Զուրաբ Աբաշիձեն չի մանրամասնել, թե ինչու է ձգձգվում Գրիգորի Կարասինի հետ երկխոսությունը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ դեռ պլանավորված չէ Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի ու Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի նոր հանդիպում:

Աբաշիձեն ընդգծել է, որ ձևաչափը պահպանվում է, և անհրաժեշտության դեպքում բանակցային կողմերը կկապնվեն միմյանց հետ. «Մենք այդպես էլ չհանդիպեցինք ամեն օր: Այդպիսի հանդիպումներն անցկացվեցին 2-3 ամիսը մեկ անգամ:

Վերջին հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերին: Կանցնեն ամանորյա տոները, այլ կերպ կնայենք իրավիճակին, կտեսնենք, կսպասենք իրադարձությունների զարգացմանը»:

Զուրաբ Աբաշիձեն դրա հետ մեկտեղ չի մանրամասնել, թե որն է երկխոսության ձգձգման պատճառը, և կոնկրետ որ խնդրի հետ է կապված դա: Փոխարենը նա հայտարարել է, որ իրենք մշտապես ունեն խնդիրներ, այդ թվում նաև սուր խնդիրներ, որոնց քննարկման ու լուծման համար էլ ստեղծվել է այդ ձևաչափը:

Աբաշիձեն հայտարարել է, որ Ռուսաստանը չի բարձրացրել Ուկրաինայում տարվող ռազմական գործողություններին վրացի կամավորների մասնակցության հարցը: Աբաշիձեն նշել է, որ Վրաստանի ու Ուկրաինայի հարաբերությունները երկկողմ հարց են, և ռուսական կողմը տվյալ թեման չի բարձրացրել Աբաշիձե-Կարասին ձևաչափով բանակցությունների ժամանակ:

Դեկտեմբերի 18-ին Ուկրաինայում անջատողականների դեմ պայքարում զոհվեց 32-ամյա Ալեքսանդր Գրիգոլաշվիլին, ով Վրաստանի զինված ուժերի կազմում ծառայել է 2007-2008 թվականներին:

Տեսանյութեր

Լրահոս