Շվեյցարիան ընդլայնել է հակառուսական պատժամիջոցները

Շվեյցարիայի պատժամիջոցները վերահսկող Տնտեսական գործերի, կրթության և հետազոտությունների դաշնային դեպարտամենտն (EAER) ընդլայնել է Ռուսաստանին վերաբերող պատժամիջոցների ցանկը։ Այս մասին հայտնում է Շվեյցարիայի կառավարության մամուլի ծառայությունը։

Այսպիսով, Շվեյցարիան ընդունել է ԵՄ-ի կողմից պատժամիջոցների 18-րդ փաթեթի շրջանակներում ներդրված մի շարք փոփոխություններ: Այս միջոցառումներն ուժի մեջ են մտել օգոստոսի 12-ին։

Ցանկում ներառվել են 14 անհատ և 41 կազմակերպություն, որոնք «ենթարկվել են ակտիվների սառեցման և տնտեսական ռեսուրսների տրամադրման արգելքի»։ Անհատներին նաև արգելվել է մուտք գործել Շվեյցարիա և տարանցիկ կերպով անցնել երկրով:

Նոր պատժամիջոցների ենթարկված անհատների և կազմակերպությունների թվում են ստվերային նավատորմի նավեր կառավարող ռուսական և միջազգային ընկերություններ, ռուսական հում նավթի առևտրով զբաղվող անձինք և Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի մատակարարներ, այդ թվում՝ երրորդ երկրներում գտնվող։

Ցանկում նաև ընդգրկվել է երրորդ երկրներից 105 քաղաքացիական նավ։ Բացի այդ, 26 ընկերության նկատմամբ կիրառվել են արտահանման վերահսկողության ավելի խիստ սահմանափակումներ։

Բացի այդ, դեպարտամենտն իջեցրել է ռուսական հում նավթի գնի շեմը մինչև 47.6 ԱՄՆ դոլար մեկ բարելի համար՝ համապատասխանեցնելով այն ԵՄ միջոցառումներին և ներկայիս համաշխարհային շուկայական գներին։

Ավելի վաղ ԵՄ-ն հաստատել էր Մոսկվայի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթն Ուկրաինայում նրա ծավալած ռազմական գործողությունների պատճառով։ Նոր փաթեթը թիրախավորում է, այդ թվում՝ ՌԴ նավթային և էներգետիկ արդյունաբերությունը, ֆինանսական ոլորտը։

Տեսանյութեր

Լրահոս