«Ուզում ենք, որ յուրաքանչյուր երեխա ցանկալի լինի, յուրաքանչյուր ծնունդ՝ անվտանգ»
Ազատության հրապարակում, Կարապի լճի մերձակայքում, Հանրապետության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Մոսկվա կինոթատրոնի հարակից տարածքում հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին 17-27 տարեկան երիտասարդների շրջանում ամեն օր բաժանվում էին թռուցիկներ այն մասին, թե ինչպես պահպանել սեռական հիգիենան, ինչ է արգանդի վզիկի քաղցկեղը, ինչպես խուսափել անցանկալի հղիությունից և սեռավարակներից, անպտղության հիմնական պատճառները, որ դեպքերում է հղիության արհեստական ընդհատումը խստիվ արգելված և ինչպես հետազոտվել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ:
«Կրթված երիտասարդ, առողջ ապագա» ծրագիրն իրականացրեց «Հաշմանդամների «Փարոս» կրթության և մշակույթի զարգացման կենտրոն» ՀԿ-ն` ՀԵՀ-ի` որպես ՀՀ նախագահ գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։
Ծրագրի ղեկավար Լիլիթ Հարությունյանը նշեց, որ ՀՀ-ում վերարտադրողական առողջության հետ կապված խնդիրները ահագնացող չափերի են հասնում ու շեշտեց. «Ծրագրի նպատակն է նպաստել վերարտադրողական առողջության` այդ թվում` ընտանիքի պլանավորման, համընդհանուր հասանելիությանը, առաջ մղել վերարտադրողական իրավունքները, կրճատել մայրական մահացությունը, նպաստել ծնելիության բարձրացմանը, հարկադրական աբորտների իջեցմանը, սեռավարակների և անպտղության նվազեցմանը: Ուզում ենք հասնել նրան, որ յուրաքանչյուր երեխա ցանկալի լինի, յուրաքանչյուր ծնունդ՝ անվտանգ, յուրաքանչյուր երիտասարդ մարդ՝ զերծ ՁԻԱՀ-ից և յուրաքանչյուր աղջիկ ու կին՝ արժանապատիվ և հարգալից վերաբերմունք վայելող»:
Վիճակագրության համաձայն` ՀՀ-ում բնակվում են վերարտադրողական տարիքի (15 և բարձր) մոտ 1.32 միլիոն կանայք և աղջիկներ: Նրանցից յուրաքանչյուր 6 կնոջից մեկը տառապում է անպտղությամբ (16.8%-ը՝ գրեթե 220 հազար կին), ինչը գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած ճգնաժամային ցուցանիշը (15%): Հայաստանում յուրաքանչյուր տարի մոտավորապես 385 կնոջ մոտ ախտորոշվում է արգանդի վզիկի քաղցկեղ: Քաղցկեղի այդ տեսակից ՀՀ-ում ամեն տարի մահանում է ավելի քան 200 կին:
Լիլիթ Հարությունյանը նշեց, որ այս իրավիճակը հաշվի առնելով` ծրագրի իրականացման ժամանակ շեշտը դրել են երիտասարդների տեղեկացվածության մակարդակի բարձրացման վրա, քանի որ խնդրի ահագնացող չափերը հիմնականում բխում են չիմացության մակարդակից: Նշենք, որ բաժանվել է 2000 թռուցիկ` 800 երիտասարդ տղամարդու և 1200 երիտասարդ կանանց շրջանում: Լիլիթ Հարությունյանը պատմեց, թե անցորդներից շատերին թվում էր`ամոթ է վերցնել այդ թռուցիկը, քանի որ ըստ նրանց` դրանցում տեղ գտած նյութերն իրենց չեն վերաբերում, բայց շատերին թռուցիկների բովանդակությունը հետաքրքրում էր:
Տեղեկացնենք նաև, որ թռուցիկների պատրաստման հարցում կազմակերպիչները խորհրդակցել են գինեկոլոգի, սեքսապաթոլոգի և մաշկավեներաբանի հետ` պարզելու, թե տեղեկատվությունը ինչպես ներկայացնել, որպեսզի այն հասանելի լինի բոլորին:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն