ՀՀ-ում ԱՊՀ Միջպետական բանկի ներկայացուցիչն է, քիչ հետո գործարանում հանդիպում է ունենալու աշխատավարձերի պարտքի մարման և գործարանի վերագործարկման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգող խմբի հետ:
Վահան Մելքոնյանը, հիշեցնենք, «Նաիրիտի» գլխավոր տնօրեն է եղել 2009-2011թթ.-ին, ում օրոք գործարանը սկսեց չաշխատել և գնալ դեպի սնանկացում, թեև միայն Միջպետական բանկից ստացվել էր ավելի քան 170 մլն դոլար վարկ:
Հանդիպման փաստը 168.am-ի հետ զրույցում հաստատեց գործարանի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը: Թե ո՞րն է հանդիպման նպատակը, նա չգիտեր: Իսկ թե որպես համակարգող խմբի անդամ ի՞նչ կարող է այդ հանդիպումից ակնկալել, Ա. Հարությունյանը պատասխանեց. «Կարող եմ ունենալ այն ակնկալիքը, որ որպես Միջպետական բանկի հայաստանյան ներկայացուցիչ ինքը կարող է ազդել Միջպետական բանկի և ՀՀ կառավարության երկխոսության արագ ավարտվելու ու մինչև ամսի 6-ը մարդկանց գոմարները վճարելու վրա: Ինքը, կարծում եմ, կարող է նպաստել դրան»:
Ըստ Ա.Հարությունյանի՝ գործարանի բաժնետոմսերը, որ գրավ են դրված ՄԲ-ում, գուցե չվերադարձնեն, բայց կարող է գործարանը գրավից հանեն. «Ասում են՝ դրական միտումներ կան ՄԲ և կառավարության բանակցություններում, գուցե այդ դրական միտումներն է ասելու, որը մեզ համար աշխատավարձի ստացումն է»: