«Ես հիմա չեմ հիշում, անգիր չեմ հիշում իրենց տարածքը». Փաշինյանի հիշողության «կորուստը»՝ պատահականությո՞ւն, թե՞ փոխհամաձայնեցված «մանրուք»

Օգոստոսի 11-ին Հայաստանը և Ադրբեջանը հրապարակել են նախաստորագրված երկկողմ համաձայնագրի տեքստը։ 

Եվ որքան էլ այս օրերին ՀՀ իշխանությունները պնդում են, թե սրանով խաղաղություն են բերելու (ինչպես Վաշինգտոնում ստորագրված Հայաստան-Ադրբեջան-ԱՄՆ եռակողմ հռչակագիրը), ամեն դեպքում մասնագետները նախաստորագրված համաձայնագրում վտանգավոր կետեր և «ականներ» են տեսնում Հայաստանի դեմ, ինչը հիմնականում դուրս է էմոցիոնալ դաշտից և մասնագիտական գնահատականի տրամաբանության մեջ է: Դրանց վտանգավորությանը փորձենք անդրադառնալ նաև իշխանության հայտարարությունների միջոցով:

Եվ այսպես:

2024 թվականի տարեվերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարական էր ստորագրել՝ «Ադրբեջանում 2025 թվականը հայտարարված է սահմանադրության և ինքնիշխանության տարի», քանի որ 2025-ին նշելու են Ադրբեջանի սահմանադրության ընդունման 30-րդ տարին, և 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի 5-րդ տարին:

Կարդացեք նաև

Եվ, բնականաբար, այստեղ հիշատակվում է 44-օրյա պատերազմում ադրբեջանական հաղթանակի մասին, 2023 թվականի սեպտեմբերին Արցախի ամբողջական օկուպացիայի, ինչը գնահատվում է՝ սեփական տարածքային ամբողջականության վերականգնում:

«Այսօր Ադրբեջանի Հանրապետությունը, առաջնորդվելով ազգային շահերով, նոր իրողությունների պայմաններում ավելի վճռական և սկզբունքային է շարունակում իր անկախ քաղաքականությունը՝ հիմնված Սահմանադրության պահանջների և իր ինքնիշխան իրավունքների վրա, և վստահորեն շարժվում է դեպի գալիք ռազմավարական նպատակներ»,- նշվում է հրամանում:

Նույն ժամանակում՝ 2024 թվականի դեկտեմբերին, Նիկոլ Փաշինյանն «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել էր.

«1919թ. նոյեմբերին Ադրբեջանի Հանրապետությունն Անտանտին է ներկայացրել իր վարչատարածքային քարտեզը, համաձայն որի՝ Ադրբեջանի կազմում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռիի, Շիրակի մարզերի տարածքները մասամբ, ՀՀ տարածքի շուրջ 60 տոկոսը: Այսպիսով, Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

Ակնհայտ է, որ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթով պաշտոնական Բաքուն ցանկանում է առարկայացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած տարածքային պահանջները, որոնք, ինչպես վերը ցույց տվեցի, արձանագրված են Ադրբեջանի Սահմանադրության մեջ»:

Եվ չնայած սրան՝ հայկական կողմն Ադրբեջանի սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու պահանջ չի դրել: Փոխարենը՝ որքան էլ ՀՀ ղեկավարությունը, Նիկոլ Փաշինյանը ադրբեջանական կողմին վստահեցրել են, որ ՀՀ գործող սահմանադրությունը տարածքային պահանջներ չի պարունակում Ադրբեջանի նկատմամբ, միևնույն է՝ Ադրբեջանը դա դիտարկում է Խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրման գրավոր պայման, ինչի մասին NE Global-ին տված հարցազրույցում հերթական անգամ հիշեցրել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

Ավելին, վաշինգտոնյան հանդիպման համատեքստում Ալիևն ակնարկել էր, որ Հայաստանը, Նիկոլ Փաշինյանն ինքը պատրաստակամություն է հայտնել փոխել ՀՀ սահմանադրությունը:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը համաձայն և շահագրգիռ է փոխել ՀՀ սահմանադրությունը, թեև պնդում է, որ այնտեղ տարածքային պահանջներ չկան Ադրբեջանի նկատմամբ, միաժամանակ չի պահանջում, որ Ադրբեջանը վերացնի իր սահմանադրության մեջ առկա տարածքային պահանջները Հայաստանի նկատմամբ: Եվ այս անհավասար և զիջումային մոտեցումն իրականում ամրագրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված երկկողմ համաձայնագրում, այն դեպքում, երբ 2-րդ հոդվածը սահմանում է.

«...Կողմերը հաստատում են, որ միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ և հետագայում նման պահանջներ չեն առաջադրի:

Կողմերը չեն ձեռնարկի որևէ գործողություն, այդ թվում՝ այդպիսի գործողությունների պլանավորումը, նախապատրաստումը, խրախուսումը և աջակցումը, որը նպատակ ունի ամբողջությամբ կամ մասամբ տրոհել կամ խաթարել մյուս Կողմի տարածքային ամբողջականությունը կամ քաղաքական միասնությունը»:

Այսինքն՝ Ալիևը Փաշինյանին բանավոր խոստացել է, որ չի կատարելո՞ւ իր երկրի սահմանադրության ամրագրումները: Իհարկե՝ ոչ, այլ հարց է՝ դրան ինչպես կհասնի, գուցե սահմանազատման և սահմանագծման գործընթացի միջոցով, որից մինչև հիմա միայն ադրբեջանական կողմն է շահել:

Ի դեպ, համաձայնագրում ամրագրված չէ ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի ամբողջական տարածքի չափը, ինչը հաստատում է, որ այս դեպքում էլ գործ ունենք ադրբեջանական թեզի իրացման հետ՝ քանի դեռ ավարտված չէ սահմանազատման և սահմանագծման գործընթացը, ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչման մասին խոսք լինել չի կարող:

Բայց այստեղ պետք է նկատել մեկ այլ բան, որը գուցե մանրուք թվա. վաշինգտոնյան հանդիպումներից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը պատասխանում էր հայաստանյան լրատվամիջոցների գրավոր հարցերին, ասել է, որ չի հիշում Ադրբեջանի տարածքի չափը՝ «ես հիմա չեմ հիշում, անգիր չեմ հիշում իրենց տարածքը», այն դեպքում, երբ ամեն առիթի կրկնում էր, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի 86.600 քկմ տարածքային ամբողջականությունը:

Եթե այդ պահին կարելի էր սա վերագրել հոգնածությանը և շփոթությանը, ապա համաձայնագրի հրապարակումից հետո հերթական անգամ հաստատվում է այն պարզ ճշմարտությունը, որ մանրուքներ չեն լինում, կամ՝ սատանան մանրուքների մեջ է: Այսինքն, թեև գրված է, որ կողմերը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրականում այդ տարածքային ամբողջականության չափը դեռ որոշված չէ, ավելին՝ «կողմերը, մինչև իրենց փոխադարձ սահմանի սահմանազատումը և դրան հաջորդող սահմանագծումը, կիրականացնեն անվտանգության և վստահության ամրապնդման փոխհամաձայնեցված միջոցներ, այդ թվում՝ ռազմական ոլորտում՝ սահմանամերձ շրջաններում անվտանգությունն ու կայունությունն ապահովելու նպատակով»: Անվտանգության և բանակին առնչվող համաձայնագրում առկա «ականներին» առանձին կանդրադառնանք, իսկ մինչ այդ հավելենք, որ համաձայնագրում ամրագրված է՝ «Կողմերը ձեռնպահ կմնան միմյանց ներքին գործերին միջամտելուց»:

Պարտադրել, որ Հայաստանը փոխի իր Մայր օրենքը՝ Սահմանադրությունը, ի՞նչ է, եթե ոչ՝ ՀՀ ներքին գործերին միջամտություն, դեռ չենք նշում «ռևանշիստական տրամադրությունները» ոչնչացնելու պահանջի մասին, որն այլ ձևակերպումներով համաձայնագրում դարձյալ տեղ է գտել:

Հիմա եթե Ադրբեջանը չի միջամտում ՀՀ ներքին գործերին, և, ինչպես Ալիևն էր ակնարկել, թե Հայաստանն ինքն է նման պատրաստակամություն հայտնել, ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանն ինքնակամ որոշել է «հանձնվե՞լ»՝ որպես բարի կամքի դրսևորո՞ւմ…

Հ.Գ. Ի դեպ, ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակեցին Ադրբեջանում գործող կրոնական կոնֆեսիաների առաջնորդների նամակը՝ Իլհամ Ալիևին, որտեղ, մասնավորապես, կարևորվում է, որ վաշինգտոնյան փաստաթղթերը ստորագրվել և Ադրբեջանի շահից բխող պայմանավորվածությունները ձեռք են բերվել 2025 թվականին, որը հայտարարված է՝ որպես Ադրբեջանի սահմանադրության և ինքնիշխանության տարի:

Տեսանյութեր

Լրահոս