Մեծ հաշվով դրամի արժեզրկումը կապված է 3 գործոնի հետ. Հրանտ Բագրատյան
ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վստահեցնում է ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Արտարժույթի շուկայում էպիկական իրավիճակ է: Այս պահին (16-ը դեկտեմբերի, 2014թ., երեկոյան ժամը 23:30) դոլարի արժեքն՝ է 550, իսկ եվրոյինը` 690: Պաշտոնական փոխարժեքներն են՝ 490.34 և 614.2: Մեկ ամիս առաջ (16.10.2014) դոլարի և եվրոյի փոխարժեքները համապատասխանաբար կազմել են 415.5 և 517.9: Այսպիսով, մեկ ամսվա ընթացքում դրամը դոլարի նկատմամբ պաշտոնապես արժեզրկվել է 18.6%-ով, իսկ եվրոյի նկատմամբ՝ 18%-ով: Շուկայական կուրսով՝ համապատասխանաբար` 32.5 և 33.2%: Սա աղետ է: Միշտ ասում էինք` դրամի կուրսն իջեցրեք, հանդարտ ձևով, այլապես գահավիժելու է: Եվ ահա խնդրեմ:
ԿԲ-ն և Կառավարությունը չգիտեն՝ ինչ անեն: ԿԲ-ն հայտարարություններ է անում, թե իբր դրսից եկած սպեկուլյատիվ երևույթ է: Իբր ի՞նչ: Արժութային շուկան հենց սպեկուլյատիվ էլ պիտի լինի: Եթե կա ազատ փոխարժեք, ապա սպեկուլյացիան նրա տարերքն է:
Իրենք են սպեկուլյատիվ, բա դո՞ւք: Կամ կառավարության մրցակցային քաղաքականության գծով պատասխանատուն հայտարարում է. թույլ չեմ տա, որ տեղական արտադրողը գին բարձրացնի: Այսինքն՝ օղի, գազ կամ բենզին ներմուծողը կարող է գին բարձրացնել՝ կապված դրամի արժեզրկման հետ, բայց գյուղացին կարտոֆիլի գին չի կարող բարձրացնել: Ինչո՞ւ: Տնտեսագիտության ո՞ր կանոնի համաձայն: Այս երկրում, ի վերջո, կան տնտեսագետ-գիտնականներ, հարյուրավոր դոկտորներ, հազարավոր թեկնածուներ, ակադեմիկոսներ կան, մասնագիտացված համալսարան կա: Ո՞ւր են: Պետք է, չէ՞, ելույթ ունենալ և լուծումներ առաջարկել։ Բացառությամբ մի 2-3 հոգու` մնացածը պարզապես լռում են: Մինչդեռ ամեն ինչ խորտակվում է:
Հիմա տեսնենք, թե ինչ է կատարվում դրամի հետ: Մեծ հաշվով` դրամի արժեզրկումը կապված է 3 գործոնի հետ: Առաջինը դրա անհասկանալի արժևորումն էր 2004/05-2007/08թթ.՝ 595-ից մինչև 305: Ռ.Քոչարյանը մեմուարներ է գրում՝ առանց դույզն-իսկ պատկերացնելու, որ արժևորումը բերում է սպառման արհեստական ընդլայնման (այդ ժամանակներից սկսած` մի անգամ չէ, որ սպառման ծավալները գերազանցել են ՀՆԱ-ն) և ՀՆԱ արագացված աճի՝ ապագայի հաշվին:
Ինչպես արդեն ասել եմ, շուտով կհրապարակեմ գիտական հոդված քոչարյանական երկնիշ աճի վերաբերյալ, և բոլորիդ պարզ կդառնա, թե դա ինչ էր: Իսկ մինչ այդ նշեմ, որ նա ոչ միայն օգտվեց մինչ իր իշխանության գալը նախկինների օրոք իրականացված բարեփոխումներից, այլև արվեցին քայլեր, որոնք կանխարգելեցին ապագա, Քոչարյանից հետո եկած, կառավարության տնտեսական աճի հնարավորությունները: Հանձինս այն ժամանակվա ԿԲ Նախագահ Տ.Սարգսյանի՝ Քոչարյանը լավ գործընկեր էր գտել. տրանսֆերտների հաշվին դրամն արժևորվում էր, և մարդկանց կենսամակարդակն արհեստականորեն բարձրանում էր:
Մի անգամ չէ, որ ելույթ ենք ունեցել և նշել, որ տրանսֆերտները պետք է դիտարկել իբրև աշխատանքային ծառայությունների արտահանում, հաշվառել իբրև այդպիսին, իսկ դրամի ազատ փոխարժեքը սահմանել միայն այն բանից հետո, երբ դրանք (կամ դրանց մի մասը) ստերիլիզացվել են: Բայց ասողին լսող էր պետք: Տ.Սարգսյանն «իր» տեսությունն ուներ: Այդ ժամանակ մեր բախտը չբերեց նաև այն առումով, որ ԱՄՀ հայաստանյան ներկայացուցիչները (Մենքյու կամ Մեքյու, Օմես) ցածրորակ, գնվող մասնագետներ էին: Տեսություն էին մոգոնել, որ իբր թե Հայաստանում դրամն արժևորվում է աշխատանքի արտադրողականության աճի պատճառով: Սերժ Սարգսյանը, դառնալով Նախագահ, ավելի մեծ սխալներ արեց, քան Ռ.Քոչարյանը: Տ.Սարգսյանին պատժելու փոխարեն` նրան վարչապետ կարգեց:
Ս.Սարգսյանին բնորոշ է տնտեսական զարգացման անբավարար մտածելակերպը, և այդ իմաստով՝ նա ազդեցության տակ ընկնող մարդ է: Իսկ Տ.Սարգսյանը, հիմա արդեն չկարողանալով ապահովել տնտեսական աճ, ինքը սկսեց քննադատել քոչարյանական տնտեսական աճը: Իրականում նա ստիպված էր ինքն իր դեմ ելնել: Դրամի կտրուկ արժեզրկման երկրորդ գործոնը նավթի գներն են: Ավելի ճիշտ կլինի ասել… գլոբալ աշխարհում դրամի մենաշնորհացումը: Այո, այո, մեծ հաշվով նավթի գնի խնդիր չկա: Բանն այն է, որ աշխարհի տնտեսությունը գլոբալացել է, իսկ վալյուտան՝ ազգայնացել: Հիմնականում դոլարն ու մի քիչ էլ եվրոն են սպասարկում շուկան:
Այս պայմաններում, ինչպես ես պնդում եմ Մեգաէկոնոմիկայի իմ հեղինակած տեսության մեջ, գին հասկացությունը հարաբերական է: Որովհետև գնանշում կատարող արժույթի (տվյալ դեպքում` դոլարի) էմիսիան անվերահսկելի է: Այն հանձնված է արժույթի տիրոջ՝ ԱՄՆ-ի ողորմածությանը: Այս տերն էլ ինչ ուզում` անում է. կարող է մեկ օրում արժեզրկել ձեր դոլարային խնայողությունները և` հակառակը, կարող է իր երկրում ներքին պարտք ձևակերպել և հետո այն արտահանել մեկ այլ երկիր, կարող է իր երկրում փոքրիկ տնտեսական ցնցում առաջացնել, բայց հիմնովին քանդել ձեր տնտեսությունը: Սա մեգաէկոնոմիկա է:
Ի դեպ, այն մեր հայ հասարակագիտական մտքի կողմից վերջին 2 հազար տարիներին ստեղծված հազվագյուտ ուսմունքներից է: Եվ դրան պետք է լուրջ վերաբերվել: Հիմա նավթի գներն իջնում են: Բնականաբար, տուժում են նավթն արտադրողները, և պետք է շահեին նավթ կամ նավթամթերք ներկրողները: Բայց մեգաէկոնոմիկան թույլ է տալիս տեղերով փոխել տուժողներին ու շահողներին: Սաուդյան Արաբիան և OPEC անդամ երկրներն անընդհատ ավելացնում են նավթի արդյունահանումը:
Սակայն նավթի արդյունահանումն այդ երկրների կողմից ավելացել է համաչափ՝ մի քանիսից մինչև մի երկու տասնյակ տոկոս` ըստ օրերի։ Իսկ ահա գինը նվազել է արդեն ավելի քան 2 անգամ (117-ից` 55): Կարծում եք, Սաուդյան Արաբիան տուժո՞ւմ է (նավթի գինը բյուջետավորել էր 78 դոլար), կամ՝ Քուվեյթը (բյուջետավորել էր 80 դոլար), կամ Վենեսուելան (90 դոլար): Ոչ:
Վախենամ, որ էականորեն չի տուժում նաև Ադրբեջանը: Ո՞վ ասաց, որ մեգաէկոնոմիկայում նավթից ստացված հասույթը ձևավորվում է միայն գնից: Ի վերջո, գինը դոլարով կամ դոլարով գնանշված արժեթղթերով չի չափվում: Ի՞նչ գիտեք, որ մեխանիզմներ չկան այդ, այսպես կոչված, արժեթղթերը տպել և ուղարկել նավթարդյունահանող որոշ երկրներին: Ընդ որում՝ նավթի գինը մնում է միասնական։ Կամ ինչո՞ւ չի կարելի այդ, այսպես կոչված, կորուստները փոխհատուցել ռազմական մատակարարումներով, ապրանքներով, արտոնություններով և այլն: Իսկ ահա ում որ պետք չէ, նման «պարգևատրումներ» կարելի է չտալ: Եվ առաջին հերթին` ՌԴ-ին (մինչև կսովորի իրեն ճիշտ պահել Ուկրաինայում) և Իրանին: Իսկ այս երկուսը ՀՀ ամենակարևոր գործընկերներից են: Հարվածը ռիկոշետով հասնում է Հայաստանին երկու պատճառով: Առաջին, ՌԴ ռուբլին և տնտեսությունն անկում են ապրում, իսկ Հայաստան ուղարկվող տրանսֆերտները պակասում են: Առաջ անցնելով` ասեմ, որ, այնուամենայնիվ, սա չէ դրամի գահավիժման հիմնական պատճառը:
Որքան հասկացա, ըստ ԿԲ տվյալների՝ հունվար-հոկտեմբերի տրանսֆերտների ծավալը պակասել է մի քանի տոկոսով: Երկրորդ, Հայաստանն իբրև էներգակիր ներմուծող երկիր` պիտի շահեր, քանզի պետք է հսկայական տնտեսումներ ունենար նավթի ու գազի գնումների ժամանակ: Բայց արի ու տես, որ, նախ, ՌԴ-ից ներմուծվող մեր գազի գինը կապ չունի նավթի գնի հետ (ինչպես, օրինակ, ԵՄ երկրների համար է նախատեսված), և մեր նավթամթերքներ ներմուծող «Ռոսնեֆտ-Արմենիան» մենաշնորհ ունի: Իսկ ո՞վ է այս որոշումների պատասխանատուն: ՀՀ իշխանությունները: Հիշենք 2013-ի դեկտեմբերի 2-ի գազային համաձայնագիրը (տեսաք, որ քննություն չբռնեց), ինչպես նաև ոչ սակագնային որոշումը «Ռոսնեֆտի» մենաշնորհի մասով: Ահա այստեղ է թաղված շան գլխի մի մասը:
Եվ, վերջապես, դրամի կտրուկ արժեզրկման երրորդ պատճառը ԿԲ և մյուս մարմինների պրոֆեսիոնալ գործունեության անբավարար մակարդակն է: Ինչպես ասվեց, տրանսֆերտներն ու Ռուսաստանի վիճակն ընդհանուր ֆոնն են, որը բերում է դոլարի թանկացմանը: Բայց մենք սպասում էինք կառավարելի, սահուն թանկացում, իսկ դա ԿԲ-ի մոտ ակնհայտ չի ստացվում: Կարծում եմ, այստեղ պրոֆեսիոնալ խնդիրներ կան կապված Կենտրոնական բանկի գործունեության հետ: Ոչ ոք չունի մոգական լուծումներ:
Բայց մի քանի քայլ կարող էին վիճակը մեղմել: Պետք է նկատի ունենալ հետևյալը.
1. Ինչպիսի՞ն է վերջին երկու ամսում ամեն օր դրամի զանգվածի և մասսայի դինամիկան, ինչպես նաև դոլարի զանգվածի և մասսայի դինամիկան: Մենք այդպես էլ ԿԲ-ից չլսեցինք, թե ինչքան դոլար կա:
2. Այնուհետև, ինչո՞ւ են մարտ-սեպտեմբեր ամիսներին ԿԲ միջազգային պահուստները պակասել ավելի քան 20 տոկոսով:
3. Երրորդ հարցը ևս կա, որը նույնպես, եթե մենք իմանանք, կհասկանանք, թե ԿԲ-ն ճի՞շտ է աշխատել, թե՞ չէ, որը պատասխանում է, թե ինչո՞ւ սահուն չի լինում: Մասնավորապես, արվե՞լ են արդյոք ԿԲ-ի կողմից խոշոր վճարումներ, ասենք, վարկերի գծով:
4. ԿԲ-ն փորձե՞լ է արդյոք կանոնակարգել դոլարի և արտարժույթի կանխիկն ու անկանխիկը բանկերում:
5. Փորձե՞լ է արդյոք ԿԲ-ն կարգավորել վալյուտայի և դրամի հարաբերակցությունը բանկերում: Խոսքն արտարժույթի բաց և փակ դրությունների նորմատիվի մասին է:
6. Ինչպե՞ս են իրենց պահել մի շարք կարևորագույն, համակարգային ընկերություններ և բանկեր, այդ թվում` ռուսական կամ օտարերկրյա: Արդյոք չե՞ն փորձել Հայաստանի միջոցով կանխիկ արտահանել:
7. Դոլարի փոխարժեքի այս բարձրացումը կանխիկի պակասի հետևա՞նք է, թե՞ ընդհանրապես դոլարի պակասի հետևանք է:
8. Բազմիցս ասել ենք, որ մեգաէկոնոմիկայի դարում ճիշտ կլինի, որպեսզի բնակչությունը ԿԲ-ում անմիջականորեն դեպոզիտներ դնելու հնարավորություն ունենա: Չի արվել:
9. Մեգաէկոնոմիկայի դարում ԿԲ-ն պետք է տնտեսավարող սուբյեկտներին վարկավորելու հնարավորություն ունենա: Չի արվել: Մոռացեք երկհարկանի բանկային համակարգի մասին դասական պատկերացումները: Ձեր հիշողությունից ջնջեք դասական դիխոտոմիան:
10. Ինչո՞ւ պետական պարտատոմսերի վաճառքը շեշտակիորեն չեն ավելացրել: Ավելին՝ վերջին սակարկությունները պարզապես ձախողել են: Ինչո՞ւ: Մեծացնեիք տոկոսը կամ պարտատոմսերը գրավիչ դարձնեիք: Ի դեպ, ինչո՞ւ դրանք անմիջականորեն բնակչությանը չեն վաճառվում:
11. Ինչո՞ւ է դոլար-դրամ սակարկությունն իրականացվում միայն մեկ հարթակում (Nasdaq Omx): Ահա սրան են բերում մենաշնորհները:
12. Ինչո՞ւ կտրուկ չի բարձրացվել վերաֆինանսավորման տոկոսադրույքը (ընդհակառակը, վերջին ամիսներին այն իջել է), ինչո՞ւ միջոցներ չեն նախատեսվել դրամական ներարկումները սահմանափակելու առումով, ինչո՞ւ են վարկերը, փողի բազայի և զանգվածի ցուցանիշները վերջին շրջանում աճել շատ ավելի արագ` տնտեսության աճի տեմպերի համեմատ:
Այս հարցերի պատասխանները մենք չենք ստացել: Միայն սրանց պատասխանը թույլ կտա հասկանալ, թե ինչ կարելի է անել: Իսկ մինչ այդ, ներեցեք, պետք է շտապ սահմանափակել աշխատավարձի վճարումները, սառեցնել խոշոր արժութային դեպոզիտները, դադարեցնել դոլարային վարկերը բանկերի կողմից, արգելել բանկերին, այսպես կոչված, կամավոր հիմունքներով վերաձևակերպել ավանդային պայմանագրերը, և այլն: Կանե՞ք:
Հ.Գ. Ավելորդ չէ նշել, որ նման մի իրավիճակ էլ ունեցել ենք 1993-ին, երբ Տ.Սարգսյանի գլխավորած դրամի ներմուծման եռյակը կատարել էր փոխարժեքի սխալ հաշվարկներ և չէր նախատեսել դրամի ու դոլարի ազատ սակարկություն: Իբրև կառավարություն` նախաձեռնեցինք ԳԽ քննարկումներ և հայտարարեցինք, որ պատրաստ ենք մեզ վրա վերցնել նոր ներդրված դրամի փոխանակարժեքը կայունացնելու պատասխանատվությունը: Կարծեմ հենց դեկտեմբերի կեսերն էր: Այդ իրավունքը ստացանք, անմիջապես նախաձեռնեցինք դոլարի բորսային վաճառք միանգամից 3 կետերում և իրավիճակը կայունացրեցինք արդեն դեկտեմբերի վերջին: Իսկ հիմա՞: Մի բան պարզ է: Կունենանք կենսամակարդակի 30%-անոց անկում և աղքատության ցուցանիշի բարձրացում՝ մինչև 46-50%»: